Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Վարդան Այվազյանը թյուրիմացության մեջ գցեց պատգամավորներին

Մայիս 21,2015 16:00

Հայաստանում թափոնների վերամշակման գործարան կկառուցվի.
նախատեսվում է 237 միլիոնի ներդրում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն անցած ուրբաթ օրը կայացած նիստում մերժեց Սյունիքի մարզում արտադրական թափոնների վերամշակման գործարան կառուցելու կառավարության ներկայացրած նախագիծը: «Ալյոտիգ» ՍՊԸ-ն ծրագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանը` Սյունիքի մարզում տեղակայված Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման նպատակով գործարան կառուցելու համար: Ծրագրով ենթադրվում է 237 միլիոնի ներդրում: Ծրագիրը ներկայացնողները խոստանում են նաեւ Սյունիքի մարզի բնապահպանական վիճակի բարելավում, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովում, 1000 մշտական եւ 500 ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում` երկու գործարանների կառուցմամբ` մետաղական կոնցենտրատների եւ կոմպոզիտ նյութերի: Առաջին գործարանը թափոնների շահագործման, մշակման համար է եւ կունենա տարեկան 12.5 մլն տոննա մշակելու հզորություն: Երկրորդը` կոմպոզիտ նյութերի գործարանը, հնարավոր է, որ ժամանակագրորեն ավելի վաղ կառուցվի: Դրանք ապակե թելեր են՝ հսկայական կիրառման շրջանակով, որոնք բազմաթիվ ոլորտներում են օգտագործվում: Ըստ ծրագրածի՝ գործարանը պատրաստ կլինի մեկուկես տարի հետո` մինչեւ ավարտվի մյուս գործարանի կառուցումը, որը կտեւի երեք տարի: Գործարանը լինելու է անմիջապես Արծվանիկի պոչամբարի կողքին՝ Կապան քաղաքից ոչ հեռու:

Ուշագրավ էր, սակայն ներդրումային այս ծրագիրը խորհրդարանական հանձնաժողովի հավանությանը չարժանացնելու գործում բավական մեծ ներդրում ունեցավ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Դա զարմացրեց նույնիսկ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: «Ընդե՞րք եք թալանում»,- վրդովվել էր Վարդան Այվազյանը` դիմելով հարցը ներկայացնող կառավարության ներկայացուցիչ՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին, երբ վերջինս այդպես էլ չկարողացավ պատասխանել` ռոյալթի (մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաեւ մետաղական օգտակար հանածոների վերամշակման արդյունքում ստացած արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար բյուջե վճարվող գումար) վճարվելո՞ւ է, թե՞ ոչ:

Քննարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ www.aravot.am կայքում:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Ալյոտիգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ-խորհրդատու Ահարոն Չիլինգարյանն անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած բուռն քննարկմանը՝ ասաց, որ իր վերլուծությամբ՝ ուղղակի տեխնիկական թյուրիմացություն է եղել:

«Իրականում այս նախագիծը՝ 3-րդ, 14-րդ եւ 15-րդ հոդվածների սահմանումներով, որեւէ կերպ չի կարգավորում մետաղական հանքավայրեր շահագործող եւ մետաղի խտանյութ ստացողի համար օրենքով սահմանված ռոյալթից ազատելու կամ չազատելու հարցը: Դա տեղի է ունենալու ապագայում, երբ որ այս ներդրումային ծրագրով գործարանը կառուցվի ու արդեն սկսի արտադրանք տալ: Իսկ այս փուլում եթե ինչ-որ հարկային արտոնություններ կան նախատեսված, դրանք վերաբերում են միայն այդ լցակույտը, խյուսը փոխանցելուն:

Դրան հետեւելու է դեռեւս տարիներ, մինչեւ գործարանը կառուցվի, սկսի աշխատել, արտադրանք տալ: Ընդ որում, այդ խյուսը վերցնելը եւս հիմա իմաստ չունի, ուղղակի հարկավոր է հիմիկվանից ներդրողի համար վստահություն լինի, որ հումքը կլինի, որպեսզի նա ներդրումներ կատարի Հայաստանում: Հետեւաբար տեղի է ունեցել ուղղակի թյուրիմացություն, որովհետեւ այս նախագիծը չի անդրադառնում ռոյալթիների հարցին: Ինչպես ասում են, փոթորիկ փոքրիկ բաժակում՝ սխալ մեկնաբանելու պատճառով: Թերեւս պատճառն այն է, որ բավարար ուշադիր չի վերլուծվել օրենքի դրույթը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը` իր իրավասության շրջանակներից դուրս համարելով մեկնաբանություններ հնչեցնելն այն մասին, թե ինչո՞ւ էր Վարդան Այվազյանն այդքան ջանասիրաբար քննադատում նախագիծը:

Ըստ նրա՝ նախագիծն ամբողջական տեսքի է, որեւէ բան փոխելու կարիք չկա, ուղղակի հարկավոր է դետալներն ուսումնասիրել, եւ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Հարկերից խուսափելու, գերշահույթներ ստանալու խնդիրներ, խութեր այս նախագծում չկան` վստահեցնում է մեր զրուցակիցը` հավելելով, որ առաջնայինը ներդրումային ծրագիրն է եւ թափոնների վերամշակումը: «Ապագա որեւէ գործունեության, ռոյալթիի հարց նախագծում դրված չէ, թեեւ ճիշտ կլիներ նաեւ դա դնել, քանի որ հսկայական ներդրում է գալու մեր երկիր, եւ շատ կարեւոր հարց է լուծվելու` ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ տնտեսական»,- կարծում է նա: Հարցին` ո՞րն է ներդրողի շահագրգռվածությունը, Ահարոն Չիլինգարյանը պատասխանեց, որ այս պարագայում ներդրողը ռիսկի է դիմում. «Սա բացառիկ համալիր ծրագիր է, որին ներդրողը գնացել է: Ռիսկը կարեւոր բան է այս գործում, հուսով եմ՝ ապագայում իրենք չեն զղջա, եւ եթե իրենք օգուտ կունենան, Հայաստանը բազմապատիկ օգուտներ կունենա»:

ՀՀ կառավարությունը հավելյալ երաշխիքներ էլ չի տվել: Հուշագիր է ստորագրել 2014-ի հոկտեմբերին` հայտնելով այդ ծրագրին օժանդակելու իր պատրաստակամությունը՝ հաշվի առնելով դրա նշանակությունը: Ահարոն Չիլինգարյանն այս պահին դա էլ է բավարար համարում ու կարեւոր, որ այդ հսկայական ներդրումը հոսի Հայաստան: Ծրագրով նախատեսվում է, որ 4 տեսակ մետաղական եւ առնվազն 3 տեսակ ոչ մետաղական կոնցենտրատներ պետք է ստեղծվեն: Սկզբնական շրջանում կմշակվեն Ողջիի ու Փխրուտի կոնսերվացված պոչամբարները, իսկ ապագայում, երբ Արծվանիկն էլ լցվի թափոններով, արդեն «Ալյոտիգ»-ը կսկսի ընդլայնել ծրագիրը:

Ներդրողն, ի դեպ, ռուս-ուկրաինական ընկերությունների խումբ է, որը մետալուրգիայի եւ էներգետիկայի բնագավառում չորրորդ տարին է, ինչ գործունեություն է ծավալում: Ահարոն Չիլինգարյանն ասում է, որ հայաստանյան ծրագրի համար որոշակի ներդրումներ արվել են, եւ օրենքի ընդունումից հետո անմիջապես կարվեն մյուս ներդրումները:
Նախագիծն, ի դեպ, պատգամավորներին բաժանվել էր հանձնաժողովի նիստից 30 րոպե առաջ, ինչը նույնպես Հրանտ Բագրատյանի համար քննադատության առիթ դարձավ: «Սուպեր Նյուտոնի հնարավորություններ պիտի ունենաս, որ 30 էջանոց օրենքը 30 րոպեում կարդաս ու կարծիք հայտնես»,- ասել էր Հրանտ Բագրատյանը` մի քանի մտահոգիչ հարցեր տալով` ինչո՞ւ է տրվում սեփականության իրավունքով, ինչո՞ւ ապագա գույքից գրավ չի վերցնում կառավարությունը եւ այլն: «Նախագծում որեւէ կետ չկա, որ կադաստրային արժեքի հատուցում չի լինելու, անպայման պետք է կադաստրային արժեքի փոխհատուցումով լինի հողերի ձեռք բերումը, ընդ որում՝ ներդրողը եւ «Ալյոտիգ» ընկերությունն արդեն իսկ որոշակի հողեր ձեռք են բերել, ներդրումներ արվել են, եւ օրենքով սահմանված բոլոր վճարումները պիտի անենք»,- վստահեցնում է Ահարոն Չիլինգարյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031