Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետականը» ՀՀԿ-ի բրենդը չի

Մայիս 21,2015 15:00

Արցախի հանրապետականները կհամագործակցեն նաեւ ՀՀԿ-ի հետ

Մայիսի 17-ին Լեռնային Ղարաբաղում Նախաձեռնող խմբի կողմից հայտարարություն տարածվեց նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպության (Արցախի Հանրապետական կուսակցության) ստեղծման մասին: Նախաձեռնող խմբի համանախագահողներն են` Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կոորդինատոր, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, փիլիսոփայության գիտությունների դոկտոր Կարեն Օհանջանյանը, պատմական գիտությունների թեկնածու, «Վիտա» ՀԿ նախագահ Արեւիկ Պետրոսյանը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ Արարատ Պետրոսյանը, «Առաջ Արցախ» ՀԿ նախագահ Արթուր Հայրապետյանը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. «ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաստատում են մրցակցային տեսակետները եւ դարձել են տեսանելի արդյունք մեր երկրում ժողովրդավարության զարգացման համար: Միաժամանակ վերջին խորհրդարանական ընտրությունները, քաղաքական կազմակերպությունների նախընտրական ծրագրերը ցույց տվեցին, որ քաղաքական կազմակերպությունները չունեն կամք եւ հնարավորություն՝ ադեկվատ գնահատելու մեր հանրապետության սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վիճակը եւ կոնկրետ մեխանիզմներ մշակելու մեր երկիրը զարգացման նոր, բարձր մակարդակ դուրս բերելու ուղղությամբ: Բացի այդ, խորհրդարան անցած քաղաքական կազմակերպություններից ոչ մեկը ի վիճակի չէ ժողովրդին համախմբել՝ լուծելու արդի պահանջներից բխող խնդիրները եւ երկիրը հանելու միջազգային հարաբերությունների հարթակ, որը հետագայում կբերի երկրի ճանաչման եւ մեր երկրի անվտանգության կայուն մակարդակի ստեղծման»:

«Առավոտ»-ը «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կոորդինատոր Կարեն Օհանջանյանին հարցրեց, թե ինչո՞ւ որոշեցին կուսակցություն ստեղծել խորհրդարանական ընտրություններից հետո: Պարզվեց՝ նախաձեռնող խմբի անդամների մեծամասնությունը մտադիր է եղել քաղաքական կազմակերպություն ստեղծել խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ նշեց մեր զրուցակիցը: «Բայց ակնհայտ էր, որ ոչ կազմակերպչական, ոչ ռեսուրսներով, նկատի ունեմ` մարդկային ռեսուրսները, մենք չէինք կարողանա կարճ ժամկետներում կայանալ որպես վստահություն վայելող քաղաքական ուժ, որը կկարողանար փոխել քաղաքական առկա դասավորությունը երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ: Այդ պատճառով կոնսենսուսային որոշում կայացրեցինք՝ հետաձգել կուսակցության ստեղծումը խորհրդարանական ընտրություններից հետո, առավել եւս, որ ամբողջ աշխարհում բոլոր ընտրություններից հետո են տեղի ունենում քաղաքական վերադասավորումներ: Սա միանգամայն ժողովրդավարական գործընթաց է, եւ դա բացարձակապես կապ չունի որեւէ այլ հանգամանքի հետ, քան քաղաքականապես ակտիվ մարդկանց, որոնց թվում նաեւ` քաղաքական ուժերի եւ ՀԿ-ի ղեկավարների, Ազգային ժողովի նախկին պատգամավորների ցանկությունը` ստեղծել նոր քաղաքական կազմակերպություն»:

Թե ինչու անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նոր կուսակցություն` նոր գաղափարախոսությամբ, այս առիթով Օհանջանյանը նկատեց. «Չնայած վերջին տարիներին մեզ մոտ պետական ինստիտուտների գործունեության որոշակի դրական փոփոխություններին՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօրվա դրությամբ մեր ժողովուրդը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների է բախվում, որոնք առաջացնում են անվստահություն այսօրվա եւ վաղվա օրվա նկատմամբ: Սոցիալ-տնտեսական խնդիրների առկայությունը, գործնականում ազատությունների, մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը, ԼՂՀ պետական կառույցների մասնակցության մակարդակի նվազումը տարածաշրջանային եւ միջազգային քաղաքական գործընթացներում, մասնավորապես՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում, ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության համակարգի շեշտակի թուլացումը, դեմոկրատական ինստիտուտների թերի զարգացվածությունը, ինչպես նաեւ քաղաքացիական ինստիտուտների կողմից վերահսկողության անհրաժեշտությունը գործադիր իշխանության գործունեության նկատմամբ եւ որոշումների կայացման հարցում մեզ դրդեցին նոր քաղաքական ուժ ստեղծելու գաղափարին, որը ապագայում պետք է ադեկվատ կերպով գնահատի ներքին եւ արտաքին մարտահրավերները, եւ որը պետք է մեր ժողովրդի նախանշած արժեքները ներդաշնակեցնի իրականության հետ եւ հասարակության հետ ստեղծի ազատ պետություն` ճանաչված միջազգային հանրության կողմից»:

Իսկ Արցախի Հանրապետական կուսակցությունը ինչո՞վ է տարբերվելու մյուս կուսակցություններից, որոնց գործունեությունը Կ. Օհանջանյանը հաճախ քննադատել ու շարունակում է քննադատել՝ հարցրինք նրան: «Առաջին հերթին Արցախի Հանրապետական կուսակցությունը քաղաքականապես կողմնակալ չէ: Այն ստեղծվում է ներքեւից` ի տարբերություն ներկայում գործող մեծամասնության` վերեւից ստեղծվող կուսակցությունների: Մեր կուսակցությունը ազատ է օլիգարխիկ ազդեցություններից, այն ԼՂՀ-ի հասարակ քաղաքացիների կուսակցություն է, ոչ թե քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմնակալների խումբ: Մենք կփորձենք ապագայում պահպանել այդ դեմքը: Բացի այդ, ի տարբերություն այլ կուսակցությունների՝ մենք աշխատում ենք կուսակցության ծրագրի վրա, որում, բացի ազդարարված նպատակներից, պետք է նախանշվեն երկիրը ծանր ճգնաժամից հանելու մեխանիզմները, ինչպես նաեւ պետական մեքենայի ստեղծումը` մեր պետության համահունչ զարգացման նպատակով, որի համար անկյունաքարային պետք է լինի մարդը եւ նրա արժանապատիվ կյանքը մեր ազատ հողում»:

Կիրակի օրը տարածած հայտարարության մեջ նախաձեռնող խմբի անդամները նշել էին, թե ԼՂՀ խորհրդարան անցած քաղաքական կազմակերպություններից ոչ մեկը ի վիճակի չէ ժողովրդին համախմբել, լուծել նրանց պահանջները: Կ. Օհանջանյանին հարցրեցինք, թե նոր կուսակցությունն ինչպե՞ս է դա պատրաստվում իրականացնել: «Արդեն ասացի, որ մեր ծրագրում, բացի դեկլարատիվ նպատակներից, պետք է ներառվեն մեր հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու համար գործուն մեխանիզմների ստեղծման մեխանիզմները: Հիմա ծրագրի վրա աշխատում են մի խումբ փորձագետներ տարբեր ոլորտներից, որոնց առաջարկները պետք է ստանան փորձագիտական գնահատականներ ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ արտերկրի մասնագետների կողմից: Դրանից հետո մենք կկազմակերպենք լայն հրապարակային քննարկում մեր ծրագրի նախագծի վերաբերյալ, եւ դրանից հետո ծրագիրը կդրվի կուսակցության համագումարի հաստատմանը: Մեր կուսակցությունը կհամագործակցի բոլոր քաղաքական կազմակերպությունների հետ` երկիրը ծանր ճգնաժամից հանելու ուղղությամբ ջանքերը մոբիլիզացնելու նպատակով, մեր երկրի զարգացման եւ բարգավաճման համար»:
«Առավոտ»-ի հարցին` ինչո՞ւ ընտրվեց «Հանրապետական» անվանումը, չե՞ք վախենում, որ կուսակցությունը կասոցացվի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, եւ հնարավո՞ր է հայաստանյան ուժերի հետ համագործակցություն, Կ. Օհանջանյանը նկատեց. «Շատերին է այդ հարցը հետաքրքրում: Նախ ասեմ, որ մենք որեւէ կապ չունենք Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, եւ «Հանրապետական» անվանումը Հայաստանի Հանրապետական կուսակցության բրենդը չի, այլ քաղաքական գաղափարախոսության հասկացություն է, որի հիմքը ժողովրդավարական եւ համամարդկային արժեքներն են: Ինչ վերաբերում է մեր հետագա փոխհարաբերություններին հայաստանյան քաղաքական կազմակերպությունների հետ, ապա մենք, նախեւառաջ, կհամագործակցենք այն քաղաքական ուժերի հետ, որոնք մոտ են մեզ իրենց ծրագրային մոտեցումներով: Մենք կհամագործակցենք նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Մենք ԼՂ-ում փորձելու ենք լուծել խնդիրներ, որոնք համահայկական են, այդ իսկ պատճառով մենք պետք է խթանենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշը դառնա»:

Ի՞նչ ծրագրեր ունի Արցախի Հանրապետական կուսակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների առումով, ինչպես նաեւ ԼՂ-ի միջազգային ճանաչման հարցում, հասարակական սեկտորի հետ այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն, ի՞նչ պատկերացումներ ունեն նորաստեղծ կուսակցությունում: «Կուսակցությունը դեռ ձեւավորման փուլում է, բայց մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Ակնհայտ է, որ ԼՂՀ ապագան պետք է որոշի ԼՂՀ ժողովուրդը, եւ ԼՂՀ ներկայացուցիչները պետք է անպայման ներկայացված լինեն ցանկացած ձեւաչափում, որտեղ զբաղվում են հակամարտության կարգավորմամբ: Բայց, նախեւառաջ, մենք պետք է ստեղծենք ժողովրդավարական եւ բարգավաճող պետություն, որի չճանաչումը միջազգային հանրության կողմից, Բոնապարտի խոսքերով ասած` կնշանակեր չտեսնել արեւը` պայծառ, արեւոտ օրը»,- հայտարարեց Կարեն Օհանջանյանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031