Լրահոս
Օրվա լրահոսը

Ժանգոտած ու մաշված տնակում ոչ այն է՝ կուշտ, ոչ այն է՝ քաղցած են ապրում

Մայիս 21,2015 14:30

Կարո՞ղ է արդյոք 4 հոգանոց ընտանիքն ապրել 35 հազար դրամ նպաստով. կարող է, եթե մի օր ոչ մեծ բաժիններով մակարոնով փլավը հացի հետ ուտի, հաջորդ օրն էլ՝ բրնձով փլավ, կիսաքաղցր թեյ ու ցամաք հաց, իսկ եթե էն մյուս օրն էլ միայն ցամաք հաց ուտի, կիսակուշտ մնա, մի ամբողջ ամիս նպաստը կբավարարի:

Ավդալյանների ընտանիքը տարիներ շարունակ գոյատեւում է հենց այսպիսի սննդակարգով. 3 անչափահաս երեխաները ոչ միշտ են կուշտ փորով քնում: Ընտանիքի մայրը՝ Ալինա Ավդալյանը, ասում է՝ հենց նպաստը ստանում է, նույն օրը փոստում 7000 դրամ վճարում է կոմունալ վարձերը՝ էլեկտրաէներգիա, ջուր, 1500 դրամով էլ գազի բալոնն է լիցքավորում, հետո գնում խանութ այդ ամսվա համար մակարոնեղեն, բրինձ, ձավար առնելու: «Բա պանիր, միս, թթվասեր, կաթնաշոռ, ձու ու նման անհրաժեշտ բաներ՝ երեխաների առողջ մեծանալու համար»,- հարցրեցի տիկին Ալինային: «Վայ, ի՞նչ եք, ասում, ի՞նչ միս, ի՞նչ միրգ, էրեխեքս միրգ վերջին անգամ Նոր տարուն են կերել, էն էլ հարեւանս էր ամեն մրգից մի հատ բերել, 3 մասի եմ բաժանել, տվել եմ՝ կերել են»,- ասում է տիկին Ալինան՝ շիկնելով ամոթից, որ չի կարողանում երեխաներին գոնե ամիսը մեկ անգամ համեղ ուտելիքներ գնել: Քաղցրավենիքն այս ընտանիքի համար թանկարժեք հաճույք է:

Արարատի մարզի Այնթափ գյուղի վերջնամասում, կարելի է ասել՝ գյուղից կտրված մի տարածքում մետաղյա, արդեն ժանգոտած, տանիքը մաշված ու ծակված «դոմիկ» է դրված. սա Ավդալյանների կացարանն է: Այստեղ ձմեռը շատ ցուրտ է, ոչ մի կերպ չի տաքանում, իսկ ամռանը՝ անտանելի շոգ ու տոթ. մետաղյա տնակն այնպես է շիկանում, որ ներսում մայրն ու անչափահաս երեխաները, իրենց նկարագրմամբ՝ կարծես կրակի մեջ են հայտնվում:

4-1

Ալինան ասում է՝ հիմա որ եղանակը տաքացել է, ջուրը դրսում՝ արեւի տակ են դնում, տաքանում է, որ լողանան. այսպես էլեկտրաէներգիայի ծախսը տնտեսում են, բայց եթե անձրեւ է գալիս՝ տանիքից ու պատուհաններից անձրեւաջրերը ներս են լցվում, տան եղած մի քանի թասն էլ բավական չեն ջրերը հավաքելու համար:

Տիկին Ալինան շատ է ուզում աշխատել, ասում է՝ չի ուզում նպաստի հույսին մնալ: Գյուղում միայն մի խանութ է հավաքարարի կարիք ունեցել, այս խանութում հավաքարարություն է արել, բայց շատ կարճ ժամանակ. «Տեսողությունս շատ վատ է, շատ: Լավ չէի կարողանում մաքրություն անել, մի տեղը մաքրում էի, մի տեղը կեղտոտ էր մնում, չէի էլ նկատում: Էնքան խոսեցին, ասացին՝ էսքան տեղը լավ չես մաքրել, բա էս աղբը չե՞ս տեսել, ես էլ չդիմացա, ամաչեցի, թողեցի՝ դուրս եկա: Ակնոցն էլ չի օգնում, պոլիկլինիկայում ասել են՝ պիտի վիրահատություն արվի, ուրիշ ելք չկա: Էնքան տեղ եմ դիմել գործի համար, չկա, գործ չկա»:

Մորը օգնելու, ձեռք մեկնելու համար Ալինայի ավագ որդին՝ 16-ամյա Կարենն էլ է փորձել աշխատանք գտնել. էլի դիմել է գյուղի խանութպանին, բայց մերժվել է: «Հո ես խելքս հացի հետ չե՞մ կերել՝ քեզ գործի ընդունեմ, մենակ «գռուզչիկի» գործ կա, էն էլ հո չե՞մ թողնի քո պես նիհար, պստիկ էրեխեն էդ ծանր «մեշոկները» տանի-բերի: Հենց թեթեւ գործի տեղ եղավ՝ իմաց կտամ»,- պատասխանել է գործատուն: Կարենը սպասում է, որ մի թեթեւ գործ, այնուամենայնիվ, կգտնվի, համենայնդեպս՝ հույսը չի կտրում:

16-ամյա այս պատանին սիրում է ավտոմեքենաների նորոգման գործը. ասում է՝ լավ էլ գլուխ է հանում, հենց հարեւանի մեքենան «խարաբ է լինում», Կարենի օգնությանն են դիմում, բզբզում, բզբզում է ու մեքենան սարքի է բերում: «Ուզում էի ավտոյի էլեկտրիկություն սովորեի, կողքի գյուղում մի հատ վարպետ կա, գնացի մոտը, էն էլ չվերցրեց: Հետո իմացա, որ ամիսը 100 հազար դրամով ա սովորացնում: Էլեկտրիկությունը որ սովորեմ, լավ կլինի, գործ կճարեմ»,- ասում է Կարենը:

Մեր զրույցին միանում է ընտանիքի մեկ այլ անչափահաս՝ 10-ամյա Անժելան, խոսում է դպրոցի դասերից, դասընկերներից, բայց դե որ մեծանա, ինչ մասնագիտություն է ընտրելու, ինչ երազանք ունի՝ ոչինչ չի ասում: Մայրն է միջամտում՝ «Էս դոմիկում ի՞նչ պիտի երազի էրեխեն, կիսակուշտ փորով էրեխեն ի՞նչ պիտի երազի»: Ընտանիքի ամենափոքրն ու ամենաաշխույժը՝ 6-ամյա Սամվելն ասում է՝ «Ես որ մեծանամ, միլիցիա եմ դառնալու: Էհ, չէ, հարուստ եմ դառնալու՝ սաղին պահեմ»:

Ավդալյանների տնակն ու հողատարածքը նրանց տարիներ առաջ նվիրել են բարերարները, հիմա տնակում այլեւս հնարավոր չէ ապրել. տիկին Ալինան օգնության համար դիմել է Արարատի մարզպետարան, որպեսզի այդ հողատարածքում քարից մեկ սենյականոց բնակարան կառուցեն, օգնեն շինանյութով: Մարզպետարանից պատասխանել են՝ «Ֆոնդում գումար չկա»: Մի անգամ գյուղապետն է օգնել 20 հազար դրամով, այն էլ խանութներին կուտակած պարտքի մի մասն էլ չի փակել: «Ահավոր շատ պարտքեր ունեմ, նիսյայով ուտելիք եմ վերցրել, տենց կուտակվել ա: Երեկ գնացի որ նիսյայով հաց վերցնեմ, չտվեցին, ասացին՝ չես կարում պարտքդ փակես, էլ չենք կարա պարտքով տանք: Էսօր առանց հացի ջրիկ սուպ են կերել էրեխեքը»: Ավդալյանների համար խանութներին կուտակած 140 հազար դրամը 140 միլիոն է թվում. տիկին Ալինան ասում է. «Որ հնար չունես գոնե ամիսը 2-5 հազար դրամով պարտքդ պակասացնես, աչքիդ միլիոն ա երեւում: Էդ խանութների մոտ էլ ամոթով մնացի: Լավ ա գոնե էրեխեքի շորերը դասարանցիների ծնողներն են մեկ-մեկ տալիս, թե չէ՝ չգիտեմ, թե ինչ պիտի անեի»: Երեխաների հագուստն էլ արդեն լավ մաշված էր, ծակծկված, բայց ինչպես տիկին Ալինան է նկատում՝ «չեղածից էլ լավ է»:

Ավդալյանների միակ հարստությունը նվեր ստացած հողակտորն է. տիկին Ալինան ուզում է հողը մշակի՝ պղպեղի, լոլիկի, վարունգի, սմբուկի ու լոբու տնկիներ գնի, որ գոնե ամռանը այդ բարիքներից օգտվեն, բայց հաշվարկում է, թե որքան կարժենա իրենց աղքատիկ բյուջեից այդ տնկիները, էլի չի բավականացնում. «Սպասում եմ մյուս ամիս նպաստը ստանամ, ուտելիք առնեմ, տեսնեմ՝ տակն ինչ կմնա, մի քանի սածիլ առնեմ, տղես կօգնի՝ կտնկենք, բայց ամեն մի սածիլը 70-100 դրամ ա: Արդեն գժվում եմ կոպեկները հաշվելուց ու ծայրը ծայրին էլ չհասցնելուց»:

Ալինայի ամուսինը տարիներ առաջ լքել է ընտանիքը, մինչ օրս նրանից ոչ լուր կա, ոչ էլ օգնություն: Ամուսնու մայրն է հաճախ զանգում՝ թոռներից հետաքրքրվում, բայց նա էլ չի կարողանում գումարով օգնել:

«Շիվարել եմ, ոնց մտածում եմ՝ ելք չեմ տեսնում: Անճարությունից խելագարվում եմ, էրեխեքիս դարդն եմ, սենց աղքատ կյանք ոչ մեկին չեմ ցանկանում»,- ասում է տիկին Ալինան:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031