1919-1921-ին Թուրքիայի դատարանը հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով հարուցված 63 գործերով կայացրել է մահապատժի 20 դատավճիռ, որոնցից ի կատար է ածվել 3-ը: 1945-46թթ. Նյուրնբերգի դատավարությամբ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով պատժվել են նացիստական մի շարք գործիչներ ու դահիճներ: Խորհրդային բռնազավթման տարիներին (1920-ի նոյեմբերի 29-ից մինչեւ 1991-ի սեպտեմբերի 21-ը) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթներով սպանությունների եւ հալածանքների համար ոչ մի մարդ չի դատապարտվել:
1994-ին ընդունվել է «Օրենք բռնադատվածների մասին», որով «բռնադատված համարվում է ՀՀ-ում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային ժամանակաշրջանում (սկսած 1920-ի նոյեմբերի 29-ից) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթներով դատապարտվել է, սպանվել, աքսորվել, ենթարկվել բժշկական հարկադրական միջոցների»: Բռնադատվածների մի մասը հետագայում արդարացվել է: Նացիստների կողմից սպանված հրեաները, այլախոհները, դիմադրության եւ ազատագրական շարժումների մասնակիցները պարգեւատրվել են նացիզմի դեմ պայքարելու համար, իսկ նացիստներին մինչեւ հիմա որտեղ բռնում՝ դատում են:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկ գծի վրա դրեց Հայոց ցեղասպանությունը, նացիզմի եւ ստալինիզմի ոճրագործությունները: Երբ խորհրդային բռնազավթման տարիներին մարդկանց եւ ժողովուրդների նկատմամբ կատարված հանցագործությունները զուգահեռում ենք նացիստների հանցագործություների հետ, տեսնում ենք, որ նացիստներին կոնկրետ մեղադրանքներ են ներկայացվել, դատավարություններ անցկացվել, իրավական գնահատականներ տրվել եւ սահմանվել համարժեք պատժաչափեր: Սակայն Չարենցի, Բակունցի եւ հարյուր հազարավոր հայերի սպանության, տեղահանման, հալածանքների մեջ ոչ ոք չի մեղադրվել ու դատապարտվել (չհաշված պալատական հեղաշրջման զոհ գնացած Բերիային եւ նրա մի խումբ համախոհներին):
1978թ., պատերազմի ավարտից 23 տարի անց խորհրդային դատարանը դատապարտեց նախկին զինծառայող, դատական կատարածու Անտոնինա Մակարովային, որը 1941-43թթ. ի կատար էր ածել գերմանամետ Լոկոտական Հանրապետության դատարանի կայացրած մահապատժի դատավճիռները եւ գնդակահարել 1.500 կոմունիստ դիվերսանտների ու նրանց աջակիցների։ Խորհրդային դատարանը հաշվի չառավ, որ Մակարովան հրաման էր կատարել եւ նրան մեղավոր ճանաչեց 1.500 մարդ սպանելու մեջ ու դատապարտեց մահապատժի:
Ի տարբերություն խորհրդային դատարանի, ՀՀ դատախազությունը 1992թ. մարտի 30-ին արդարացրել է Գարեգին Նժդեհին: Այդպիսով՝ ՀՀ դատախազությունը պարտակել է Նժդեհին ապօրինի ձերբակալելու, բանտերում անօրինական պահելով սպանելու սոսկալի հանցագործությունն իրականացնողներին: 1921-ի փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը Երեւանի բանտում կացնով սպանել են ՀՀ 21 քաղաքացիների՝ մտավորականների, սպաների, քաղաքական գործիչների: Այդ զանգվածային սպանության գործը եւս դեռ դատարան չի մտել:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ 2006-ի որոշմամբ՝ հունիսի 14-ը նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր: Խորհրդային բռնազավթումից ազատագրված ժողովուրդները հունիսի 14-ը նշում են որպես կոմունիզմի զոհերի հիշատակի օր: Սակայն Նժդեհի «հետեւորդները», Չարենցի «սիրահարները», մարդասիրության եւ մարդկության դեմ հանցագործությունները կանխելու մասին մեծ-մեծ խոսողները հունիսի 14-ին ծաղիկ չեն դնում Բռնադատվածների հուշարձանի մոտ՝ այդպիսով անուղղակի արդարացնելով անաստվածների կատարած ոճրագործությունները:
Երիտթուրքական-խորհրդային-նացիստական ոճրագործությունները պարտակելը կամ ժխտելը հանցագործություն է: Արամ Ա կաթողիկոսն ասում է. «Ցեղասպանության մասին լռելը հավասարազոր է նոր ցեղասպանության»: Նույն կերպ պետք է ասել. «Կոմունիզմի զոհերի մասին լռելը հավասարազոր է կոմունիզմի վերադարձի՝ նոր սպանդներով հանդերձ»: Խորհրդային բռնազավթման տարիներին զավթիչների եւ նրանց դրածոների կատարած հանցագործություններին իրավական գնահատական չտալու, դահիճներին ու կազմակերպիչներին չպատժելու հետեւանքով այսօր կան նոր քաղհալածյալներ: Անցյալի հանցագործությունը չդատապարտելն է պատճառը, որ այսօր կրկին հալածվում են քաղաքականն ու զինվորականը: Եթե ուզում ենք, որ վաղը եւս չլինի քաղբանտարկյալ Շանթ Հարությունյան, ապա նախ՝ պետք է բացվեն ԿԳԲ-ի արխիվները, երկրորդ՝ պետք է Նժդեհի, Չարենցի, Բակունցի եւ հարյուր հազարների սպանության՝ մարդկության դեմ հանցագործության մեջ մեղավորները դատապարտվեն:
ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
Պահպանողական կուսակցության գործադիր քարտուղար
«Առավոտ» օրաթերթ
20.05.2015