Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ բան չի բավարարի, դիմեք դատարան»

Մայիս 21,2015 13:00

Forpostart production ընկերության հիմնադիր Զառա Մխեյանը՝ գողականների,
Ալեգրովայի տեղափոխված, Լեսփի ու Լեոնտեւի գալիք համերգների մասին:

Մայիսի 23-ին Մարզահամերգային համալիրում կկայանա Իրինա Ալեգրովայի համերգը, որը դեռ մարտի 6-ին էր նախատեսված: Համերգի կազմակերպիչ, Forpostart production ընկերության հիմնադիր եւ պրոդյուսեր Զառա Մխեյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում հավաստիացնում է՝ լուսաձայնային էֆեկտներով աննախադեպ գալահամերգն անպայման կայանալու է, չնայած բամբասանքներին ու «սեւ» տեղեկատվությանը, սպասվում են նաեւ անակնկալները:

Զառա Մխեյանը տարօրինակ է համարում, որ այդքան մեծ աղմուկ է բարձրացրել երգչուհու առողջական խնդիրների պատճառով համերգի հետաձգվելու շուրջ, ասում է՝ համերգների հետաձգումներ կամ տեղափոխումներ պատահում են ոչ միայն համաշխարհային, այլեւ ռուսական շոու-բիզնեսի աստղերի դեպքում: Ինչ վերաբերում է Ալեգրովայի համերգի տեղափոխմանը, դա մեր զրուցակցի խոսքով՝ ֆորսմաժորային իրավիճակի պատճառով էր: Զառա Մխեյանը քմծիծաղով է հիշում միջադեպի տակ ինչ-ինչ ենթատեքստեր տեսնելը, օրինակ այն, որ երգչուհու «փողը չէին տվել», դրա համար համերգը չկայացավ, կամ որ Երեւանում քրեական հեղինակություններ էին զոհվել, ու «գողականներ» էին զանգել ու պահանջել, որ այդ օրերին համերգ եւ ուրախ միջոցառումներ չլինեն: Չնայած ինչ-ինչ պարզաբանումներ արդեն հնչել էին ասուլիսում, Իրինա Ալեգրովան էլ տեսաուղերձով էր դիմել իր ունկնդիրներին, այնուամենայնիվ, Զառա Մխեյանը հավելեց. «Յուրաքանչյուր մարդ կարող է այցելել ցանկացած երգչի, այդ թվում՝ Իրինա Ալեքսանդրովնայի պաշտոնական կայք եւ այնտեղ տեսնել հյուրախաղերի գրաֆիկը, որը մեկ տարի առաջ է ձեւավորվում: Այնպես որ, որեւէ գողական մեզ չի զանգել, մենք ոչ մի գողականից եւ ոչ մի պետական կառույցից կախում չունենք, Իրինա Ալեգրովան նույնպես: Մեզ համար առաջնահերթը ժողովուրդն է, թե չէ՝ որեւէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ նման մակարդակի արտիստի վրա: Ընդ որում, երբ արտիստի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվում, մեկ տարի առաջ է պլանավորվում իր գրաֆիկը, վեց ամիս առաջ վճարվում է նրա գումարի 50 տոկոսը, համերգից մեկ ամիս առաջ էլ՝ մյուս 50 տոկոսը, իսկ եթե չի վճարվում այդ 50 տոկոսը, գրաֆիկից հանվում է այդ համերգը»:
Զառա Մխեյանը հավաստիացնում է՝ ավելի քան 20 տարի զբաղվում են համերգային գործունեությամբ, երբեք տապալում չեն ունեցել, իր ձեւակերպմամբ, առաջին էշելոնի արտիստներն ու խմբերը հենց իրենց միջոցով են Հայաստան այցելել՝ Ալա Պուգաչովա, «Տատու», Ստաս Միխայլով…

Նա նեղսրտած է իրենց հասցեին սոցցանցերում տարածված եւ նամակներով ուղարկվող հայհոյախառն արտահայտություններից, ուզում է, որ հայերը միմյանց նկատմամբ ավելի կամեցող ու հանդուրժող լինեն՝ նաեւ կոչ է անում. «Սա Իրինա Ալեգրովայի վերջին համերգն է, եթե սիրում եք այդ արտիստին, վերջին հնարավորությունը ձեռքից բաց մի թողեք, եկեք ու լցրեք ձեր օրը, պարզապես հաճույք ստացեք, իսկ եթե չեք գալու համերգին, տոմսը նվիրեք ձեր սիրելի մարդկանց ու մտերիմներին»: Ապրիլի 24-ին կայանալիք Իլյա Ավերբուխի «Օդնոկլասնիկի-2015. Սառցե շրջան» շոուի՝ մյուս տարի տեղափոխվելը, ըստ Forpostart production-ի հիմնադրի, իրենց ընկերության հետ կապ չունի. «Ավերբուխի մենեջմենթն է հանել համերգը, ֆորսմաժորային իրավիճակ էր, այդ ամենի մասին տեղեկացված է իրենց պաշտոնական iceshow.ru կայքում: Դա համատեղ նախագիծ էր: Ընդհանրապես մենք տարատեսակ նախագծեր ենք իրականացնում՝ որոշ արտիստների հետ՝ հոնորարով, որոշ դեպքերում համատեղ նախագծեր են, կան նաեւ դրամարկղային նախագծեր»:

Հետաքրքրվեցինք՝ քանի որ իրենց ընկերությունն ակամայից հայտնվել է տհաճ խոսակցությունների ու աժիոտաժի առանցքում, հնարավո՞ր է այլեւս Հայաստանում նախագծեր չիրականացնեն: «Իհարկե, ցավ եմ ապրում այդ ամենի համար, բայց մյուս կողմից էլ՝ եւ Եվրոպայում, եւ Մոսկվայում աշխատելով հանդերձ, չենք կարող Հայաստանն աչքաթող անել: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը: Եվ հետո, եթե չցանկանայինք նախագծեր անել Հայաստանում, չէինք հրավիրի Սոսո Պավլիաշվիլիին, որի համերգից դահլիճը մեծ բավականություն ստացավ: Ի դեպ, աշնանը Հայաստան ենք հրավիրել Վալերի Լեոնտեւին եւ Գրիգորի Լեփսին: Մենք ցանկացած համերգ պլանավորելուց առաջ սոցհարցումներ ենք անցկացնում, ուզում էինք Ստաս Միխայլովին հրավիրել, բայց նա երկու անգամ արդեն եղել էր Երեւանում, իսկ Լեփսը սոցհարցման արդյունքներով մեզ մոտ առաջին հորիզոնականը զբաղեցրեց: Լեփսի համերգը հոկտեմբերին է կայանալու, մի քանի օրից հստակ ամսաթիվը հայտնի կլինի»,- հայտնեց պրոդյուսերը:
Զառա Մխեյանն առաջին անգամ գոհ է Մարզահամերգային համալիրի տնօրինությունից, ասում է՝ ներկայիս ղեկավար Վազգեն Ասատրյանը մեծ պրոֆեսիոնալ է, ինչ վերաբերում է նախկին տերերին, նրա խոսքով. «Բամոյի» հետ աշխատելը խայտառակություն էր, մինչ օրս մեզ պարտք են 26 մլն դրամ, ճիշտ է, մենք դատը շահեցինք, բայց իրենք սնանկ ճանաչվեցին»:

Իրենց հետ աշխատած երաժիշտների քմահաճություններին էլ անդրադարձ եղավ: Պարզվեց՝ ամենաքմահաճը «Վիագրա» խումբն է եղել, ներկայացրել են անհավանական պահանջներ, որոնք Forpostart production-ը անհեթեթ է համարել ու չի բավարարել: Տիկին Մխեյանը նաեւ զարմանում է, որ Կովկասյան երկրներ ժամանելիս՝ որոշ արտիստներ փոխանակ կովկասյան էկոլոգիապես մաքուր խոհանոցից օգտվեն, ցանկություն են հայտնում ուտել սուշի եւ ծովային դելիկատեսներ:

Զրույցի վերջում Զառա Մխեյանը շեշտեց, որ այլեւս դրամարկղերից տոմսերի արժեքը չպահանջեն, քանի որ պատասխանատուն ոչ թե դրամարկղի աշխատակիցներն են, այլ իրենց ընկերությունը, որը աշխատում է օրենքի դաշտում: Ու եթե որեւէ մեկին ինչ-որ բան չի բավարարի, կարող են դիմել դատարան:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031