Մայիսի 8-ից 11-ը Ստեփանակերտում անցկացվեց արագ շախմատի կանանց միջազգային մրցաշար: Մասնակցեցին 10 շախմատիստուհիներ. Հայաստանի ազգային հավաքականի անդամները, Տաթեւ Աբրահամյանը՝ ԱՄՆ-ից, Կարինա Համբարձումովան՝ ՌԴ-ից, Արիանե Կաոլին՝ Ավստրալիայից ու Եվգենյա Դոլուխանովան՝ Ուկրաինայից:
Մրցաշարն ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանի հաղթանակով եւ մասնակիցներն արդեն մեկնել են իրենց երկրներ:
«Առավոտը» զրուցել է Եվգենյա Դոլուխանովայի հետ, որը 2011-2013 թվականներին անդամագրված էր Հայաստանի շախմատի ֆեդերացիային, իսկ դրանից հետո կրկին հանդես է գալիս Ուկրաինայի դրոշի ներքո:
– Եվգենյա: Երկու տարի Հայաստանում չէիր եղել: Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիր «Ստեփանակերտ 2015» միջազգային մրցաշարին:
– Մասնակցության հրավեր ստացա նոյեմբեր-դեկտեմբերին: Դրա պատմությունը շատ հետաքրքիր է: Մի երեկո ընկերուհուս հետ ինչ-որ ֆիլմ էինք քննարկում ու չգիտես ինչու ասացի, որ ուզում եմ Հայաստանում մի որեւէ մրցաշարի մասնակցել: Դա կատակ էր, քանի որ ես Հայաստանում միշտ շատ վատ եմ հանդես եկել: Միտքս այն էր, որ պետք է մեկ անգամ էլ փորձել: Ընկերուհիս էլ կեսկատակ պատասխանեց, թե զգույշ եղիր ցանկություններումդ, այլապես կիրականանա: Մի լավ ծիծաղեցինք, քանի որ այդ ժամանակ Հայաստանի հորիզոնում ոչ մի մրցաշար, որին կարող էին ինձ հրավիրել, չէր երեւում: Եվ ահա հաջորդ օրը բացում եմ էլեկտրոնային փոստս եւ տեսնում հրավերը: Ցնցված էի ու իհարկե, առանց երկմտելու համաձայնեցի:
Կարդացեք նաև
– «Ավանդապահ» աղջիկ ես երեւում. Ստեփանակերտում էլ 10 մասնակիցների մեջ 4,0 միավորով զբաղեցրիր 8-րդ տեղը:
– Ճիշտ նկատեցիք: Հայաստանում խաղացի ինչպես միշտ: Ինչպես ասացիք, ավանդույթը չխախտեցի:
– Առաջին անգա՞մ էիր լինում Արցախում:
– Ծնողներս ասում են, որ Ղարաբաղում եղել եմ երեք տարեկանում: Բայց ես դա չեմ հիշում: Այնպես որ, կարելի է ասել՝ սա իմ առաջին այցելությունն էր Արցախ:
– Մասնակցությանդ մասին արդեն ինչ-որ առումով ասացիր: Արցախն ի՞նչ տպավորություն թողեց:
– Ցավոք, ազատ ժամանակը շատ քիչ էր: Եղա միայն Գանձասարում: Բայց այնտեղ էլ բախտս չբերեց: Անձրեւ էր ու շատ խիտ մառախուղ: Ոչինչ գրեթե չէր երեւում: Բայց հուսով եմ, որ ապագայում կրկին գալու հնարավորություն կունենամ:
– Բավականին երկար ժամանակ ընկերուհիներիդ չէի՞ր տեսել:
– Այո: Եվ դրա համար շատ ուրախ եմ: Հատկապես Տաթեւիկ Աբրահամյանին ու Լիլիթ Մկրտչյանին հանդիպելու համար: Տաթեւիկն ԱՄՆ-ում է ապրում, Լիլիթը՝ Եվրոպայում ու հազվադեպ ենք հանդիպում: Չնայած Լիլիթը շատ հեռու չէ, նրան էլ մի քանի տարի չէի տեսել: Ուրախ եմ, որ Երեւանում տեսա քույրիկիս, ընկերուհիներիս: Զբոսնեցինք կենտրոնում: Ափսոս, մի քանի ժամ ունեի ընդամենը:
– Տեղյա՞կ ես, որ Ադրբեջանը «սեւ ցուցակ» է կազմել ու այնտեղ գրանցում է բոլոր նրանց, ովքեր թեկուզ մեկ անգամ ոտք են դնում ԼՂՀ:
– Այդ մասին իմացա Արցախում: Աղջիկներից մեկն ասաց: Բայց առանձնապես չեմ հասկանում, թե Ադրբեջանի սահմանած այդ կարգն ինչպես է գործում: Մտածում եմ՝ նրանք այդպես անում են Արցախ անվանի մարդկանց, ասենք, երգիչների, երաժիշտների մուտքը սահմանափակելու նպատակով: Իմ կարծիքն այդ «սահմանափակումների» առնչությամբ հետեւյալն է. եթե երկու երկրների մեջ վեճ կա, նորմալը սեփական դիրքորոշումը պաշտպանելու համար դիվանագիտական մեթոդներին դիմելն է: Աննորմալ է հարձակվելը, կրակելը, մարդկանց սպանելը:
– Ուկրաինայում էլ քաղաքական վիճակը սրված է: Դու քեզ այնտեղ ինչպե՞ս ես զգում:
– Հիանալի: Թեեւ ես Ուկրաինայում չեմ ծնվել, ընտանիքս տեղափոխվել է Խարկով, երբ ես յոթ տարեկան եմ եղել: Այնպես որ, Ուկրաինան դարձել է իմ տունը: Իսկ տանը միշտ ջերմ է, հարմարավետ եւ հեշտ: 2014 թվականը իմ երկրի համար սարսափելի տարի էր, բայց հավատում եմ, որ մեզ մոտ ամեն բան լավ կլինի:
– Որեւէ ցանկություն, մաղթանք ունե՞ս:
– Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ստեփանակերտում մրցաշարի բոլոր կազմակերպիչներին, առանձնահատուկ՝ Սմբատ Լպուտյանին, որ մեզ այդպիսի տոն, հիանալի մրցաշար նվիրեցին, ընկերներին հանդիպելու եւ նախնիներիս հայրենիքում լինելու հնարավորություն ընձեռեցին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.05.2015