Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն, մեքենան մաղ է դարձել ու նույնիսկ քերծվածք չկա՞, սա կապիկության կապիկությունն է». Գուրգեն Եղիազարյան

Մայիս 20,2015 23:55

Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ուշագրավ մասնագիտական վերլուծություն արեց՝ առայժմ հայտնի տեղեկությունների հիման վրա:

Մեր հարցին՝ դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում, դա արդյունք կտա՞, ի վերջո մենք ճշմարտությունը կիմանա՞նք՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդքան հեռու գնացած լինեն եւ անտառում կեղծ իրեղեն ապացույցներ թողնեն, օրինակ, ինչ-որ մեկի հագուստի կոճակը եւ այլն՝ ապագա զոհերին արդեն իսկ հարուցված քրգործով մեղադրելու համար»:

Թե ինչի՞ց կարելի է ենթադրել, որ հնարավոր է այդ միջադեպը բեմադրված է, ի՞նչ տարօրինակ բան կա կատարվածում՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Հանրությանը հայտնի է,որ Սուրիկ Խաչատրյանը մշտապես երթեւեկում է թիկնազորով եւ զինված մարդկանց ուղեկցությամբ: Նա հայտարարել է, որ 25-30 կրակոց է եղել մեքենայի վրա: Պատկերացնո՞ւմ եք՝ այդքան կրակոց մեքենայի վրա եւ վիրավոր չկա: Ես էլ որպես շարքային քաղաքացի կարող եմ մտածել՝ այդ ինչպե՞ս եղավ: Մեքենան սահմանափակ տարածք է, հո 25-30 կրակոցը 1 անցքով չե՞ն անցել: Տարօրինակ չե՞ք համարում որ նույնիսկ վիրավոր չկա: Եթե 25-30 կրակոցը բաշխենք մեքենայի վրա, փաստորեն, մեքենան մաղ է դարձել ու նույնիսկ քերծվածք չկա՞: Սա կապիկության կապիկությունն է՝ խուլերի երկրում: Եվ հետո, Գորիսում իրենք զգում են՝ ինչպես ձուկը ջրում եւ պարզ է, որ զինված թիկնազորն անմիջապես կանցներ հակագրոհի՝ փոխադարձ կրակոցով: Եթե Բուդաղյանին սպանեցին իրենց տան պատշգամբի տակ, ի՞նչ էր խանգարում, որպեսզի այս անգամ հակահարված տային եւ փոխադարձ կրակահերթեր բաց անեին: Սա էլ է խոսում այն մասին, որ անմեղ մարդկանց հանդեպ որոգայթ է լարվում»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, այն, որ նրա քաջազունները դեպքի վայրից ճողոպրել են առանց պատասխանելու՝ անհավատալի է. «Հետամուտ կլինեին ու առաջին ծառի ճյուղից կկախեին: Հլու հնազանդ չէին փախչի տարածքից: Նրանք սովոր չեն փախչել Գորիսից, սովոր են այդ տարածքում պատժել մարդկանց: Քննչական խումբը դեպքի վայր է գնացել: Վաղը մենք կիմանան, թե ինչ մակարդակով է իրականում պատրաստված եղել «սպանության փորձը»»,- ասաց նա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի/Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. վատ հեքիաթ says:

    Հեքիաթ է բեմադրված, բայց վատ։ Շամշյանի ֆոտոներում ուղիղ վարորդի ուղությամբ դիմապակու վրա երկու երեք անցք կա ինչպե՞ս կարող է վարորդին գոնե մեկ փամփուշտ քերած չլիներ, եթե իհարկե մեքենայի մեջ են եղել։

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ միգուցե մարդիկ գերագնահատում են լիսկայի ու իր թիկնազորի «ուժը»: Իսկ ո՞վ կցանկանա մնալ խորտակվող նավում ու սկսել այն «փրկել»:

    Եթե մեքենայի ապակիները հատուկ են,դա հնարավոր է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031