Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է վրեժխնդրությունից դրդված սիրողական կրակող է եղել». Արմեն Մարտիրոսյանի վարկածները

Մայիս 20,2015 23:01

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաստատեց, որ այսօր ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ:

Այս առնչությամբ արդեն բազմաթիվ վարկածներ են շրջանառվում այն մասին, որ հնարավոր է այդ ամենը բեմադրված է՝ Սուրիկ Խաչատրյանին տուժողի կերպարում ներկայացնելու համար, հնարավոր է, որ վրեժխնդրության արդյունք է, որովհետեւ հատկապես Զաքարյան եղբայրների հետ կատարված միջադեպից հետո դա սպասելի էր:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ Դուք ո՞ր վարկածին եք հակված՝ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ չի բացառվում, բեմադրված լինի իսկապես եւ այդ ամենը թատրոն լինի. «Ինչ ասես Հայաստանում կարող է լինել: Չեմ կարող բացառել նաեւ վրեժխնդրության տարբերակը, որովհետեւ դրա համար էլ առիթներ շատ կան: Որեւէ վարկած այս դեպքում չեմ կարող ճշմարտանման համարել, որովհետեւ այդ վարկածները գոյության իրավունք ամբողջովին ունեն»:

Մենք ճշտեցինք, կարծում եք, սա վրեժխնդրություն է հենց Զաքարյան եղբայրների՞ կողմից, որովհետեւ վերջին թարմ միջադեպը նրանց հետ էր կապված, թե՞ Սուրիկ Խաչատրյանի այսպես ասած «չուզողները» շատ են, շատ թշնամիներ ունի՝ նա պատասխանեց. «Ես կասեի՝ չափազանց շատ են: Ուստի թե որտեղից կարող է այդ վրեժխնդրությունը լինել, դժվար է ասել: Ընդ որում, ես չեմ բացառում տարբերակ, որ որեւէ մեկը ցանկացել է այսպես ասած կանխարգելիչ միջոցառում իրականացնել: Դրա համար որեւէ վարկածի կողմնակից չեմ: Չեմ էլ կարող ասել, որ իրավապահները կբացահայտեն, որովհետեւ իրավապահները բացահայտելու են այն շրջանակում, որ շրջանակում իրենց քաղաքական պատվերը կլինի»:

Մեր հարցին՝ ասում են, որ 10-ից ավելի կրակոց է եղել, հաշվի առնելով, որ Սուրիկ Խաչատրյանը պատահական մարդ չի եւ նրան սպանել ցանկացողը ինչպես հարկն է կպատրաստվեր, հնարավո՞ր է, որ այդքան կրակահերթերից հետո ոչ մի վնասվածք ոչ մի բան չլիներ՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ հնարավոր է վրեժխնդրությունից դրդված սիրողական կրակող է եղել. «Բայց կարող է ներկայացում լինի, պրոֆեսիոնալ լինի, այնպես կրակի, որ իսկապես ոչ մի բան չլինի: Մենք չգիտենք, թե ինչ տրամաչափի զենքով են կրակել: Կարող է ավտոմատով են կրակել, մեքենան էլ զրահապատ է եղել: Ոչինչ չգիտենք, դրա համար ամեն ինչ ենթադրությունների դաշտում է: Բայց որ այդ կրակոցները ցանկացած դեպքում սպասելի էին՝ դա ակնհայտ է: Թե սպասման ուղղությունը որտեղից կարող էր լինել՝ դա է հարց: Բայց այլեւս հույս չունեմ, որ ճշմարտությունը կիմանանք: Կարող է այդ թատրոնի տարբերակն է՝ ուշադրությունը շեղելու համար, կամ գազ բաց թողնելու համար, կարող է լինել նաեւ իրական վրեժխնդրություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի/Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Tigran Mec says:

    Եեե՜ վռազեցիր լիսկա։ Մթոմ մենակ մենք չենք կրակում, իբր մեզ վրա էլ են կրակում։

  2. moso says:

    Մի դեպքում կարելի էր հավատալ որ թատրոն չէ: Իսկ թատրոնը նրա համար կարող էին սարքել, որ հակառակորդ ջահելներին նախորոք հավաքել տան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031