Տարին հոբելյանական է սփյուռքահայ գրականագետ, խմբագիր և վերլուծաբան Երվանդ Ազատյանի համար. նա 80 տարեկան է:
Հայտնի մտավորականի ծննդյան 80-ամյակի առթիվ Հայաստանի գրողների միությունն այսօր հանդիպում էր կազմակերպել նրա հետ:
Շնորհավորանքների, շնորհակալական և գովեստի խոսքերի, մեդալների ու այլ պարգևների պակաս կարծես թե չկար:
«Մի քանի տարի առաջ Ե. Ազատյանին խնդրեցինք ելույթ պատրաստել սփյուռքահայ ժամանակակից գրականության մասին, և զարմանալ կարելի էր, թե ինչպիսի խորությամբ նա շատ կարճ ժամանակամիջոցում ներկայացրեց արդի սփյուռքահայ գրականությունը: Սա կարող է անել միայն այն մարդը, որը խորքից գիտի դասական գրականությունն ու խորապես հետաքրքրված է ընթացիկ գրականությամբ»,- ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց Ե. Ազատյանի դերը հատկապես հայրենիք-սփյուռք փոխհարաբերություններում: «Ազատյանի վաստակն ու ծառայությունները մեծ են բազմաթիվ բնագավառներում: Նա այնքան սուր աչք ունի, որ «դրսից» կարողանում է տեսնել մեր «ներսի» բոլոր խնդիրները ու դրանց վերաբերյալ արտահայտել անկախ, ոչ կողմնակալ կարծիք»,- հավելեց նա:
ՀՀ ԳԱԱ նախագահը Ե. Ազատյանին հանձնեց Հ. Օրբելու հուշամեդալ: Հոբելյարը հուշամեդալներ ստացավ նաև ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ ժուռնալիստների միության և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից:
«Եթե որևէ մեկը ձեզ ասի, որ ինքը գնահատականների, գովեստների նկատմամբ անտարբեր է կամ դրանք իր համար այնքան էլ հաճելի չեն, մի հավատացեք, որովհետև դրա կարիքը բոլորն ունեն: Այնպես որ, ես կեղծ համեստություն չեմ անի և չեմ ասի՝ գովասանքներ չեմ սիրում: Ո´չ, սիրում եմ և հավատում եմ, որ այսօր իմ հարազատ, բարեկամ գրողների, ընկերների ասածները սրտի խորքից բխած խոսքեր են: Մեդալների համար էլ եմ շատ շնորհակալ, որովհետև մի քանի տարի առաջ մեր տունը կրակի բաժին դարձավ, ու բոլոր մեդալներս կորցրեցի: Այնպես որ, մեդալների նոր պաշարի կարիք ունեի, և այսօր, կարծում եմ, դրանք վերականգնեցի»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Ե. Ազատյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ