Ինչպես հայտնի է Գյումրի բժշկական կենտրոնը «Համազգային վստահություն» խորհրդի ուսումնասիրությունների արդյունքում անցած շաբաթ ճանաչվեց «Տարվա լավագույն մարզային բազմապրոֆիլ եւ ժամանակակից բուժհիմնարկ»: «Հուսո աստղ» մրցանակին արժանացնելիս՝ հաշվի են առել բուժհաստատության անձնակազմի նաեւ ԶԼՄ-ների հետ համագործակցությունը: Այսօր այս առիթով բուժհաստատության տնօրեն Արմեն Իսահակյանն ու փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մամուլի ասուլիս էին հրավիրել` լրագրողներին իրազեկելու, թե ինչ հետազոտությունների արդյունքում է իրենց հաստատությունը ճանաչվել լավագույնը:
Aravot.am-ը Գյումրի բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Իսահակյանից հետաքրքրվեց, թե դեռ գործո՞ւմ է էթիկայի հանձնաժողովը, որի նպատակը բուժաշխատողների վարքագիծը քննելն է, կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելը:
«Այդ հանձնաժողովը բնականաբար գործում է, բայց ես մի թիվ հրապարակեմ, որ պարզ լինի կոռուպցիոն ռիսկի հետ կապված. էսօր Գյումրի բժշկական կենտրոնը ստացած պետպատվերի 60 տոկոսից ավել բժշկական վճարովի ծառայություն է կատարել, որը հանրապետական ցուցանիշներից լավագույնն է: Քաղաքացի-բուժաշխատող հարաբերություններում ծագած խնդիրները նույնպես քննարկում է էթիկայի հանձնաժողովը, եւ էթիկայի հանձնաժողովի ներկայությամբ է հնարավոր լինում ավելի հստակ լուծում տալ հարցերին, ավելի մարդկային, ավելի հանգիստ, գործը չի հասնում ո՛չ դատարանների, ո՛չ այլ ատյանների: Գալիս, դիմում են, ասենք դուր չի գալիս բժշկի աշխատանքը, բուժքրոջ աշխատանքը»:
Կարդացեք նաև
Ըստ տնօրենի, էթիկայի հանձնաժողովը քննարկում է նաեւ հիվանդների, հիվանդատերերի անշնորհք պահվածքը, օրինակ՝ նրա փաստմամբ, վերջերս հիվանդատերերը ընդունարանի ապակյա դուռն էին կոտրել: «Ճիշտ է՝ միլիցիան խառնվեց, դատական պրոցես պետք է սկսվեր, բայց վերջում մենք եկանք այն համաձայնության, որ նրանք բերեն ապակին գցեն, ներողություն խնդրեցին, եւ էդ հարցը լուծվեց»,- ասում է տնօրենը: Ըստ նրա, Գյումրիում ընդունված է, որ մի հիվանդի մոտ օրական 15 հոգի պետք է այցելեն, հիվանդատերերից գոնե 3-ը փորձում են փչացնել հիվանդանոցի թանկարժեք գույքը: Այնպես որ, ըստ տնօրենի, բժիշկների, բուժքույրերի պահվածքից զատ, պիտի քննարկվի նաեւ հիվանդատերերի պահվածքը:
Մանրամասները տեսանյութում՝
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ