Լրահոս
Օրվա լրահոսը

Սանիտարական ստուգումների արգելքը կվերացվի մանկապարտեզներում եւ դպրոցներում

Մայիս 20,2015 20:30

Անչափահասների մասսայական թունավորումները հիմք դարձան, որպեսզի 2009-ից մինչեւ 70 միլիոն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտներում արգելված ստուգումների ցանկից հանվեն նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունները:

Առողջապահության նախարարությունն առաջարկում է վերացնել որոշ հիմնարկներում ստուգումներ անցկացնելու արգելքը: Նախարարությունը, մասնավորապես, առաջարկում է լրացում կատարել 2009-ի  «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» N 594-Ա որոշման մեջ, ըստ որի նախատեսվում է ստուգումների արգելքը չտարածել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից հանրակրթական դպրոցներում եւ նախադպրոցական կազմակերպություններում կառավարության որոշմամբ հաստատված ստուգաթերթերով իրականացվող ստուգումների վրա:

Առողջապահության նախարարությունը, ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգ ներկայացվող նախագծից, նշված ստուգումների արգելքը վերացնելը հիմնավորում է, որ 2014 թվականին տեղի են ունեցել մի շարք դեպքեր, մասնավորապես՝ Եղվարդի մանկապարտեզում  երեխաների շրջանում արձանագրված մասսայական թունավորումները, որը հետեւանք էր օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների եւ հիգիենիկ նորմատիվների պահանջները չպահպանելը: Նշված ոլորտում վերջին տարիներին շարունակական վերահսկողության բացակայության պատճառով, նշում է նախարարությունը, ի հայտ են եկել եւ ներկայումս առկա են լուրջ խնդիրներ:

Նախագծով նախատեսված է՝ բոլոր ստուգում իրականացնող մարմինները պետք է անցում կատարեն ռիսկի վրա հիմնված համակարգի, այսինքն՝ ավելի շատ ուշադրություն դարձնեն եւ ստուգեն առավել ռիսկային օբյեկտները:  Այդ ստուգումները պետք է իրականացվեն նախօրոք հաստատված ստուգաթերթերի հիման վրա, որտեղ պետք է ներկայացված լինեն տվյալ տնտեսավարող սուբյեկտին վերաբերող ամփոփիչ հարցերը:

Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ նախագծի ընդունումն կնպաստի ստուգումների տարեկան ծրագրում բարձր ռիսկային համարվող մանկապարտեզները, դպրոցները, հատուկ (այդ թվում՝ մասնագիտական) կրթական եւ երեխաների խնամքի հաստատությունների ընդգրկմանը՝ համակարգված ստուգումներ իրականացնելու,  երեխաների առողջության հետ կապված եւ այդ կազմակերպություններում հիգիենիկ եւ համաճարակային տիրող իրավիճակը տիրապետելու, հետագա խնդիրներից խուսափելու՝ ՀՀ-ում ընդհանուր պատկերը հստակ արտացոլելու նպատակով:

Հիշեցնենք նաեւ, որ վերջերս էլ անչափահասների թունավորում է  արձանագրվել Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում: Այստեղ 10-ից ավելի երեխաներ են հոսպիտալացվել: Այսօր նախարարությունը տեղեկացրել է, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է շիգելլա զոնե, խոհանոցի եւ խմբասենյակների մի շարք առարկաներից աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչը վկայում է երկրորդային աղտոտվածության հետեւանքով սննդային գործոնով պայմանավորված լոկալ բռնկման մասին։ Որոշում է կայացվել մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել։ Ուսումնասիրության արդյունքում, եզրակացություն է տրվել, որ տեղի է ունեցել սննդային ծագման աղիքային վարակի տեղային (լոկալ) բռնկում:

Կարելի է ենթադրել, որ նման դեպքերն արձանագրելուց հետո առողջապահության նախարարությունը որոշել է մանկապարտեզներում եւ դպրոցներում ստուգումները խստացնել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031