Մայիսի 22-ին հանրապետության ավագ դպրոցներում կրկին «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է, և տոնական միջոցառումներ կլինեն կրթական հաստատություններում, հրապարակներում, ժամանցի վայրերում: Մենք պետք է անենք առավելագույնը, որ բարի սկսվի մեր երեխաների ճանապարհը դեպի մեծ կյանք, որ ոչ մի տխուր միջադեպ չմթագնի օրվա պայծառությունը:
«Վերջին զանգի»-ից առաջ ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները հանդիպումներ ու զրույցներ են ունեցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, հիշեցրել տոնական օրը հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, համակեցության կանոնները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում ու կոչ է անում հատկապես շրջանավարտներին՝ ձեռնպահ մնացեք մեքենա վարելու գայթակղությունից, հասարակական վայրերում եղեք զուսպ ու հարգալից միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, ուրախացեք բարեկիրթ ու անվտանգ, ոգելից խմիչք մի օգտագործեք, տոնական հրավառություն կազմակերպեք միայն օրենքով սահմանված ժամերին և պահպանելով անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:
Սիրելի շրջանավարտներ, ձեր տոնի օրը օրինահարգության ու խոհեմության լավագույն օրինակ եղեք բոլորիս համար:
Կարդացեք նաև
Ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք երեխաներին զանգվածային միջոցառումների ժամանակ. ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները:
Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում: Ոստիկանությունն անելու է ամեն ինչ՝ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, և դուք հարկ եղած դեպքում կարող եք դիմել վերակարգերին և ստանալ նրանց օգնությունը:
Նախորդ տարի ոստիկանության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների շնորհիվ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում չի արձանագրվել և ոչ մի անցանկալի միջադեպ: Դա բոլորիս ձեռքբերումն է: Այս օրերին ևս հանուն մեր երեխաների անվտանգության ոստիկանությունը դրսևորելու է օրինաչափ խստություն, անհրաժեշտ պահանջկոտություն և անհանդուրժողականություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ՝ ակնկալելով շրջանավարտների, ծնողների, մանկավարժների, ողջ հասարակության միասնությունը, ըմբռնումն ու աջակցությունը:
Կրկին շնորհավորում ենք մեր շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում բարի ճանապարհ:
ՀՀ ոստիկանություն