Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ազգային երգ ու պար» առարկայի նպատակն արհեստավարժ պարողներ և երգիչներ պատրաստելը չէ»

Մայիս 20,2015 19:35

Այն դպրոցները, որոնցում ընթացիկ ուստարում ներդրվել էր «Ազգային երգ ու պար» առարկան, այսօր Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում հանդես եկան հաշվետու համերգով: 13 դպրոցների 5-րդ դասարանցիները կատարեցին մեկական պար՝ ցուցադրելով մեկ տարվա ընթացքում իրենց յուրացրածը:

«Ազգային երգ ու պար» առարկայի փորձարկումը հանրակրթական դպրոցներում ոչ այնքան կրթական ծրագիր է, որքան ազգային ինքնության պահպանման հերթական քայլ»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա դիտարկմամբ՝ տեխնիկական և տեխնոլոգիական ներկա դարաշրջանում մեծ վտանգ կա, որ կրթությունը կարող է կորցնել ազգային ոգին:

22198_938631156181175_2708904743533699296_n

«Ազգային երգ ու պար» առարկան գալիս է  լրացնելու այն առարկաների ծաղկեփունջը, որ մենք ներդրել ենք, որպեսզի մեր երեխաները ոչ միայն կարողություն և հմտություն ձեռք բերեն, այլև իրենց մեջ կրեն ազգային ինքնության վրա խարսխված արժեքներ»,- ասաց Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ ծրագրի նպատակը ոչ թե արհեստավարժ պարողներ և երգիչներ պատրաստելն է, այլ ազգային ինքնագիտակցությամբ քաղաքացի դաստիարակելը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերից ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կավելանա: Ինչ վերաբերում է կադրերին, Ա. Աշոտյանն ասաց, որ այդ հարցը նախնական փուլում լուծվում է վերապատրաստումների միջոցով, սակայն հետագայում խնդիրը լուծում կստանա՝ բուհերում համապատասխան ծրագրի ներդրմամբ:

«Ազգային երգն ու պարը մեր ժողովրդի հոգեկերտվածքն է և գոյություն ունի այնքան, որքան մեր քաղաքակրթությունն ու մշակույթը,- հավելեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը.- մեր կենցաղն ուղղակիորեն կապված է երգ ու պարի հետ, և այնքան էլ բնական չէր, որ նախկինում այն գոյություն չուներ մեր կրթական դաշտում: Ծրագրի ներդրման փորձնական շրջանն անցավ քննարկումների մեջ, և դա լավ է, քանի որ այդ ամենի արդյունքում է, ի վերջո, ձևավորվելու այն դասական ձևաչափը, որով հետագայում կընթանա կրթական ծրագիրը: Այն, որ սա շատ կարևոր ծրագիր է, անհերքելի է, և մոտակա ժամանակներս մենք կտեսնենք դրա արդյունքը: Սա հայրենասիրության, միասնության գաղափարի ձևավորման լավագույն միջոցն է երեխաների միջավայրում»:

Հիշեցնենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է ընթացիկ ուսումնական տարվա սկզբին, հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումն սկսվում է հինգերորդ դասարանից և կավարտվի յոթերորդ դասարանում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031