Այսօր ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց վերլուծաբան, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի դեմ Կոմիտաս 5-ի գործով հարուցված քրեական գործի քննությունը (նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան): Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատախազը կարդաց իր մեղադրական ճառը՝ պահանջելով մեղավոր ճանաչել Արգիշտի Կիվիրյանին և ազատազրկել մեկ տարով: Այս դատական նիստին պաշտպանական ճառերով հանդես եկան Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ Կոմիտաս 5-ի գործով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը): Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը հայտարարեց, թե սկզբում չէր էլ ցանկանում հանդես գալ պաշտպանական ճառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանների և վկաների ցուցմունքներում այնքան ակնհայտ հակասություններ կան, որ դրանց պարագայում խոսել Արգիշտի Կիվիրյանի մեղավորության մասին, անհիմն է:
Նա հայտարարեց, թե Արգիշտի Կիվիրյանը տուժող է, այնուհետև ուշադրության հրավիրեց մի շարք հակասությունների վրա: Օրինակ՝ այն, որ ոստիկան Վահան Վրթանեսյանը դատարանում հայտարարել է, որ Արգիշտի Կիվիրյանն իր դեմքը հարվածել է ոստիկանական մեքենայի բռնակին, այնուհետև կծել ոստիկանի ձեռքը, մյուս դեպքում հակառակ հերթականությամբ է նույնը պատմել: Նա անգիր արածի վարքագիծ է դրսևորել: Զեկուցագրում անգամ նշված էլ չի եղել, որ Արգիշտի Կիվիրյանը կծել է նրա ձեռքը: Ավելին, նա որպես տեսանելի մարմնական վնասվածք արնազեղումն է նշել:
Վկաների ցուցմունքները ևս հակասական են. նրանք պնդում են, թե Արգիշտի Կիվիրյանը ոտքով հարվածել է մեքենայի սրահում, սակայն վեց րոպե անց մեքենայի զննության ժամանակ որևէ հետք չի եղել, բացի Կիվիրյանի արյան հետքերից:
Կարդացեք նաև
Պարոն Վարոսյանը մտահոգություն հայտնեց նաև այն առիթով, որ ցուցմունք տված երեք անձանցից երկուսը բռնություն են կատարել Կիվիրյանի նկատմամբ:
Դատարանում վկայի՝ իր գտնվելու վայրի մասին հայտարարությունները պարզվում է չեն համապատասխանում իրականությանը, քանի որ շուն ման տվող երիտասարդ, որն էլ վկան էր, ոչ մի տեսանյութում չի արձանագրվել: Կասկածելի էր նաև այն, որ վկան դատարանում հեռախոսի քարտն է կուլ տվել: Ամփոփելով պարոն Վարոսյանն ասաց. «Սա հեքիաթ է հորինված ոստիկանների կողմից, իբր Արգիշտի Կիվիրյանն է կծել ոստիկանի ձեռքը, այլ ոչ թե իրեն են բռնության ենթարկել: Ցավալի է, որ իրենց մտքի ծայրով անցած է եղել, որ հավատացող է լինելու»:
Արգիշտի Կիվիրյանի մյուս ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը հորդորեց դատավորին լինել անկախ՝ թեև վստահ են, որ հերթական անգամ պատվեր է կատարելու: Լուսինե Սահակյանը հայտարարեց, թե որոշում կայացնելիս դատարանը նախևառաջ պետք է պարզի՝ արդյոք այդ օրը ոստիկանների գործողությունները եղե՞լ են իրավաչափ. «Ապացույցները խոսում են այն մասին, որ Արգիշտի Կիվիրյանը չէր կարող նման գործողություններ անել: Զավեշտ է՝ ստացվում է քթով հարվածում է բռնակին, մի քանի տեղից վնասվածք է ստանում, աջ ականջն էլ կապտո՞ւմ է: Խնդիրն այն է, որ Արգիշտի Կիվիրյանը պետք է դատապարտվի. կա հստակ քաղաքական պատվեր: Հստակ քաղաքական հետապնդում է իրականացվում Արգիշտի Կիվիրյանի հանդեպ: Նրան ասել են, թե զերծ մնա քո պայքարից, քո դեմ հետապնդումները կդադարեցվեն»:
Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, թե չի օգտվում իր՝ վերջին խոսքի և պաշտպանական ճառի իրավունքից, քանի որ իրեն ամբաստանյալ չի զգում ու եզրափակեց. «Նախաքննական մարմինը փորձել է թխել ինչ-որ քրեական գործ, որի առիթով դատարանում պարզվեց, որ ՀՀ-ում չկան պրոֆեսիոնալ քննիչներ, որոնք կարող են մի քրեական գործ թխել: Մեկ քրեական և ինը վարչական գործեր կան իմ նկատմամբ: Բայց ես ինձ ամբաստանյալ չեմ զգում, ես պայքարում եմ, որ մենք ապրենք այլ Հայաստանի Հանրապետությունում: Իշխանությունները բոլոր օղակները մոբիլիզացրել են իմ դեմ, բայց արդյունքի չեն հասնի»:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստին՝ հունիսի 8-ին, ժամը 12.00-ին, կողմերը հնարավորություն կունենան օգտվելու ռեպլիկի իրավունքից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ