ՀԷՑ-ը 200 մլն դրամ է հատկացրել իր իսկ հասցեում գրանցված մի ընկերության՝ տրանսպորտային ծառայությունների համար: Այսօր խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` հետաքրքրվելով, թե ո՞վ է պատասխան տալու «երեխու հացից կտրող, հոսանքի համար վճարող մարդկանց»:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, թե նախարարությունը չի տիրապետում մամուլում հրապարակված տեղեկատվությանը, որ կան մեծ ֆինանսական խախտումներ: Ըստ նրա՝ նախարարությունը օրենքով որևէ լիազորություն չունի այս կառույցում ուսումնասիրություն կատարել: «Ընդհանուր խախտումների մասին կան դժգոհություններ, իրոք նման մեծ կորուստների պայմաններում կարող են լինել և գողության և կոռուպցիոն ռիսկեր»,- պարզաբանեց նախարարը:
Նա նաեւ ասաց, թե նախարարությունն ուսումնասիրություն է կատարում էներգետիկ համակարգում և պարզել է պատճառները, որ բերել է այդպիսի մեծ կորուստների`չհնչեցնելով թե հատկապես ի՞նչն է բերում ցանցում հսկայական կորուստների: Ասաց նաեւ, որ միջոցառումներ են մշակվել ՀԷՑ-ի մասնագետների մասնակցությամբ և դրանք ընդունվել են ի կատարման: Ըստ այդմ, առաջիկա տարիներին 1-2%-ով կորուստները կիջնեն և դա կբերի զգալի խնայողության: Տիգրան Ուրիխանյանը բնականաբար չգոհացավ նախարարի պատասխանից:
Նա հորդորեց նյութերն ուղարկել դատախազություն. «Նրանք հիմա կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են»:
Կարդացեք նաև
Պատգամավորի դիտարկմանը, որ անհրաժեշտ են կոշտ պատժամիջոցներ, Երվանդ Զախարյանը հակադարձեց թե, նախարարությունը որևէ փաստի չի տիրապետում: Ամեն դեպքում, նա պատրաստակամություն հայտնեց եղած անուններն ու փաստերը փոխանցել դատախազություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ