ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի եւ կառավարության հարցուպատասխանի նիստի ժամանակ մեջբերումներ արեց այս տարվա փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարություններից: Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, հիշեց չմուծված միլիարդավոր հարկերի մասին օդում առկախված լուրերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Նա նաև մեջբերեց Հովիկ Աբրահամյանի պատասխանը` վարչական լծակներն օգտագործելու, ստուգումներ կատարելու և չհասկացողներին բամփելու մասին: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց`ի՞նչ արդյունքներ կան, ի վերջո, բամփե՞լ են: «Ես օրենսդրությունն ուսումնասիրել եմ, վարչապետի լիազորությունների մեջ բամփել չկա»,-հեգնեց ընդդիմադիր պատգամավորը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պատասխանում տեղեկացրեց, որ նախագահի հանձնարարությամբ եղել է վարչապետի հանձնարարական ֆինանսների նախարարին, որ ստուգում իրականացվի: «Վերջերս, մեկ շաբաթ առաջ, այդ հարցի պատասխանն ակնկալելով ֆինանսների նախարարն ինձ խոստացել է մինչև մայիսի վերջ-հունիսի սկիզբ վերջնական տեղեկանք ներկայացնի արդյունքների մասին: Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունը եղել է կուսակցական խոսակցություն և դա վերաբերել է բոլոր գործարարներին, ովքեր հարկեր չեն վճարում: Իմ հորդորը շատ ճիշտ է եղել, 25-30 մլրդ ստվերից եկամուտներ են ապահովվել պետական բյուջե»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ խոսք է գնացել կոնկրետ անձի մասին:
Նա դժգոհեց նաև, որ վարչապետը չասաց, թե կառավարության առընթեր մարմիններն ի՞նչ են ձեռնարկել. «3 ամիս է անցել, այդ լուրերը ի վերջո ճի՞շտ էին, սխա՞լ էին: Մարդիկ հավասար են օրենքի առաջ: Ի վերջո, Ձեր կուսակցական նիստում այդպիսի ահասարսուռ պատկերներ ներկայացրիք և այդ մասին տեղեկատվություն տալը մտնում է նաև Ձեր պարտականությունների մեջ»:
Ընդդիմադիր պատգամավորը համաձայնեց նաեւ, որ հաջորդ քառօրյային կառավարությունը ներկայացնի ստուգումների արդյունքները: «Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել և բոլոր այն հարցերը, որ վերաբերել են Գագիկ Ծառուկյանի հետ կապված, առընթեր կառույցները և ֆինանսների նախարարությունը հանձնարարությունների ստուգումների արդյունքը կհրապարակի: Մենք պետք է լինենք թափանցիկ, անկեղծ և հանրությունը սպասում է այդ ստուգումների արդյունքներին: Մենք թաքցնելու որևէ բան չունենք»,- եղավ Հովիկ Աբրահամյանի պատասխանը:
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող այս խոսակցությունը վրդովեցրեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, որը հարց տալու համար խոսափողին էր մոտեցել: Նախքան հարցը տալը, Էնֆիաջյանը հորդորեց, որ Գագիկ Ծառուկյանի անձի, բարի համբավի հետ կապված որևէ հայտարարություն այս բարձր ամբիոնից չանեն: Նա կարծում է, որ որոշ մարդիկ դրանով փորձում են քաղաքական դիվիդենտներ քաղել: Էնֆիաջյանը խորհուրդ տվեց Ծառուկյանի անվան վրա չփորձել կայանալ կամ ինքնակայանալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ