ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ԷկոԼուրի հետ զրույցում ներկայացրեց նախարարության դիրքորոշումը` Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման ծրագրին բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն տալու մասին: Մասնավորապես նա ասաց, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին դրական եզրակացություն տալիս` ՀՀ բնապահպանության նախարարությունը հաշվի է առել համապատասխան համայնքների դրական եզրակացությունները, ավագանու որոշումները, ժողովրդի ցանկությունը: «Համայնքը ներկայացնում է բոլոր բնապահպանական խնդիրները: Այդ բոլոր ներկայացված բնապահպանական խնդիրները հաշվի են առնվում շրջակա միջավայրի փորձագետների և հրավիրված մասնագետների կողմից: Եթե նրանք ներկայացնում են, որ որևէ բնապահպանական խնդիր չի առաջանալու, ես, բնականաբար, պետք է հավատամ և հասկանամ, որ դա այդպես է,- ասաց Արամայիս Գրիգորյանը եւ հավելեց,- Մեր պետությունը հնարավորություն ունի զարգանալու: Դա էլ ճիշտ չէ, որ մենք մեր ռեսուրսներն այսօր չօգտագործենք… Մենք հնարավորությունները պետք է օգտագործենք, բայց նաև թույլ չտանք, որպեսզի մասնավոր ներդրողները, ձեռնարկատերերը իրենց ցանկություններով շարժվեն, այլ շարժվեն օրենքով, խնդիրը սա է: Երբ բոլորը օրենքով կարողանան շարժվել, մենք կունենանք մեծ հաջողություններ»:
ԷկոԼուրի դիտարկմանը, թե բնակիչները դատական հայց են ներկայացրել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ, նախարարը պատասխանեց, որ այդ մասին տեղեկացված չէ:
ԷկոԼուր