Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներն այսօր այցելեցին Հայոց Ցեղասպանության հուշահամալիր:
Նախարարներ Արտեմ Ասատրյանը և Միխաելա Մարքսովան ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև նախարարներն շրջեցին Հայոց Ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան նոր մշտական ցուցադրությանը՝ հազարավոր նորահայտ նյութերին, բնօրինակ և եզակի լուսանկարներին, գրքերին և փաստաթղթերին:
«Տեղեկատվությունը, լուսանկարները, տեսանյութերը, որոնք ներկայացված են թանգարանում, ավելի առարկայական են դարձնում 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը: Կարծում եմ, Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի այցը Հայաստան, մասնավորապես` Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, կնպաստի հետագայում Չեխիայի Հանրապետության կողմից Ցեղասպանության ճանաչմանը»,-թանգարանային այցից հետո նշեց նախարար Արտեմ Ասատրյանը:
Շրջայցի ավարտին Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի մատյանում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին