Այսօր Գյումրի ժամանած Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց. «Իմ այցի մեջ կլինի այն սկզբունքը, որ ես երբեք չեմ ընդունում՝ ոստիկանությունում պետք է միայն գյումրեցիներ աշխատեն, որովհետեւ Գյումրու սովորությունները…Դա տխմարության ա, դա լավ երեւույթ չէ: Պետք ա խոսեմ այն մասին, որ տեղայնությունը ինձ արդեն զզվեցնում է, էստեղ մեր ոստիկանների եւ այլ երեւույթների, անընդհատ եղել է ու անընդհատ էլ կա, այ դրա համար շատ շատերը երազում են, որ մենակ գյումրեցիները Գյումրիում աշխատեն, որովհետեւ թաքցնեն, թաքցնեն ու թաքցնեն…Թաքցրել եք տարիներ շարունակ, որ էս դրության մեջ եք հայտնվել: Հիմա պետք ա բացահայտել, բացահայտել եւ սովորեցնել քաղաքացիներին, որ չթաքցնեն, երբ գողանում են, թալանում են: Պետք է ասել, այլ ոչ թե քողարկել, հետո էլ գալուց ասել՝ ես չգիտեմ, դուք իմացեք, որտեղից ուզում եք: Էդպես մշակույթ չեն դաստիարակում: Էդ մշակույթը մոռացել ենք վաղուց եւ ղեկավարվում ենք ինչո՞վ՝ էլի ես չեմ ասի, որովհետեւ ինձ դա ամոթ ա»:
Իր մոտ ընկերոջ՝ գնդապետ Վարդան Նադարյանի պաշտոնազրկման ու համակարգից հեռացման մասին էլ ասաց. «Նադարյանին հեռացրել եմ, որովհետեւ շուտ-շուտ էր հիվանդանում: Իմ ընկերն է, դրա համար ազատեցի, համակարգից նույնպես ազատված է, որովհետեւ իմ ընկերն է, իսկ իմ ընկերը իրավունքներ չունի, միայն պարտականություններ ունի»:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ Գյումրիում միմյանց հաջորդող սպանություններից եւ ոչ մեկը բացահայտված չէ, ոստիկանապետը վստահեցրեց, որ չբացահայտվող սպանություններ, հանցագործություններ գոյություն չունեն, գոյություն ունեն բացահայտման համար կարճ կամ երկար ժամանակ պահանջող հանցագործություններ, լավ կամ վատ աշխատանք, կոծկող, թաքցնող եւ այլ երևույթներ: «Էս պարագայում խաղաղ եղեք, էդպիսի բաներ չեն աշխատում»,- ասաց ոստիկանապետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ