ՀՀ Ազգային ժողովի այգում այսօր տնկվեցին երեք ճապոնական բալենիներ՝ սակուրաներ՝ որպես հայ-ճապոնական բարեկամության խորհրդանիշ: Նախաձեռնությունը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծության 70-ամյակին:
Հայաստանում հունվարի 1-ից արդեն գործում է Ճապոնիայի մշտական դիվանագիտական ներկայացուցչությունը: Հայ-ճապոնական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանն իր խոսքում նշեց, որ այդ ուղղությամբ դեսպան Հարադան, որը հունիսին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, բավական մեջ ջանքեր է գործադրել:
Կարդացեք նաև
Սամվել Ֆարմանյանը կարեւորեց նաեւ հայ-ճապոնական խորհրդարանական հարաբերությունների ընդլայնումը`հույս հայտնելով, որ դա կնպաստի Հայաստան-Ճապոնիա հարաբերությունների սերտացմանը, քանզի դրան խանգարող որեւէ հանգամանք չկա. «Մեր հարաբերություններում փաստացի որեւէ խնդիր չունենք եւ շատ մեծ պոտենցիալ ունենք հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար»:
Նա շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանն`ՀՀ-ի անկախացումից ի վեր մեր երկրին տրամադրած հումանիտար, մարդասիրական, տեխնիկական եւ այլ տեսակի աջակցությունների համար, խոսեց ներկայիս համագործակցության ոլորտների`արտակարգ իրավիճակների, մշակույթի մասին եւ նկատեց, որ ՀՀ-ում Ճապոնիայի ռեզիդենտ դեսպանի գոյությունը հարաբերությունների ընդլայնման նոր հնարավորություն կլինի:
ՀՀԿ-ական պատգամավորը խոսեց նաեւ հայ ու ճապոնացի ժողովրդի նմանությունների մասին. «Երկուսս էլ շատ աշխատասեր ենք, երկուսիս համար էլ ընտանիքը հատուկ դեր է զբաղեցնում ազգային ներքին հոգեբանության մեջ եւ այլն: Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Հայաստան-Ճապոնիա հարաբերությունները դեռ առջեւում են»:
Ի դեպ, վաղն արդեն Տոկիո է մեկնում ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը, որի կազմում են Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Էդուարդ Շարմազանովը: Այս այցի շուրջ կրքեր էին բորբոքվել: Տոկիո մեկնող պատվիրակության նախնական կազմում էին նաեւ Էդմոն Մարուքյանը, Թեւան Պողոսյանը, Տաճատ Վարդապետյանը: Քանզի Տոկիո մեկնել ցանկացողները շատ էին, իսկ ֆինանսավորումը սուղ`ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրճատել էր պատվիրակության կազմը:
Այն պահին, երբ Սամվել Ֆարմանյանը Ճապոնիայի դեսպանին հրավիրում էր արդեն ծառերը տնկելու`արագ-արագ նրան մոտեցավ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականը եւ սրտնեղած հարցրեց. «Պարոն Ֆարմանյան, էս խի՞ գեներալին Ճապոնիա չեք տանում ձեր հետ: Սրա մասին էլ չգիտեինք, նոր ենք իմացել»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Ի դեպ, ծառատունկից հետո էլ դեռ երկար ժամանակ Մանվել Գրիգորյանի օգնականն այս թեմայով վիճում էր Սամվել Ֆարմանյանի հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քիչ մնաց աթոռից ընկնեմ: Ես պի պահ պատկերացրեցի անգրագետ գեներալին Ճապոնիայում ելույթ ունենալիս: Իսկական կատակերգություն…