ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը մայիսի 20-ին հանդիպեց Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ադմինիստրատոր, իրավական գծով ներկայացուցիչ Անտոնինո Գալատանի գլխավորությամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ծրագրի ղեկավար Պրիանկա Սենեվիրատնեին:
Համաձայն 2015 թվականի մարտի 30-ին ստորագրված պայմանագրի՝ Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում ընկերությունը, որը ընտրվել է Ասիական զարգացման բանկի կողմից հայտարարված բաց մրցույթի արդյունքում, պետք է իրականացնի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի (Թալին-Լանջիկ-Գյումրի) շինարարության վերահսկողությունը և Տրանշ 4-ի (Արտաշատ-Քաջարան-Ագարակ) տեխնիկական ուսումնասիրությունն ու նախագծումը:
Հանդիպման ընթացքում Արթուր Առաքելյանը ողջունեց իտալացի գործընկերներին և շնորհավորեց պայմանագրի կնքման կապակցությամբ: Նա նշեց, որ կարևորում է եվրոպական փորձի ներդրումը ինչպես նախագծման, այնպես էլ շինարարության վերահսկման ու ճանապարհային ակտիվների կառավարման հարցերում: Նա ընդգծեց, որ նախարարությունը խիստ կարևորում է իրականացվող շինարարության որակը, ինչի նկատմամբ պետք է լինի անընդմեջ հսկողություն և ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ճշգրիտ ու ժամանակին կատարում:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն