Ազգային ժողովի հարգարժան նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
2014 թվականի մարտին «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունից հետո գլխավոր դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումը՝ ՀՀ Նախագահին և Ազգային ժողով ներկայացվելուց բացի, առաջին անգամ այսօր քննարկվում է Ազգային ժողովում:
Նման քննարկումը համարում եմ չափազանց կարևոր, քանի որ կարծում եմ, որ երկրի ժողովրդավարական լինելու պայմաններից մեկն էլ հաշվետվողականության առկայությունն է, այսինքն ցանկացած պետական կառույց, այդ թվում՝ դատախազությունը, այս կամ այն կերպ պետք է ունենան պատշաճ հաշվետվողականության մեխանիզմ ժողովրդին, հասարակությանը: Եվ այդ առումով դատախազության հաշվետվության քննարկումն Ազգային ժողովում չի կարող լինել ինքնանպատակ: Սա առանցքային հարթակ եմ համարում, որպեսզի նաև արձանագրենք դատախազության գործունեության արդյունքները և որ ավելի կարևոր է` դատախազության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: Ընդ որում, հատկապես կարևորում եմ և միաժամանակ հույս եմ հայտնում, որ ներկայացվող գործունեությունը և գործունեության արդյունքները պետք է քննարկման առարկա դառնան բացառապես մասնագիտական հարթության մեջ, քանի որ ես արդեն բազմիցս ասել եմ, որ դատախազության գործունեությունն, ընդհանրապես, և կոնկրետ քրեական գործերը, մասնավորապես, երբեք առիթ չենք ունենա քննարկելու քաղաքական կամ այլ տեսանկյուններից, քանի որ համոզմունք ունեմ, որ արդարադատությանը և հատկապես քրեական արդարադատությանը չի կարելի անդրադառնալ քաղաքական, հասարակական կամ այլ տեսանկյուններից և, հետևաբար, բացառապես մասնագիտական հարթության վրա քննարկումը կարող է լինել անհրաժեշտ և կառուցողական, ինչն իրապես հնարավորություն կտա վեր հանել նաև դատախազության գործունեության այն թերացումները և բացթողումներն, որոնց շտկումը անհրաժեշտ է երկրում առնվազն քրեական քաղաքականության արդյունավետ իրականացման առումով:
Կարդացեք նաև
Հարգելի՛ պատգամավորներ, 2013 թվականի սեպտեմբերի 30-ի Ազգային ժողովի նիստին իմ ելույթում ես առանձնացրեցի գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում իմ գործունեության հիմնական երեք առաջնահերթությունները: Հետևաբար 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը սկսում եմ նշված երեք ռազմավարական ուղղություններով դատախազության համակարգում կատարված աշխատանքի ներկայացմամբ: Դատախազության գործունեության ուղղությունները եղել և մնում են դատախազության համակարգում կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ անզիջում պայքարը, դատախազների քաղաքական չեզոքության ապահովումը և անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղղված քայլերը:
Կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ պայքարի վերաբերյալ կարող եմ վստահեցնել, որ այս ընթացքում դատախազության համակարգում իրականացվել է մեծ ծավալի աշխատանք: Դատախազական կորպուսի կեսից ավելին փոխվել է, և համակարգը համալրվել է երիտասարդ կադրերով, ընդ որում նրանց մի մասն իրենց պաշտոններին նշանակվել են դատախազության ներսից առաջխաղացման արդյունքում, իսկ մյուս մասը` ոստիկանության, փաստաբանական, քննչական համակարգից կամ, որն իսկապես կարևոր է` գիտական, կրթական հաստատություններից: Ինչպես նշել եմ, կոռուպցիան և ոչ պրոֆեսիոնալիզմը չեն կարող տեղ ունենալ դատախազության համակարգում, դա անընդունելի է, քանի որ իմ խորին համոզմամբ ոչ պրոֆեսիոնալ և կոռումպացված դատախազը չարիք է, և նրա ամեն մի որոշմամբ կամ գործողությամբ խեղվում կամ կարող են խեղվել մարդկային ճակատագրեր: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չի եղել և չի կարող լինել որևէ դեպք, երբ որևէ դատախազ փորձ կատարի իրեն դուրս դնել օրենքով իրեն վերապահված իրավասություններից, դրսևորի կոռուպցիոն վարքագիծ և մնա անպատիժ ու շարունակի իր ծառայությունն այս համակարգում: Կրկնում եմ՝ սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Հատկանշական է, որ այս ընթացքում միայն 8 անձ քրեական պատասխանատվության են ենթարկվել այն բանի համար, որ քաղաքացիներից կաշառք են պահանջել իբրև թե դատախազներին փոխանցելու համար, ընդ որում, այդ անձանցից 5-ը քննիչներ են: Կարևոր է նաև ընդգծել, որ առնվազն երկու դատախազի վերաբերյալ ստացած տեղեկությունների հիման վրա նույնպես գործեր են հարուցվել և ներկայում գտնվում են քննության ընթացքում: Ընդ որում, նշված բոլոր դեպքերով քրեական գործերը հարուցվել են դատախազության ձեռքբերված տեղեկությունների հիման վրա` ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Հետևաբար, ակնհայտ է, որ կան և կլինեն նաև բազմաթիվ նման դեպքեր, որոնք հայտնի չեն դարձել մեզ, և, օրինակ, այս դեպքերում ևս չհայտնաբերվեին այդ կաշառակերները կամ խարդախները, ապա հանցագործության զոհ դարձած այդ քաղաքացիների, նրանց հարազատների և հասարակության մոտ առնվազն կարմատավորվեր կարծիք, որ իրենց համար լուծման ենթակա հարցը լուծվեց դատախազին կաշառք տալու արդյունքում: Այս առումով երաշխավորում եմ, որ դատախազության համակարգում և, ընդհանրապես, անզիջում եմ կաշառակերության և ցանկացած այլ կոռուպցիոն դրսևորման նկատմամբ:
Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալիզմին, ապա պետք է նշեմ, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում դատախազական համակարգում ցանկացած պաշտոնում նշանակման համար գործել է երեք հիմնական չափանիշ՝ դատախազի թեկնածուն պետք է լինի գրագետ, ազնիվ և աշխատասեր: Դատախազությունում աշխատանքի անցնելու այլ չափանիշներ չկան:
Չեմ կարող չանդրադառնալ նաև այս համատեքստում որոշ անձանց կողմից ժամանակ առ ժամանակ արվող այն քննադատությանը, որ դատախազական համակարգից դուրս մնացին երկարամյա փորձ ունեցող փորձառու դատախազներ և նրանց փոխարեն համակարգ մտան երիտասարդ անփորձ կադրեր: Այս իմաստով, կուզենայի կատարել մի դիտարկում՝ իմ խորին համոզմամբ միայն աշխատասեր, ազնիվ և գրագետ մասնագետներն են, որ տարիների ընթացքում կուտակում են պետության և հասարակության համար օգտակար փորձ, նման մասնագետներն այսօր էլ հաջողությամբ աշխատում են դատախազության համակարգում և ես ինքս չեմ պատկերացնում դատախազության աշխատանքն առանց նման փորձառու մասնագետների: Որոշ պրոֆեսիոնալ և արժանավոր դատախազներ նախընտրել են անցնել փաստաբանական, գիտամանկավարժական աշխատանքի կամ այլ գործունեության կամ, անգամ, հանգստի: Իսկ ինչ վերաբերում է երկար տարիների արատավոր փորձից ձերբազատվելուն ուղղված քայլերին, ապա այդ երևույթից ժամ առաջ ազատվելը համարել եմ չափազանց կարևոր` հատկապես, երիտասարդ մասնագետների աշխատանքային գործունեության և փորձի ձևավորման վրա ի սկզբանե բացասական ազդեցությունը բացառելու նկատառումով: Իրավագիտությունը մասնագիտություն է, գիտություն, իսկ ցանկացած մասնագիտություն պահանջում է անընդհատ կատարելագործում, առաջընթաց՝ իրավունքի զարգացմանը համընթաց, հակառակ դեպքում մասնագիտությունը վերածվում է զուտ տեխնիկական աշխատանքի, իսկ մասնագետը դառնում է տեխնիկական աշխատանք կատարող: Իմ խնդիրն էր, որ դատախազության համակարգը համալրված լինի միայն մասնագիտությունն արվեստի աստիճանի բարձրացնելու կարողություն ունեցող անձանցով:
Պրոֆեսիոնալիզմի, ազնվության, արդարության և անկաշառության իմ պահանջներն, անկեղծ ասած, ունեն նաև սուբյեկտիվ ընկալման հիմք: Ցանկացած անձ, որևէ մեկը, ես անձամբ չէի ուզենա, որ իմ, իմ զավակի կամ ազգականի վերաբերյալ գործով զբաղվեր ոչ պրոֆեսիոնալ, անգրագետ, կամ կաշառակեր ոստիկանը, քննիչը, դատախազը կամ դատավորը, և, հետևաբար, ես դատախազության համակարգում արել և անելու եմ ամեն ինչ, որպեսզի որևէ մեկը չկանգնի նման փաստի առաջ: Համենայնդեպս, վստահաբար կարող եմ ասել, որ մեր երկիրն այսօր ունի պրոֆեսիոնալ դատախազական համակարգ, որն ունակ է իրականացնելու Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված գործառույթները:
Երկրորդ ուղղությունը` դատախազության համակարգի և յուրաքանչյուր առանձին վերցված դատախազի քաղաքական չեզոքության, ապաքաղաքականացվածության ապահովումն է: Այս իմաստով վերահաստատում եմ իմ մոտեցումը, որ քաղաքականությունը և դատախազի պաշտոնն անհամատեղելի են և քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր դատախազ ստիպված է լինելու ընտրություն կատարել դատախազի պաշտոնի և քաղաքականությամբ զբաղվելու միջև: Այս առումով հավաստիացնում եմ, որ դատախազությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է այն սկզբունքով, որ հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության` անկախ իր քաղաքական հայացքներից կամ կուսակցական պատկանելիությունից: Հետևաբար, այս կամ այն անձին քրեական պատասխանատվության ենթարկելը կարող է շատերի կողմից շահարկվել քաղաքական ենթատեքստում, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ այդ որոշումները կայացվում են բացառապես իրավական հենքի վրա` օրինականության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների կիրառմամբ: Քրեական օրենսգիրքն արարքի հանցավորությունը բացառող, ինչպես նաև պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքերի հանգամանքների շարքում կուսակցական պատկանելությունը կամ քաղաքական հայացքները չի սահմանում, հետևաբար, հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթարկվելու է արժանի պատասխանատվության:
Այս իմաստով առանցքային նշանակություն ունի պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի անշեղ իրացումը: Միայն այս կերպ է հնարավոր բացառել անպատժելիությունը, ինչն անչափ կարևոր է երկրում արդարության երաշխավորման համար: Այս իմաստով պետք է նկատի ունենալ, դատախազական գործառույթի սահմանադրական հիմքերը, որոնք քրեական գործի քննության ընթացքում սահմանափակվում են բացառապես հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությամբ: Այսինքն, դատախազությունը չի իրականացնում նախաքննությունը, չի հարցաքննում, չի առերեսում, չի իրականացնում քննչական որևէ գործողություն, այլ նշված գործողությունները հետաքննիչի կամ քննիչի կողմից իրականացվելուց հետո միայն հսկում է դրանց օրինական կատարված լինելու հանգամանքը: Հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում հաջողության արձանագրումը կախված է իրավապահ ամբողջ համակարգի համատեղ և արդյունավետ գործունեությունից, ինչն իրականացնելու թե՛ օրենսդրական, թե՛ գործնական հիմքերն առկա են: Այսօր երկրում իրականացվում է համակարգված և հետևողական աշխատանք բոլոր օղակներում` օպերատիվ-հետախուզական, քննչական, դատախազական և դատական մարմիններում: Դատախազության սահմանադրական գործառույթների սահմաններում վստահորեն կարող եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող պատժվել իր չկատարած հանցանքի համար: Սա ես համարում եմ չնայած փոքր, սակայն շատ կարևոր քայլ: Հանցագործություն կատարած ցանկացած անձի պատժի անխուսափելիության ապահովման երաշխիքն ամբողջ իրավապահ համակարգի համատեղ, կոորդինացված և արդյունավետ աշխատանքն է: Միայն այս դեպքում կարող ենք համարել, որ մեզանից կախված ամեն ինչ արել ենք՝ անպատժելիության մթնոլորտի հաղթահարման համար:
Հարգելի պատգամավորներ, անդրադառնալով 2014 թվականի ընթացքում դատախազության աշխատանքի և հանցավորության ընդհանուր վիճակին վերաբերող տվյալներին, և նկատի ունենալով, որ հանցավորության վերլուծության հիմնական տվյալները մանրամասն ամրագրված են Ազգային ժողովին ներկայացված հաղորդման մեջ և գտնվում են պատգամավորների տրամադրության տակ, կարծում եմ աննպատակահարմար է դրանց ևս մեկ անգամ անդրադառնալը: Այնուամենայնիվ, ընդամենը փաստեմ, որ 2014թ. ընթացքում գրանցվել է հանցագործության 17,546 (2013թ.` 18,333) դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 787-ով կամ 4.3%-ով: Անխոս, սա դրական ցուցանիշ է, այնուամենայնիվ, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, հանցագործությունների կանխման, նախականխման և մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու հարցում անելիքները շատ են: Այս աշխատանքներն ակտիվացնելու համար առաջնահերթ խնդիր է նախաքննության և օպերատիվ-հետախուզական աշխատանքների որակի կտրուկ բարելավումը, նրանց միջև սերտ համագործակցությունը, քննության ճիշտ պլանավորումը, բոլոր հնարավոր վարկածների մշակումը և դրանց օպերատիվ ստուգումը:
Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ դատախազությունը, հանցագործության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգման առումով մեծ դեր ունենալով հանդերձ, ՀՀ Սահմանադրությամբ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում չի կարող ուղիղ մասնակցություն ունենալ հանցագործությունների բացահայտմանը, դրանց նախականխմանը կամ կանխմանը։ Դատախազությունն, այդ ոլորտում կատարված աշխատանքների օրինականության նկատմամբ իրականացնելով բացառապես հսկողություն, սահմանափակված լինելով միայն ցուցումներ կամ հանձնարարություններ տալու իրավասությամբ, չի կարող երաշխավորել դրանց կատարման արդյունքը, ինչն իր ազդեցությունն է թողնում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության վրա։ Այսինքն, գործնականում ունենում ենք մի իրավիճակ, երբ օպերատիվ-հետախուզական մարմինները, քննչական կորպուսը, դատախազությունն, յուրաքանչյուրն առանձին-առանձին, իրականացնում են իրենց գործառույթները, բայց արդյունքում կոնկրետ քրեական գործով ձեռքբերված ապացույցներն երբեմն բավարար չեն լինում արդարադատության իրականացումն ապահովելու համար: Գաղտնիք չէ, որ թե՛ օպերատիվ-հետախուզական, թե՛ քննչական գործողության պատշաճ, ճշգրիտ, օրինական և հետևողական իրականացմամբ է միայն հնարավոր ապահովել այդ գործողությունների արդյունավետությունը: Եվ հակառակը՝ վաղաժամ կամ ժամանակավրեպ կատարված հարցաքննությունը կամ խուզարկությունը, կամ կոնկրետ վկային հարցաքննելու ոչ ճիշտ ընտրված տակտիկան կամ հարցաքննության ենթակա անձանց հարցաքննելու հերթականության և հաջորդականության սխալ ընտրությունը, կարող է ոչ միայն չհանգեցնել արդյունավետ քննությանը, այլև` իրականում, շատ դեպքերում, ճշմարտության պարզումը դարձնել անհնարին: Այսինքն, յուրաքանչյուր քրեական գործի քննության արդյունավետության հիմքում դրված է յուրաքանչյուր ոստիկանի, քննիչի կողմից իր գործառույթները ժամանակին, մասնագիտական բարձր որակով կատարելու փաստը: Եվ այս համատեքստում, դատախազի կողմից որոշակի պարբերականությամբ՝ ամիսը մեկ անգամ, կամ երկու ամիսը մեկ անգամ, գործով ցուցումներ տալը, չի կարող, ըստ էության, արդյունավետ եղանակ լինել, գործը դատարան ուղարկելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ գործի վարույթը կարճելու համար: Քանի որ, ըստ էության, չենք կարող մոռանալ, որ ենթադրյալ հանցագործության փաստի կապակցությամբ իրականացված հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելով, դատախազն է արդյունքում որոշում արդյոք այս գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ գործը դատարան ուղարկելու և մեղադրանքը պաշտպանելու համար, թե՝ գործի վարույթը ենթակա է կարճման, կամ հարուցված քրեական հետապնդումը՝ դադարեցման: Անգամ այն դեպքերում, երբ հետաքննության կամ նախաքննության մարմիններն են հարուցել քրեական գործը կամ մերժել են քրեական գործի հարուցումը, ինչպես նաև հարուցվել կամ դադարեցվել է քրեական հետապնդում, այդ բոլոր որոշումները դատախազի կողմից կարող են վերացվել, կամ դատախազն ինքը կարող է կայացնել այդ որոշումներից ցանկացածը: Այսինքն, ցանկացած դեպքում, այսպես, թե՝ այնպես, դատախազն է արդյունքում որոշում քրեական գործի ճակատագիրը: Ելնելով այդ նկատառումներից, առաջարկվել է քննարկման առարկա դարձնել հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման կազմակերպաիրավական նոր կառուցակարգերի ներդրման հնարավորության հարցը:
Հարգելի պատգամավորներ, արդյունքում, մենք փորձում ենք օրենսդրական կարգավորումների և գործնական միջոցների ձեռնարկմամբ ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը երկրում: Անել ամեն բան, որ արդարադատությունը լինի իրապես արդար, և ոչ թե`սահմանափակվենք օրենսդրության ֆորմալ պահանջների պահպանմամբ: Այսինքն, այստեղ հատկապես կարևորվում է ոչ միայն իրական արդարադատության փաստը, այլ` հասարակության, ժողովրդի վերաբերմունքը այդ արդարադատության նկատմամբ, այն է`արդարադատության ընկալումը երկրում: Այս առումով ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ ունենք լրջագույն խնդիր: Այստեղ բոլորս անելիք ունենք, սկսած հասարակական կազմակերպություններից, կուսակցություններից և վերջացրած փաստաբաններով և փորձագետներով: Շատ դեպքերում տեղի է ունենում հետևյալը. կատարվում է հանցագործություն և անմիջապես սկսում է հրապարակային քննարկում, շատ հաճախ հնչում են կարծիքներ, մեկնաբանություններ, որոնք ոչ միայն բացարձակապես զուրկ են մասնագիտական հենքից, այլև՝ դրանց հեղինակները, ծանոթ չլինելով դեպքի հանգամանքներին, իրենց կարծիքը ներկայացնում են որպես մասնագիտական կարծիք, երբեմն նաև՝ որպես բացարձակ և անվիճելի ճշմարտություն: Պետք է հասկանանք, որ որևէ քրեական գործի վերաբերյալ արված ամեն նման հրապարակային արտահայտություն, որքան էլ դրանց հիմքում ընկած լինի մտահոգություն կամ սրտացավություն, ոչ միայն վտանգում է արդարադատության շահը, այլև` շատ դեպքերում, ուղղակի վնաս է հասցնում դատավարության մյուս կողմին թե՛ բարոյական, թե՛հոգեբանական առումով: Կամ, ասենք, ի պաշտպանություն մեղադրյալի, այդ թվում՝ փաստաբանի կողմից, արվում են հայտարարություններ և դա դառնում է լայն հրապարակային քննարկման առարկա, որոնք, անկախ նրանից բխում են գործի նյութերից, թե` ոչ, ուղղակի ծանր վիճակի մեջ են դնում տուժող կողմին, անհարկի միջամտություն են հանդիսանում վկաների նկատմամբ և ընդհանրապես, ուղղակի խոչընդոտում են նախաքննության իրականացմանը: Իսկ նման պայմաններում, քրեական գործով վարույթ իրականացնող մարմինը կամ դատախազությունը կաշկանդված են լինում նախաքննության տվյալ փուլում տրամադրելու հասարակության կողմից պահանջվող տեղեկատվությունը և ստացվում է, որ հասարակությունը սնուցվում է միակողմանի տեղեկատվությամբ: Ընդ որում, նկատի ունենալով, որ փաստաբանը կամ դատավարության կողմերը գործի բոլոր նյութերին կարող են ծանոթանալ միայն նախաքննության ավարտ հայտարարելու պահից, արդյունքում ստացվում է, որ հասարակությանը հանցագործության կատարման պահից սկսած առնվազն մինչև նախաքննության ավարտը տրամադրվում է կիսատ, շատ դեպքերում, գործով ձեռքբերված նյութերի հետ որևէ առնչություն չունեցող տեղեկություններ` դրանով իսկ հասարակության մոտ ստեղծելով անձի անմեղության կամ մեղավորության պատրանք: Հասարակության մոտ նման կարծիքների արդյունքում ձևավորվում և կարծրանում է որոշակի մոտեցում տվյալ գործի վերաբերյալ և հետագայում գործի քննության և դատաքննության ընթացքում ինչ արդյունք էլ արձանագրվի, միևնույն է, հասարակության մոտ դա չի ընկալվում որպես արդարադատություն:
Նման հայտարարությունները, որոնք երբեմն արվում են անզգուշաբար, իսկ երբեմն էլ՝ հատկապես քննությունն ուղղորդելու նպատակով, հավասարապես անընդունելի են: Անընդունելի են նաև զուտ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Հանցագործության կատարման առաջին իսկ պահից, անմիջապես հասարակությունն, ըստ էության, ուղղորդվում է որոշելու, թե ով է հանցագործը, ինչ հանգամանքներում և պայմաններում է կատարել հանցագործությունը, վերլուծվում են վերջինիս և տուժողի կամ գործի մյուս մասնակիցների անձնական, ընտանեկան կյանքը և այլն` համապատասխան քննադատություններով և պիտակավորումներով: Այս մոտեցումը ճիշտ չէ, անընդունելի է, հանցագործություն կատարած անձը, տուժողը ևս ունեն արժանապատվություն, և պետք է մենք բոլորս պատշաճ հարգանք դրսևորենք յուրաքանչյուր անձի արժանապատվության նկատմամբ, պետք է մտածենք այդ մարդկանց զավակների, ծնողների, ազգականների կենսագրության և ճակատագրի մասին: Վերջապես, գործի քննության ցանկացած փուլում կարող է պարզվել, որ այն ինչ հասարակությունում տվյալ անձի վերաբերյալ քննարկվում էր մեկ, երկու կամ ավելի տարիներ, չի համապատասխանում իրականությանը և անձն արդար է: Բայց արդեն մենք հասցրել ենք սևացնել մարդու անունը, կենսագրությունը, նվաստացնել անձի, նրա ընտանիքի անդամների, ազգականների պատիվն ու արժանապատվությունը: Հետևաբար, մենք պետք է հարգանքով մոտենանք ցանկացած անձի կենսագրությանն ու արժանապատվությանը, և զգույշ լինենք մեր հրապարակայնորեն արված գնահատականների և եզրահանգումների մեջ: Եվ ես, կցանկանայի միայն խնդրել այն փորձագետներին, իրավաբաններին կամ քաղաքական գործիչներին, որոնք անգամ եթե վստահ են տվյալ քրեական գործով իրենց կողմից առաջարկվող ճշմարտության և արդարության հասնելու դեղատոմսին, որևէ կարծիք արտահայտելուց առաջ նկատի ունենան, որ գործ ունենք չափազանց զգայուն մի իրավիճակի հետ, երբ ցանկացած արտահայտություն կամ կարծիք կարող է բացասական ազդեցություն ունենալ, ոչ միայն գործի քննության շահերի, այլ նաև հենց տուժողների և նրանց իրավահաջորդների վրա: Համոզված եմ, որ նման խնդիրների ոչ մասնագիտական հենքի վրա կառուցված ցանկացած քննարկում անխուսափելիորեն տանում է դեպի քաղաքական շահարկումների կամ տարատեսակ փորձագետների ինքնագովազդի դաշտ, ինչն իր հերթին հասարակության մոտ առաջացնում է թյուր կարծիք, որ այս կամ այն խնդիրն ունի շատ պարզ, արագ և արդյունավետ լուծում, սակայն այս կամ այն պաշտոնյան կամ պետությունն, ընդհանրապես, ուղղակի ցանկություն չունի տվյալ խնդիրը լուծելու:
Այս կապակցությամբ կարևոր եմ համարում կոչ անել, որ բոլորս՝ սկսած կարծիքներ հայտնողներից մինչև այդ կարծիքները տարածողները, պատշաճ հարգանք դրսևորենք և խիստ պատասխանատվությամբ մոտենանք մարդկանց ճակատագրերին: Այս համատեքստում ցանկանում եմ վերահաստատել իմ նախկինում արված հայտարարությունը, որ պատրաստ եմ հասարակական հնչեղություն ունեցող կամ չունեցող ցանկացած, կրկնում եմ, ցանկացած գործով կազմակերպել բաց, սակայն մասնագիտական քննարկում, ցանկացած շահագրգիռ կողմի հետ և ներկայացնել տվյալ հարցի վերաբերյալ դատախազության մասնագիտական դիրքորոշումը և լսել մասնագիտական քննադատություն:
Այս իմաստով, հարգելի՛ պատգամավորներ, չեմ կարող չանդրադառնալ մեր երկրում, հասարակության և հետևաբար նաև մեր բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությանը: Բնական է, որ նման ողբերգության նկատմամբ պետք է լիներ հասարակական ընդգծված ուշադրություն և նաև հասկանում եմ այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել փողոց և իրավացիորեն պահանջում էին, որպեսզի գործը հանձնվի Հայաստանի Հանրապետության արդարադատությանը: Գործի քննության վերաբերյալ` այս պահին կարող եմ ասել, միայն որ ստեղծվել է աննախադեպ մի իրավիճակ, ինչպիսին երբեք չի եղել ոչ ՀՀ իրավապահների, ոչ էլ ՌԴ իրավապահների պրակտիկայում, և մենք ՌԴ իրավապահների հետ ինտենսիվ աշխատում ենք ստեղծված իրավիճակում գտնել տարբերակ, որը համահունչ կլինի միջազգային իրավունքի նորմերին: Վստահեցնում եմ, որ այդ հարցում նույնն են ոչ միայն բոլորիս զգացմունքներն, այլև՝ մոտեցումներն ու ակնկալիքները:
Կուզենայի անդրադառնալ նաև 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին: Ինչպես գիտենք, ողջ հասարակությունը և հատկապես տուժողների իրավահաջորդներից յուրաքանչյուրը մտահոգված է իր հարազատի մահվան հանգամանքների բացահայտմամբ: Դա է եղել պատճառը, որ ես հանձնարարել եմ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նշված քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատել: Այս հանձնարարականի հիմքում դրված է այն մոտեցումը, որ յուրաքանչյուր մարդու կյանքն, ինքնին, առանձին արժեք է, և որ յուրաքանչյուր զոհի վերաբերյալ գործի անջատումը ընդհանուրից միտված է գործի քննության արդյունավետության ապահովմանը: Այս պահին քննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և մենք միասին հնարավորություն կունենանք գնահատելու քննության արդյունքները:
Հարգելի՛ պատգամավորներ, հավաստիացնում եմ, որ ինչպես 2014 թվականին, այնպես էլ իմ պաշտոնավարման ողջ ընթացքում, դատախազական համակարգը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում արել է և անելու է ամեն ինչ՝ երկրում արդարության և օրինականության ամրապնդման համար: Չափազանց կարևոր եմ համարում մեր երկրում, յուրաքանչյուր ոլորտում, ցանկացած մանր ու մեծ հարցերում, արդարության սկզբունքով առաջնորդվելը: Վստահ եմ, որ ցանկացած ժողովուրդ, հատկապես հայ ժողովուրդն, ունի իրեն հատուկ՝ շատ խորը նստած արդարության զգացում, որը հաճախ ոչ միայն գիտակցական, այլ նաև զգացական հարթությունում է: Բնականաբար, հասարակական հարաբերությունների նկատմամբ պետական ներգործության ցանկացած դեպքում, հետևաբար նաև, պետական կառավարման բոլոր ոլորտներում, խնդիրների լուծման արդար մոտեցումը անհրաժեշտություն է, քանի որ հակառակ դեպքում մեր հասարակությունը և յուրաքանչյուր անձ զգալու է անարդարությունը և ձևավորելու է իր բացասական վերաբերմունքը ինչպես տվյալ անձի կամ պաշտոնյայի, այնպես էլ պետության նկատմամբ ընդհանրապես: Խորը համոզմունք ունեմ և մեր աշխատանքում առաջնորդվում եմ այդ համոզմամբ, որ արդարությունը, օրինականությունը և օրենքի առաջ բոլորի հավասարությունն այն հիմնարար սկզբունքներն են, որոնց անզիջում և հետևողական պահպանումն է ապահովելու Երկրի կայունությունն ու հզորությունը:
Եվ ես հեռու եմ այն մտքից, որ որևէ հասարակությունում հնարավոր է ապահովել արդարությունը, առանց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի: Ընդ որում, միայն մեկ համակարգում, մեկ ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող հանգեցնել ցանկալի արդյունքի: Մեկ կամ մի քանի ոլորտներում արձանագրված հաջողությունները երբեք չեն կարող ունենալ շոշափելի արդյունք, և հենց սա է պատճառը, որ անցած մեկ ու կես տարվա ընթացքում դատախազությունը զգալի աշխատանք է տարել նաև այլ ոլորտներում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի ուղղությամբ: Մասնավորապես, բազմաթիվ անձինք տարբեր ոլորտներից ենթարկվել են քրեական պատասխանատվության և պատժի կաշառքի կամ կոռուպցիոն այլ հանցագործությունների համար, իրավապահ, այդ թվում` դատական համակարգից, բնապահպանության, հարկային, մաքսային, քաղաքաշինության, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության, պաշտպանության և այլ ոլորտներից: Այս իմաստով պետք է արձանագրենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության մարմինների կողմից իրականացվել և իրականացվում են արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Բազմաթիվ միջնորդագրեր են ուղարկվել այդ մարմիններ` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ արդյունավետ օրենսդրական և գործնական միջոցառումներ իրականացնելու առումով: Վստահ եմ, որ կոռուպցիայի դեմ միայն համակարգված պայքարը կարող է տալ արդյունքներ: Այս առումով կուզենայի նաև ընդգծել, որ հասարակության մեջ ստեղծվել է թյուր կարծիք, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն իրավապահ համակարգի գործն է, անվիճելի է, որ միայն իրավապահ համակարգի ջանքերով անհնարին է արդյունավետ պայքար տանել կոռուպցիայի դեմ, եթե հասարակության բոլոր շերտերում չլինի զրո հանդուրժողականություն նման ցանկացած դրսևորման նկատմամբ:
Հարգելի՛ պատգամավորներ, այժմ համառոտ նշեմ նաև, թե դատախազության համար որոնք են 2015 թվականի առաջնահերթությունները: Նախ պետք է հավաստեմ, որ կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ պայքարը, դատախազների քաղաքական չեզոքության ապահովումը և անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղղված քայլերը, մնալու են դատախազության աշխատանքի հիմնական առաջնահերթությունները: Եվ դա բնական է, քանի որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մինչ կկարողանանք փաստել, որ այս ոլորտներում հասել ենք անշրջելի հաջողությունների: Շարունակելու ենք անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ ոչ միայն իրավապահ ոլորտում, այլև` պետական կառավարման համակարգի բոլոր ուղղություններով: Սակայն նշածս հիմնական առաջնահերթություններից բացի, 2015 թվականին հատուկ ուշադրություն եմ դարձնելու քրեական վարույթի բոլոր մասնակիցների և, հատկապես, մեղադրյալների իրավունքների խստագույնս պահպանմանը: Պատահական չէ, որ հատուկ առանձնացնում եմ այս ոլորտը, որովհետև, ինչպես վստահ եմ, նկատել եք վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաճախակի են դարձել Հայաստանի վերաբերյալ վճիռներով արդար դատաքննության իրավունքի խախտումների արձանագրումները: Ընդ որում, ոչ միայն խախտումների, այլև` այնպիսի խախտումների, որոնք կարող էին ազդել կամ ազդել են գործի ելքի վրա: Ես՝ որպես գլխավոր դատախազ և նաև որպես Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ նման վճիռները համարում եմ չափազանց մտահոգիչ և համարում եմ, որ դրանք ցույց են տալիս, որ մենք մեր իրավապահ համակարգում, այս ոլորտում ունենք լրջագույն խնդիրներ: Ես այն կարծիքին եմ, որ 21-րդ դարի Հայաստանում մեղադրյալի իրավունքների խախտմամբ և հատկապես խոշտանգման որևէ դրսևորման միջոցով ձեռք բերված ապացույցները չեն կարող տեղ ունենալ քրեական արդարադատության մեջ: Այս դեպքում համարում եմ, որ դա նույնիսկ արդարադատություն համարել չի կարելի: Այս առումով արդեն համապատասխան ցուցումները տրված են, և ես անձամբ հատուկ ուշադրություն եմ դարձնելու քրեական վարույթի ընթացքում խոշտանգման դրսևորման ցանկացած դեպքի վերաբերյալ մեր իրավապահների արձագանքին: Պահանջը հստակ է, ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր մեխանիզմների գործադրմամբ պետք է պահպանված լինեն բոլոր իրավունքները: Խոշտանգման որևէ դրսևորում և ընդհանրապես ապօրինի ճանապարհով ապացույցներ ձեռք բերելու և դրանով իսկ հանցագործությունների բացահայտման կամ նախաքննության ավարտման ցուցանիշի կեղծ ուռճացումը իրական չարիք է մեր արդարադատության ամբողջ համակարգի համար: