Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ. Տեղական հանրաքվեները հիանալի մի կատալիզատոր էին

Մայիս 20,2015 16:35

Մայիսի 17-ին տեղի ունեցավ հանրաքվե՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների միավորման հարցադրումով: Հայ Ազգային Կոնգրեսը 2015 թ. ապրիլի 28-ին հրապարակած իր հայտարարության մեջ՝ խիստ վնասակար համարելով համայնքների միավորման ծրագիրը` կոչ էր արել ժողովրդին մերժել այն: Կուսակցության ներկայացուցիչները նաև քարոզչական խմբեր են կազմել և մեկնել Տավուշի և Լոռու մարզ, որտեղ 14 համայնքներում հանդիպումներ են ունեցել գյուղապետերի, ինչպես նաև գյուղացիների հետ, տարածել համապատասխան քարոզչական նյութեր:

Մինչեւ հանրաքվեն ժողովրդի հետ ինտենսիվ շփումներից, հանրաքվեի արդյունքների ամփոփումից, ձեռքբերած այլ տեղեկատվության վերլուծությունից հետո, Հայ Ազգային Կոնգրեսն արձանագրում է հետեւյալը.

Ա) Ցանկալի արդյունքի հասնելու համար իշխանությունը մոբիլիզացրեց ամբողջ պետական ապարատը եւ օգտագործեց վարչական ռեսուրսը։ Ճնշումներ կիրառվեցին գյուղապետերի վրա՝ ընդհուպ նրանց քրեական պատասխանատվության կանչելու սպառնալիքներ տալով։ Բոլոր բյուջետային հիմնարկների աշխատողներն  ու նրանց հարազատ-բարեկամները աշխատանքից ազատման սպառնալիքով տեղամասեր բերվեցին։ Չնայած այս ամենին՝ իշխանությունը չկարողացավ ապահովել ցանկալի արդյունք։ Ընտրատարածքային հանձնաժողովների կողմից հրապարակված պաշտոնական արդյունքների համաձայն՝ Լոռիում և Տավուշում ժողովուրդը մերժել է համայնքների միավորման ծրագրերը։

Բ) Դրական արդյունք է արձանագրվել միայն Սյունիքի մարզում, որտեղ, ինչպես հայտնի է, վաղուց ֆեոդալական կարգեր են հաստատված, եւ բոլոր ընտրություններն ու հանրաքվեներն անցնում են մի քանի անգամ ավելի խիստ բռնաճնշումների պայմաններում, քան հանրապետության մյուս մարզերում։ Այս անգամ էլ՝ կիրառված բռնաճնշումների գործում հատկապես աչքի ընկավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ինչի հատուցումը, հաստատ, կլինի նրա որդուն՝ կատարած հանցագործության համար քրեական պատասխանատվությունից ազատելը։

Գ) Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Լոռու և Տավուշի մարզերում արձանագրված արդյունքը, դրանք գնահատում, որպես իշխանության նկատմամբ անվստահության արտահայտություն և պարտավորվում է իրեն հասու բոլոր քաղաքական միջոցներով տեր կանգնել ժողովրդի կամարտահայտմանը: Չենք կասկածում, որ իշխանության նկատմամբ նույնպիսի վերաբերմունք գոյություն ունի եւ նույնպիսի արդյունք կստացվեր նաեւ Սյունիքի մարզում, եթե այն չգտնվեր, ըստ էության, արտակարգ դրության պայմաններում։

Դ) Իշխանական շրջանակներում խոսք է գնում, որ այս հանրաքվեն ոչ մի նշանակություն չունի եւ իշխանությունը որոշել է անպայման իրականացնել համայնքների խոշորացման ծրագիրը։ Այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչ իմաստ ուներ հանրաքվեների անցկացումը, դրա վրա հսկայական բյուջետային միջոցներ ծախսելը, մարդկանց անիմաստ տեղը չարչարելը։ Դա այլ բան չէ, քան ժողովրդին ձեռք առնելու, նրան վիրավորելու ցինիկ գործելակերպ։

Ե) ՀՀ Սահմանադրության՝ համայնքների միավորմանը կամ առանձնացմանը վերաբերող համապատասխան հոդվածը սկսվում է՝ «հանրության շահերից ելնելով» արտահայտությամբ, ինչը ելակետային է տվյալ հոդվածի համար եւ գերակա։ Բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է տվյալ համայնքների հանրությանը։ Համայնքների բնակիչները, բնականաբար, Երեւանում նստած չինովնիկներից շատ ավելի լավ են պատկերացնում իրենց շահերը եւ մերժել են այս ծրագիրը հենց իրենց շահերից ելնելով։

Զ) Որեւէ միջոցառում ու վերափոխում կարող է ծառայել հօգուտ ժողովրդի՝ բարելավելով նրա տնտեսական եւ իրավական վիճակը, – այդպես է, երբ իշխանությունն օրինակարգ է եւ ժողովրդավար։ Եւ ցանկացած, անգամ անվամբ ամենաբարեհունչ ու խոստումնալից միջոցառում ու վերափոխում, կարող է գործել հօգուտ օրվա իշխանության՝ վատթարացնելով մարդկանց տնտեսական եւ իրավական վիճակը,- այդպես է, երբ իշխանությունը ոչ օրինակարգ է, բռնապետական ու կոռումպացված։ Ներկա բռնապետական վարչախումբը իր գոյության ողջ ընթացքում չի արել որեւէ քայլ, չի ունեցել որեւէ նախաձեռնություն, ինչի արդյունքները առարկայացած լինեն հօգուտ ժողովրդի։ Եւ ընդհակառակը, այս վարչախմբի ամեն քայլ ու նախաձեռնություն իրենց առարկայացված արդյունքներով միտված են եղել բռնազավթված իշխանության պահպանմանը, ժողովրդի իրավազրկմանն ու կողոպուտին։ Նույնպիսի նպատակ է հետապնդում նաեւ «համայնքների խոշորացման» այս ծրագիրը։ Դրա արդյունքը լինելու է առանց այդ էլ քայքայվող գյուղական համայնքների ավելի արագ քայքայումը, նպաստելու է արտագաղթի ավելացմանը։

Է) Տեղական հանրաքվեները հիանալի մի կատալիզատոր էին, որ հերթական անգամ ցույց տվեցին իշխանության նկատմամբ ժողովրդի բացարձակ անվստահությունը, նրանից օր առաջ ազատվելու ցանկությունը։ Զրոյական վարկանիշ ունեցող իշխանությունը դեռ պատրաստվում է սահմանադրական հանրաքվե անցկացնել, ինչի միակ նպատակը, արդեն համընդհանուր համոզմամբ, իշխող վարչախմբի եւ անձամբ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունն է։ Ինչպես ցույց են տվել վարչախմբի մինչ այժմ իրականացրած ընտրությունները, դա հնարավոր կլինի միայն ժողովրդի կամքի բռնադատման, համատարած ճնշումների եւ կեղծիքների միջոցով։ Համայնքային վերջին հանրաքվեների արդյունքները ցույց տվեցին, սակայն, որ ժողովրդի մեջ դեռ առկա է անհրաժեշտ ներուժ եւ հաստատակամություն՝ մերժելու վարչախմբի նախաձեռնած, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեն, դրանով իսկ ոչ միայն կանխելու նրա իշխանության հավերժացումը, այլեւ հասնելու իշխանությունից նրա շուտափույթ հեռացմանը։

ՀԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031