Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրեն Խաչատրյանի որդին Օդեսայում էր». Վլադիմիր Գասպարյանի պարզաբանումները (Տեսանյութ) 

Մայիս 20,2015 15:10

Քիչ առաջ աշխատանքային այցով Գյումրի ժամանեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Թեեւ ի սկզբանե հայտարարվում էր, որ լրագրողների հետ հանդիպում նախատեսված չէ, սակայն Շիրակի մարզային ոստիկանության շենքի դիմաց տեսնելով իրեն դիմավորող լրագրողներին՝ ոստիկանապետը կանգնեց ու մեծ սիրով ընդարձակ հարցազրույց տվեց՝ խոսելով, թե՛ Սուրեն Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպի, իր մոտ ընկերոջը՝ Վարդան Նադարյանին պաշտոնազրկելու ու համակարգից հեռացնելու, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին ձերբակալելու, Սյունիքի մարզպետի կողմից Զարուհի Փոստանջյանին հասցեագրված սպառնալիքների փաստով զբաղվելու, Գյումրիում կատարված սպանությունների եւ այլնի մասին:

«Գալա»-ի լրագրողները հետաքրքրվեցին Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպով: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունը չկարողացավ բերման ենթարկել Սուրեն Խաչատրյանի որդուն, ոստիկանապետն ասաց. «Ոստիկանությունը միշտ կարողանում է ամեն ինչ անել, մենք ունենք մեր ֆունկցիաները, մենք կատարում ենք պատշաճ վիճակում: Պետք է սովորել օրենքով աշխատել, երբ դու անօրինականության դեմը փորձում ես առնել անօրինականությամբ, դու նույն իրավախախտն ես դառնում: Քննչականը ի՛ր ֆունկցիան պիտի կատարի, ոստիկանությունը ի՛ր ֆունկցիան պիտի կատարի , կոնկրետ պետք է սահմանազատվեն դրանք մեկը մյուսից»:

Լրագրողի այն հարցին, թե քննչականից գրավոր ցուցում չկա՞ր տրված ոստիկանությանը, ոստիկանապետն ասաց. «Քննչականը չի կարող ցուցում տալ ոստիկանությանը, դուք շփոթում եք… Քննիչը իր քննվող գործի շրջանակներում կարող է ցուցումներ, հանձնարարականներ իջեցնել, այ, թե  ինչպիսի մարտավարություն է ընտրում ոստիկանությունը, դա արդեն ոստիկանության գործն է, եւ ոստիկանությունը ղեկավարվում է օրենքով»:

Այն հարցին, թե Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացավ ոստիկանություն ճիշտ այն օրը, երբ Սերժ Սարգսյանը այցելել էր ոստիկանություն, ոստիկանապետն ասաց, որ ծանոթ է նման անհեթեթ մեկնաբանություններին ու հավաստիացրեց, որ դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն: «Գոնե մի երկու անգամ ես Գյումրիում կրկնել եմ, որ ոստիկանության օպերատիվ փնտրողական գործունեությունը ծավալուն, բազմատեսակ եւ բազմաբնույթ գործողություններ են, նրանց մեջ մտնում է ե՛ւ համոզելը , ե՛ւ այնպիսի իրավիճակ ստեղծելը, որ հետախուզվողը, փախուստի դիմած մարդը հասկանա, որ իր ճանապարհները փակ են եւ հասկանա, որ եթե երկրից դուրս է , էս երկիր մոլորակը բավականին փոքր է. շատ կարճ ժամանակում կհայտնվի մեր մոտ: Մենք գոնե էս վերջին տարիներին ապացուցում ենք 20 տարով կորած, 15 տարով կորած, անձնագրերը փոխած, Իսպանիաներում, Մարոկկոներում գտնվողներին»,- ասաց ոստիկանապետը:

Իսկ թե որտե՞ղ էր Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ոստիկանապետն ասաց, որ Ուկրաինայում էր, Օդեսա քաղաքում:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե դուք հաճախակի եք ասում, որ գողականներին չեք հանդուրժելու, արտոնյալներ չկան, ո՞նց եք հանդուրժում Սուրեն Խաչատրյանի որդուն, ոստիկանապետն ասաց. «Էլի չեմ հանդուրժում, բայց ո՞վ է ասել, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն պետք է կպցնել էդ պիտակները , ստոպ»:

Դիտարկմանը, թե սա Սուրիկ Խաչատրյանի որդու առաջին հանցագործությունը չէ, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ոստիկանությունը երբեք զգացմունքներով, սրան, նրան չսիրելով չի առաջնորդվի: «Դուք լրատվամիջոցներ եք, բարոյական գնահատականներ, եւ այլն, եւ այլն իրավունք ունեք տալ ե՛ւ տվեք, ե՛ւ պետք է տաք, իսկ մենք միայն օրենքի հետ կապված հարցերն ենք լուծում, ոստիկանությունը զգացմունքային լինել չի կարող, ոստիկանությունը պետք է լինի օպերատիվ եւ արդարացի»:

Այն դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանի որդին որպես վկա է ներգրավված գործում, մինչդեռ Զաքարյան եղբայրներից մեկի աչքը հեռացնում են, Վլադիմիր Գասպարյանը հիշեցրեց, որ գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում, իր ու քննչականի ֆունկցիաները տարանջատված են, քննչականն է քննում գործը ու այս հարցերը պիտի ուղղել քննչականին:

Այն հարցին՝ ոստիկանությունը պրոֆեսիոնալ չէ՞ր գործում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին հատեց սահմանը, ոստիկանապետն ասաց. «Բացարձակապես, իսկ ու՞ր էր այն մարդը , որ մեղադրվում է, դուք գիտեք, որ 3 օր էլ հայտարարություններ չկային, ոչ մեկը չէր խոսում դրա մասին: Ոստիկանությունը կարող էր անօրինական մեթոդներ օգտագործել, ճնշել ծեծվածներին, եւս մեկ անգամ ճնշել, որպեսի ցուցմունք տային: Ոստիկանությունը չի արել, չի պատրաստվում անել, ե՞րբ պետք է մեր հասարակությունը դադարի գողական մտածելակերպ ունենալ, երբ որ ծեծում են, երբ որ ծեծվում են՝ մենք չենք ասի, գնացեք գտեք…Դու չես ասի, մենք չենք գտնի», -հայտարարեց ոստիկանապետը:

Մանրամասները տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031