«Հայաստան» մարզական ՀԿ ըմբշամարտի մարզադպրոցում անցկացվել է Ազգային միացյալ կուսակցության անդամ, բռնադատված Իշխան Մկրտչյանի հիշատակին նվիրված ՀՀ «Ազգային ավանդական կարատե-դո «ֆուտոշին» ասոցիացիայի» հանրապետական բաց առաջնությունը: Հուշամրցաշարի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ԱՄԿ նախկին անդամներ, Իշխան Մկրտչյանի գաղափարակից ընկերներ, հարազատներ:
Ցուցադրական ելույթներով հանդես են եկել ասոցիացիայի անդամ-մարզիկները, այդ թվում՝ ՀՀ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:
ՀՀ «Ազգային ավանդական կարատե-դո «ֆուտոշին» ասոցիացիայի» նախագահ Սերգեյ Խաչատրյանը, ընդգծելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական ներդրումը, մշտական ուշադրությունն ու աջակցությունը մարզաձևի զարգացման և խթանման հարցում, Հայաստանում ավանդական կարատեի զարգացման և մասսայականացման գործում ներդրած ավանդի համար Տարոն Մարգարյանին է հանձնել ասոցիացիայի շնորհակալագիրը:
Երկրորդ անգամ անցկացվող հուշամրցաշարին մասնակցել են 5-25 տարեկան 140 պատանիներ և երիտասարդներ: Հաղթողները պարգևատրվել են առաջնության մեդալներով և հաղթական գավաթով:
Երևանի քաղաքապետարան