Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ Գեւորգ Կոստանյանին. «Ախպեր ջան, մամուլը հեղեղված է «Նաիրիտի» չարաշահումների մասին հրապարակումներով»

Մայիս 20,2015 14:43

Լեւոն Զուրաբյանը պատրաստվում է ՀՀ գլխավոր դատախազի առջեւ բարձրացնել նաիրիտցիների հարցը: Այսօր, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիան շարունակող նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ պատգամավորն ասաց. «Ես իրեն ասելու եմ`ախպեր ջան, ամբողջ մամուլը հեղեղված է «Նաիրիտի» չարաշահումների, տասնյակ միլիոն դոլարի գողության մասին հրապարակումներով: Էլեկտրաէներգիայի գինը բարձրացնում են միայն նրա համար, որ փակեն իրենց գողության պատճառով ՀԷՑ-ում կուտակված 250 միլիոն դոլարի պարտքը: Ես էս հարցադրումները գլխավոր դատախազի առջեւ դնելու եմ`ասելու եմ`ակնհայտ գողության, թալանի, չարաշահումների փաստեր կան, ի՞նչի չես հետաքննում»:

Նաիրիտցիները թերահավատություն հայտնեցին, որ Գեւորգ Կոստանյանը հավուր պատշաճի կարձագանքի պատգամավորին: «Կարեւորը`տղավարի խոստում կտա»,- Գյումրիում, Ավետիսյանների սպանդից հետո, բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցածը ակնարկելով՝ հեգնեց հավաքվածներից մեկը:

Լեւոն Զուրաբյանը հավաքվածներին ասաց, որ այս հարցերի պատասխանները լուծում ստանալ չեն կարող, քանի դեռ իշխանափոխություն չի եղել: Դա առաջացրեց հավաքվածներից մի մասի դժգոհությունը: Ոմանք հորդորեցին իրենց ակցիան ու պահանջները չքաղաքականացնել, ոմանք էլ նկատեցին, որ ընդդիմությունը շատ պասիվ է`ինչպե՞ս պիտի հեղափոխություն անի:

Nairit_6 Nairit_5 Nairit_4 Nairit_3 Nairit_7

«Տարբեր քաղաքական իրավիճակներ կան, ժողովրդի պատրաստակամության եւ վճռականության հարցեր եւ այլն: Երբ այդ ամենն ի մի բերվի, իսկ այդ օրը գալու է, մենք հրավիրելու ենք համազգային հանրահավաք եւ քշելու ենք այս իշխանություններին»,- ասաց նա`հավելելով, որ մինչ այդ օրը գա, իրենք աջակցելու են նման բողոքի ակցիաներին եւ իրենց լիազորությունների շրջանակներում հարցերին ընթացք են տալու:

«Մինչեւ այդ ամբողջն ի մի բերվի, Հայաստանում մարդ չի մնա»,- նկատեց ակցիայի մասնակիցներից մեկը: Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «2008 -ին մենք գնացինք վճռական պայքարի, մեզ վրա կրակեցին, մեր ակտիվիստներին բանտեր նստեցրեցին, տարիներով պահեցին: 2011-ին նույն պատմությունը կրկնվեց: Մենք այս փետրվարին էլ էինք պատրաստ ԲՀԿ-ի, այլ քաղաքական ուժերի հետ դուրս գալ փողոց, բայց տեսաք թե ինչ եղավ: Մենք մշտապես այդ ծրագրերը մշակելու ենք եւ մի օր հաջողվելու է, ես վստահ եմ»:

Լեւոն Զուրաբյանը ներկաներին նաեւ տեղեկացրեց, որ Երվանդ Զախարյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, վերջինս խոստացել է, որ իր նամակի պատասխանը վաղը կտա:

Այլ մանրամասները`տեսանյութում

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հորդորեց, որ բոլոր ակցիաների մասնակիցները համախմբվեն, քանի որ միայն այդ դեպքում կարող են իրական արդյունքների հասնել ու «Սերժին ստիպել ընկրկել», քանի որ չկա «իմ խնդիր», կա «մեր խնդիր»:

Նա ողջունեց պայքարողների կամքը, որ կարողանում են կանգնած մնալ ու չխեղճանալ, ինչն էլ հաղթանակի միակ երաշխիքն է: «Առանց ձեզ մենք թույլ ենք, ուժ չունենք, ինչքան էլ «Նաիրիտի», հոսանքի համար պայքարենք, ոչինչ ենք, քանի դեռ մեր թիկունքին ժողովուրդ չկա: Դուխներդ տեղը պայքարեք, հալալ ա ձեզ»,- ասաց նա:

Նաիրիտցիները ընդդիմադիր պատգամավորներին հորդորեցին`այսօր, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցնել երկու հարց`ուղղված Երվան Զախարյանին` ՀՀ կառավարությանը, թե «Նաիրիտի» բաժնետոմսերի դե յուրե փոխանցումը ե՞րբ կլինի եւ արդյոք այդ փոխանցումից հետո, ինչպես նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր նախարար Երվանդ Զախարյանը, երկու ամսվա ընթացքում ամբողջական պարտքի մարում կիրականացվի՞, թե՞ ոչ:

Հավաքվածները հարցերի պատասխաններին կհետեւեն արդեն հեռուստացույցով:

Հավաքվածներից շատերն ակնկալում էին, որ իրենց մոտ կիջնեն նաեւ «Նաիրիտի» հարցով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը եւ նախաձեռնության հեղինակ, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031