Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վեճ ԱԺ-ում՝ մեր ազգի ու պատգամավորների փնթիության մասին

Մայիս 20,2015 14:11

«Ինչքան էլ ուզում է համայնքներում այս ծրագիրն իրականացնենք, մայրուղիների շրջակայքում գտնվող աղբանոցները մենք ի՞նչ պետք է անենք, որ մեքենաներից շպրտում են ինչ ասես: Օրինակ, Կոտայքի մարզում, երբ գնում ենք Սեւան, «Չայնիի» ոլորաններում այն աղջկա արձանը աղբավայր է դարձել: Կիսով չափ մերկացրել են, ձեռքն են հանել, լրիվ աղբավայր է: Այս ծրագրով հնարավոր չի՞ այս մայրուղիների հարցն էլ լուծել»,- այսօր ԱԺ-ում Կոտայքի մարզում աղբահանության համար ՎԶԵԲ-ի հետ կնքված վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ հարցրեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Մայրուղիների եւ միջհամայնքային ճանապարհներում բոլոր գյուղական բնակավայրերն ունեն այդպիսի լոկալ տեղեր, որտեղ աղբ է կուտակվում: Եթե մարդը մեքենայից աղբ է հանում ճանապարհին, պիտի վարչական մեխանիզմներ ունենանք, քարոզչություն անենք»

Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը հանձնաժողովի տեսակետը ներկայացնելիս ասաց, որ աղբահանության խնդիրը, օրինակ, Գյումրիում 91-ից սկսած՝ չեն կարողանում լուծել. «Մի խնդիր էլ կա՝ մեր փնթիությունը փորձում ենք կապել կառավարության կամ վարկային այս հարցադրման հետ: Այո, փնթի ենք: Փնթի են այն վարորդները, որոնք ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ մեքենայից ինչ ասես դուրս են նետում: Փնթի է մեր ազգաբնակչությունը, որն իր աղբը վերցնում է եւ 20 մետր հեռու փողոցում թափում: Խնդիր ունենք վարչական պատասխանատվության ենթարկելու»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանին դուր չեկավ «մենք փնթի ենք» արտահայտությունը: Նրա խոսքերով՝ եթե այս վարկի թեկուզ մեկ դրամի ծախսը մանրամասն չուսումնասիրենք, չե՞նք լինի փնթի՝ մեր աշխատանքի հանդեպ: Չէ՞ որ պատասխանատու ենք ամեն ցենտի համար:

Սուքիաս Ավետիսյանի արտահայտությունը նաեւ աղմուկ բարձրացրեց դահլիճում: Նա կրկնեց՝ այո, մեր ազգաբնակչությունը, մենք փնթի ենք եւ դա կապել վարկային համաձայնագրի հետ ճիշտ չէ: Իսկ Թեւան Պողոսյանը նրան ուղղեց. «Փնթիությունը ոչ թե աղբ թափելն է միայն, դա վարքագիծ է. «Ասում եք՝ լավ վարկ է, էժան վարկ է, ինչի ենք այսքան քննարկում: Այ այդ վերաբերմունքը նույն փնթիությունն է, որ մեր աշխատանքին թեթեւ նայենք: Կներեք, բայց այդպես է»:

Փնթիության մասին վեճին միջամտեց Գալուստ Սահակյանը. «Կխնդրեմ մի քիչ տրամաբանական վեճ լինի, առավել եւս, երբ խոսքը գնում է, որ տեղեկատվություն պիտի ստանալ: Օրինագծեր կան, որ ամիսներով ԱԺ-ում են: Ցանկացած պատգամավոր երբեւիցե դիմե՞լ է լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, եւ պատասխանել են՝ ո՞չ: Դա նրանից է, որ պատգամավորը չի պատրաստվում, հենց հանձնաժողովի նիստում կամ այստեղ այդ հարցը բարձրացնում է: Նոր երեւույթ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031