Հայաստանում Լիտվայի դեսպանության, մեղմ ասած, տարօրինակ գործունեությանը կամ, շատ դեպքերում, անգործությանը հայաստանյան մամուլը բազմիցս անդրադարձել է, լուսաբանելով «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի՝ դեսպանությունում եւ դրա շուրջ տիրող իրադարձությունների վերաբերյալ բացահայտումները: Հասարակությանը հայտնի դարձավ դեսպանության աշխատանքի ոչ պարբերական բնույթը, քաղաքացիներին նախապաշարմունքներով վերաբերվելը, փաստաթղթային անորոշությունները, գործունեության բացթողումները, աշխատակիցների գիտելիքների պակասը եւ այլն: Այդ ամենը հայտնի դարձավ ոչ միայն հասարակությանն այլեւ Լիտվայի Հանրապետության բարձր իշխանությանը:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի բազմաթիվ գրությունները հիմք հանդիսացան, որպեսզի ՀՀ ԱԳՆ-ն հանդես գա պաշտոնական գրություններով եւ փորձի ստանձնել ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Այս բոլոր մեղադրանքներին Լիտվայի դեսպանությունը մեծամասամբ չի պատասխանել, չի հերքել ինչը ինքնին նշանակում է ընդունել դրանք: Միակ, բավական անորոշ մեկնաբանություն տրվել է ի պատասխան «Առավոտ»-ի, որտեղից, համենայնդեպս ինձ համար, պարզ դարձավ, որ Լիտվայի դեսպանության աշխատակիցները տիրապետում են եւ պատրաստ են շփվել մի քանի լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, անգլերեն, ֆրանսերեն, լեհերեն, գերմաներեն: Հենց լեզուների իմացության հանգամանքը եւ այդ իմաստով դեսպանության հայտարարությունները նոր բացահայտումների առիթ հանդիսացան: Ավելին, ինչպես խոսքից խոսք է բացվում, այդպես էլ բացահայտումից՝ բացահայտում:
2015թ մարտի 16-ին ՀՀ-ում Լիտվայի դեսպանության պաշտոնական կայքում տեղադրվեց փոքր ծրագրերի ընդունման եւ ֆինանսավորման մասին հայտարարություն: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն եւս որոշեց ծրագիր ներկայացնել: Ծրագրերը պետք է համապատասխանեին մի քանի պահանջների, որոնցից հիմնականը՝ այն անգլերեն լեզվով ներկայացնելն էր (՞): Սահմանված ժամկետում ծրագիրը ներկայացվեց:
Թե ի՞նչ է լինում ծրագրի ներկայացումից հետո, ինչպե՞ս է որոշվում հաղթող ՀԿ-ն կամ անհատը, ո՞վ կամ ովքե՞ր եւ ե՞րբ են դա որոշում դեսպանության կայքի մեջ նշված չէ: Այդ իսկ պատճառով՝ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, դիմեցինք Լիտվայի դեսպանություն: Ֆիքսված հեռախոսակապի միջոցով մեզ հորդորեցին դիմել գրավոր՝ կայքում տեղադրված էլեկտրոնային հասցեով:
Կարդացեք նաև
Ընդունելով թելադրված խաղի կանոնները, հարցերը ուղղեցինք գրավոր: Բավական երկար սպասելուց հետո, անգլերենով (՞) պատասխան ստացվեց, որով առաջարկվում էր նույն հարցերը Լիտվայի դեսպանությանը ուղղել անգլերեն(՞) լեզվով:
Զարմանալին այն էր, որ անգլերենով պատասխանը, որտեղ արտացոլված էր անգլերենով հարցեր ուղղելու պահանջը ուղարկվել էր, ամենայն հավանականությամբ, դեսպանության հայազգի աշխատակցուհու՝ Գայանե Մարգարյանի կողմից՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Ստացվում է, որ կամ Լիտվայի դեսպանությունը պաշտոնապես ստում է, մատնանշելով իր՝ մի շարք լեզուներով հարաբերակցվելու ընդունակությունը կամ նախապաշարմունքով է վերաբերվում ՀՀ քաղաքացիներին՝ չհարգելով նստավայր պետության օրենքները:
Այս պատմության մեջ կան նաեւ տարատեսակ ռիսկեր: Իրոք, եթե հայտարարված է ծրագրերի մրցույթ, ապա պետք է լինի մրցույթը անցկացնող հանձնաժողով՝ ժյուրի, որի գործունեության արդյունքում որեւէ ծրագիր ճանաչվում է հաղթող: Սա աքսիոմ է բոլոր մրցույթների համար: Այլ կազմակերպական ձեւաչափ քաղաքակիրթ աշխարհը չի կիրառում:
Լիտվայի դեսպանության կողմից անցկացվող մրցույթը անհասկանալի է եւ շատ հարցեր է առաջացնում՝ կա՞ արդյոք մրցույթ անցկացնող հանձնաժողով եւ ովքե՞ր են ընդգրկված նրա կազմում, ո՞ր ՀԿ-ներն են մասնակցել մրցույթին եւ ի՞նչ ծրագրերով, ե՞րբ են ամփոփվել կամ ամփոփվելու մրցույթի արդյունքները, ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվելու կազմակերպիչները դրամաշնորհները բաշխելիս:
Հարցերը շատ են: Դրանք չէին լինի եթե Լիտվայի դեսպանության դրամաշնորհային մրցանակաբաշխության գործընթացը թափանցիկ լիներ: Ի վերջո, թափանցիկությունն է արդարության երաշխիքը:
Չի կարող ազնիվ գործընթացը ոչ թափանցիկ լինել: Դրանից բացի՝ ստել եւս չի կարելի:
Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ