«Միկրոէլեմենտների բացակայությունը խիստ բացասաբար է անդրադառնում բնակչության առողջության, եւ որ պետք է առանձնացնել՝ մոր եւ մանկան առողջության վրա»,-այսօր «Հայելի» ակումբում ալյուրը երկաթով հարստացնելու առողջապահության նախարարության նախաձեռնությունն այսպես բացատրեց նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Այս ծրագրին դեմ արտահայտվողները վստահեցնում են, թե մի շարք երկրներ ընդունել են ալյուրը միկրոտարրերով հարստացնելու որոշումը, սակայն դադարեցրել են` հաշվի առնելով վտանգները, ասուլիսի մյուս մասնակից առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանն ասաց. «Դա բացարձակ հերյուրանք եւ սուտ է: Այլ բան է, որ համապատասխան հնարավորություններ չունի, որ լայնորեն կիրառի այն: Ռուսաստանի օրինակն են հաճախ բերում: ՌԴ-ն այսօր ալյուրը հարստացնում է ոչ օրենսդրորեն եւ ոչ մասշտաբային»:
Նախարարության մասնագետների խոսքերով, ալյուրի հարստացման ռազմավարությունը բնակչության առողջության ծրագրերից մեկն է:
«Մենք ունենք 24 տոկոս անեմիայի տարածվածություն: Ալյուրի հարստացումը մի նպատակ է հետապնդում՝ բարելավվել բնակչության առողջությունը»,-ասաց Գայանե Ավագյանը՝ նշելով, թե ԱՆ հիմնական գործառույթներից մեկը բնակչության առողջության պահպանումն է:
Ողջ ասուլիսի ընթացքում սրահի դռների մոտ նախարարության մասնագետներին հակադարձելու համար սպասում էին ալյուրը միկրոտարրերով հարստացնելու նախաձեռնությանը դեմ հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը ու «Հանուն առողջ սննդի նախաձեռնության» անդամ Արման Մխիթարյանը:
Ըստ Խաչիկ Ստամբոլցյանի, նախարարությունը վստահեցնում է, թե աշխարհի 80 երկրում ալյուրը հարստացնում են, «բայց դրանք «Ճ» կարգի երկրներ են». «Կանադայում 4 անգամ ավելացել է քաղցկեղը, ալյուրը հարստացնելուց հետո»,-ասաց պարոն Ստամբոլցյանը:
Կարդացեք նաև
Նա ներկայացրեց լաբորատոր հետազոտության արդյունքները, որոնք վկայում էին այն մասին, որ առաջին կարգի ալյուրում երկաթի պարունակությունը մեկ կիլոգրամի մեջ 10 միլիգրամ է, ինչը բավական է, որպեսզի մարդ ստանա այդ վիտամինը: Մինչդեռ նախարարության մասնագետներն, ըստ Խաչիկ Ստամբոլցյանի, վստահեցնում են, թե բարձր կարգի ալյուրում երկաթը բացակայում է:
Արման Մխիթարյանի խոսքերով, արդեն 4-5 տարի է այս ծրագիրը Հայաստանի երեք մարզերում փորձնական կիրառվում է երեխաների վրա. «Սննդին խառնել դեղամիջոց, դա հակասահմանադրական է»:
Խաչիկ Ստամբոլցյանն ասաց, որ դիմել են Քննչական կոմիտե պատասխանատվության ենթարկելու այն անձանց, որոնք առանց երեխաների ծնողներին տեղեկացնելու փորձ են կատարել նրանց վրա: Պարոն Ստամբոլցյանի խոսքերով, «ֆոլաթթուն տղամարդկանց մոտ առաջացնում է կանացի հորմոններ, բերում է ճարպակալման եւ խեղաթյուրման: Հայաստանում չբերությունը հասել է քսան տոկոսի, սա ոչնչացման ծրագիր է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ