Այսօր՝ մայիսի 20-ին, «Հայելի» ակումբը հյուրընկալել էր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին ու գրականագետ Դավիթ Գասպարյանին: Նրանք քննարկում էին քաղաքաշինության նախարարության նախաձեռնությունը՝ ԲՈՒՀ-երը Երեւանից Գյումրի տեղափոխելու ծրագիրը:
Սաշուր Քալաշյանը համաձայն է նախագծի հեղինակ Գուրգեն Մուշեղյանի բերած բոլոր փաստարկների հետ, ասում է նաեւ, որ հիմա ուսանողները մեքենաներով են դասի գնում, խցանումներ են առաջանում, իսկ Գյումրիում տեխնոպարկ է մշակվել, մարդկային ռեսուրսների խնդիր կա:
Դավիթ Գասպարյանի խոսքով հասարակության մեջ հաճախ վտանգավոր լարումներ են լինում, մարդկանց անհարկի նյարդայնացնում են: «Ես կտրականապես դեմ եմ այդ փոփոխություններին, չէ՞ որ պատմականորեն ձեւավորվել են բուհեր, միայն դասի գնալու հարցը չէ, այլեւ մայրաքաղաքային դաստիարակության, սա աղետալի ծրագիր է»,-կարծում է գրականագետը:
Կարդացեք նաև
Նրա ձևակերպմամբ, ռեկտորները միայն դրական են արտահայտվում, որովհետեւ նրանցից հեշտ է դրական պատասխան ստանալը, այլ կերպ չեն կարող վարվել:
Դավիթ Գասպարյանը կտրականապես դեմ է բուհերի տեղափոխմանը, ասում է. «Դա նույնն է, որ Օսֆորդի համալսարանը տեղափոխեն Լիվերպուլ, այսպես թե այնպես մանկավարժական ինստիտուտ կա Գյումրիում, Վանաձորում, բուհեր ունեն տարբեր մարզեր՝ Սյունիքը, Գորիսը…»
Սաշուր Քալաշյանը կարծում է, որ պետք է օգնել, որ Գյումրին ոտքի կանգնի. «Ես պարոն Մուշեղյանի հետ համաձայն եմ, եւ գիտեմ, որ ամենամեծ վտանգը բնակչության տարհանումն է, դրանցից մեկն էլ երիտասարդության տարհանումն է»:
Դավիթ Գասպարյանը մի օրինակ էլ բերեց. «Ես Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում չորս տարի աշխատել եմ, հիմա ավերակ է: Ուր մնաց երեւանյան բուհերը տեղափոխենք, տեղափոխեցինք՝ ուսման որակն ընկնելու է, շենքային պայմանները բարելավելու են…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ