«Մեզ խիստ մտահոգում է բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողների վիշտը եւ արդարության հասնելու անկարողությունը:
Պահանջում ենք Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանիից կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունները եւ շուտափույթ լուծում տալ որդեկորույս ծնողների արդար պահանջներին»,- այսօր Բաղրամյան 26-ում ի պաշտպանություն սպանված զինվորների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ այս պահանջով ներկայացան տասից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ նախագահից նրանք պահանջում են արագ քայլեր ձեռնարկել զինվորների սպանության դեպքերով հարուցված քրեական գործերին արդար ընթացք տալու, նախկինում թույլ տրված ապօրինությունները վերացնելու եւ արդարությունը վերականգնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
«Պահանջում ենք չհովանավորել բանակի զինվորներին սպանած հանցագործներին, չդառնալ նրանց հանցակից ու չկոծկել հանցագործությունները»,- Հ/կ-ների անունից այսպիսի հայտարարություն արվեց նախագահական նստավայրի դիմաց:
Հայտարարությունից հետո սկսվեց ստորագրահավաք` ի նշան բանակում իրենց որդիներին կորցրած ծնողների:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ