Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի համար համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ առաջնային է. Հ. Նաղդալյան

Մայիս 20,2015 13:04

-Տիկին Նաղդալյան, երեկ և այսօր ԱԺ ոսկեզօծ դահլիճում մեկնարկել և շարունակվում է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը: Ինչ հարցեր են քննարկվում և բարձրացվում եվրոպացի ու հայ գործընկերների կողմից, կխնդրեինք մանրամասնել.

-Այո, ինչպես գիտեք, ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում տեղի ունեցող հանձնաժողովների նիստերից բացի, նիստեր են տեղի ունենում նաև լիագումարների ընդմիջման ժամանակ, և հաճախ լինում են նաև արտագնա նիստեր: Երկու օր է  Երևանում , Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում ընթանում է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են բազմաթիվ ԵԽԽՎ անդամ պատվիրակներ տարբեր երկրներից: Սա հանձնաժողովի ընթացիկ նիստ է, այսինքն՝ իր շարունակական օրակարգով, հարցերի քննարկման համար ԵԽԽՎ կանոնադրությամբ սահմանված քննարկումների հաջորդականությամբ և հերթականությամբ: Բայց նաև, ձևավորված ավանդույթի համաձայն,  նման արտագնա նիստերի ժամանակ անդրադարձներ են կատարվում հյուրընկալող երկրի խնդիրներին և զարգացումներին: Խորհրդարանում տեղի ունեցող  նիստի ժամանակ ևս այս ավանդույթը պահպանվեց.  և՛ ԱԺ նախագահ պարոն Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքում , և՛ իմ խոսքում՝ անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության խնդիրներին՝ ընդգծելով , որ ԵԽԽՎ-ն Հայաստանի հանրապետության համար կարևոր գործընկեր է, և ՀՀ կառավարության գերակայություններից է հանդիսանում ԵԽ-ին անդամակցելու պարտավորությունների կատարումը, մեր երկրում քաղաքական, տնտեսական, իրավական, դատական համակարգերի բարեփոխումները և այլն: Այս բարեփոխումները ներառում են խնդիրների ամբողջական շրջանակ, որոնք սահմանված են ՀՀ-ԵԽԽՎ գործողությունների պլանով:

Բնականաբար, մեզ համար կարևորվում է մոնիտորինգի գործընթացը, համագործակցությունը  մոնիտորինգի համազեկուցողներ Ակսել Ֆիշերի և Ալան Միլի հետ, ինչպես նաև, համատեղ աշխատանքները՝ մեր ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացման համար առաջարկությունների և խորհուրդների ուղղությամբ: Ուզում եմ ընդգծել այն բացառիկ համագործակցությունը, որ ծավալվում է համազեկուցողների հետ և աշխատանքային մոդելը, որ ձևավորվել է վերջին ժամանակներս , այսինքն՝ հանդիպումներ և քննարկումներ ոչ միայն համազեկուցողների երկիր կատարելիք այցերի / 1-2 տարին մեկ անգամ/ ժամանակ, այլև Ստրասբուրգում, յուրաքանչյուր լիագումար նիստի աշխատանքների ընթացքում, պատվիրակության ողջ կազմով հանդիպել և ընթացիկ օպերատիվ քննարկումներ կազմակերպել կոնկրետ, կամ ընթացող խնդիրների ու գործողությունների շուրջ:    Բավական անդրադարձներ եղան նաև Սահմանադրական բարեփոխումներին ինչպես իմ, հրավիրյալ հայաստանյան մասնակիցների, այնպես էլ՝ Եվրոպայի պատվիրակների խոսքում: Ամենակարևորը, թերևս, այն է, որ երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու այս բացառիկ հնարավորությունը չպետք է բաց թողնվի: Եվ այդ բազմակողմանի սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հայաստանյան հասարակության ներսում լայն կոնսենսուսի հիման վրա:

Ե՛վ մենք , և՛ ԵԽԽՎ-ականները, օգտվեցինք ընձեռված հնարավորությունից` համատեղ քննարկման ենթարկելու համար  ՀՀ-ում ընթացող դատաիրավական բարեփոխումները , դատական համակարգի ներկայիս կենսագործունեության պայմանները, մարդու իրավունքների պաշտպանի և նրա գործունեության զարգացումները, ինչպես նաև, սահմանադրական բարեփոխումների ընթացքին և գաղափարախոսությանը առնչվող հարցերը:  Նիստին հրավիրված էին ՄԻԵԴ-ի նախկին դատավոր, ներկայումս ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը, ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, նախկին արդարադատության նախարար  Գևորգ Դանիելյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ովքեր հանդես եկան բավականին ակտիվ քննարկում առաջացրած ելույթներով:

Քննարկումների ընթացքում բացի սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, ընթացքի և հնարավոր լուծումների հարցերից, անդրադարձներ եղան կառավարման համակարգի հնարավոր փոփոխության, դատաիրավական համակարգի աշխատանքին վերաբերող խնդիրների լայն սպեկտրի, փաստաբանական ծառայության , դատավորների վարձատրության, մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատանքներին, կառավարության հետ նրա փոխհարաբերություններին , կանանց և տղամարդկանց իրավահավասարության, ընտանեկան բռնության և այլ հարցերին, և այդ քննարկումներին ակտիվ մասնակցեցին բուլղարացի Յանակի Ստոիլովը , Նիդեռլանդների ներկայացուցիչ Կլաս դե Վրիսը, իտալացի Սերխիո Դիվինան և այլք: Այդ ամենը հնարավորություն ընձեռեց մեր եվրոպացի գործընկերներին ավելի լավ և խորը պատկերացում կազմել հայաստանյան դատաիրավական համակարգի վերաբերյալ:

-Տիկին Նաղդալյան, Դուք հիմնավոր ձևով ներկայացնում եք Հայաստանի արդյունավետ աշխատանքը և համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ, բայց կա նաև ԵԽԽՎ-ի քաղաքական կոմիտեի պարոն Վոլտերի զեկույցը Ղարաբաղի հարցի շուրջ, որի վերաբերյալ մեր պատվիրակությունը հայտարարել է զեկուցողի հետ չհամագործակցելու մասին:

– Միանգամայն ճիշտ եք ՝ մեր պատվիրակությունը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ Ձեր կողմից նշված զեկույցի պարագայում մենք խիստ վերապահում ունենք նման զեկույցի իսկապես օբյեկտիվ, հավասարակշիռ բնույթի վերաբերյալ:

Մենք նշել ենք մի քանի հանգամանք, առաջինը՝ դրանով ԵԽԽՎ-ն ներգրավվում է այն խնդիրների քննարկման մեջ, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասությունն են , քանի որ Մինսկի խումբը միակ միջազգային ձևաչափն է , որը նաև ընդունվում է Եվրոպական Միության կողմից, այն դեպքում, որ ԵԽԽՎ-ն չունի դրա համար մանդատ: Ունենալով փորձ, գիտելիքներ, գործիքներ և պատմություն Մինսկի խումբը բանակցություններ է վարում հակամարտության բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի:  Մենք համարում ենք, որ վտանգվում է տարածաշրջանային խաղաղությունը և բանակցային գործընթացը , ինչպես նաև՝ խորացնում անվստահության մթնոլորտը: Երկրորդ՝ բազմիցս ասել ենք, և սա Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է , որ մենք չենք կարող փոխարինել մեզնով Լեռնային Ղարաբաղը, քանի որ Լեռնային Ղարաբաղը լիիրավ կողմ է , նրա ստորագրությունն է դրված հիմնական փաստաթղթի՝ հրադադարի համաձայնագրի տակ: Հիշեցնեմ, որ Հայաստանն անդամակցելով Եվրոպայի խորհրդին , Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուղղակի պարտավորություններ չունի, և պարտավորված է միայն գործընթացի խաղաղ կարգավորման գործում մեր ազդեցության օգտագործմամբ: Իհարկե, Խորհրդարանական Վեհաժողովը կարող է ներդրում ունենալ խաղաղ կարգավորման գործընթացում, և որպես խորհրդարանական ձևաչափ, պետք է առաջին հերթին անդրադառնա այդ հարցերին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանականների հետ համագործակցության եզրեր գտնելու ճանապարհով, հատկապես, որ ԼՂ-ի բնակչությունը արդեն որերորդ անգամ /նաև վերջին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ/  ցուցադրում է իր հանրային կյանքը ժողովրդավարական ամենաբարձր ստանդարտներին համապատասխան կազմակերպման ունակություն:  Հատկապես, որ ԵԽԽՎ-ն ունի նման հարաբերությունների փորձ Կոսովոյի, Կիպրոսի, Պաղեստինի հետ:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա հայկական պատվիրակության և Հայաստանի համար ստանձնած պարտավորությունները և համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ առաջնային է, և մեր մասնակցությունը շարունակվելու և պահպանվելու է բարձր մակարդակի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031