Լրահոս
Օրվա լրահոսը

Արգամ Աբրահամյան-Հովհաննես Ղազարյան մրցակցությունը կշարունակվի՞, թե…

Մայիս 20,2015 12:45

Հունիսի 7-ին Արտաշատում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Ըստ ԿԸՀ կայքի` կա երկու թեկնածություն` Արգամ Աբրահամյանը` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին («Հայկական ժամանակի» լուսանկարում) և «Հայռուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանը (Գազի Հովո): Նշենք, որ այդ երկու թեկնածուների գերդաստանները, մեղմ ասած, հակասություններ ունեին, մինչև անգամ հաշիվներ մաքրելու գործընթացը հասել էր տաքսի սերվիս այրելուն ու  կրակոցներին: Ուստի մրցում են, կարելի է ասել, վաղեմի հակառակորդները:

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրվել էր ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի հորաքրոջ որդին` Գարեգին Համբարձումյանը: Սակայն նա երկու օր առաջ հանել է իր թեկնածությունը:

Խոսակցություններ կան այն մասին, Հովհաննես Ղազարյանը ևս առաջիկայում կհանի իր թեկնածությունը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` նման մտադրություններ ունի՞: Հովհաննես Ղազարյանը պատասխանեց. «Առայժմ շարունակում եմ պայքարել, չէ՞, երևի, ինֆորմացիա՞ ունեք, որ հակառա՞կն է»: Մեր այն արձագանքին, թե դրա համար էլ փորձում ենք անձամբ իրենից պարզաբանում ստանալ իր մտադրությունների մասին, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Եթե հետ վերցնելու լինեմ, հետ կվերցնեմ: Ես դա ոչ մեկից չեմ հարցնի. ես եմ որոշում: Օրերը կգան, քանի կմոտենան ընտրությունները, տեսնենք, ոնց կլինի»:

Մեր մյուս հարցին` իսկ ի՞նչը կարող է պատճառ դառնալ թեկնածությունը հանելու` հաշվի առնելով մյուս թեկնածուի` վարչապետի որդու հետ ունեցած հակամարտությունները, Հովհաննես Ղազարյանն  արձագանքեց. «Ամեն ինչ հնարավոր է: Ես ինչ ասեմ Ձեզ, ես միտք չունեմ իմ թեկնածությունը հանելու, Դուք անընդհատ դրա վրա եք աշխատում: Ես ինձ համար որոշված գնում եմ առաջ»:

Դիտարկմանը` մրցակցությունը բա՞րդ է լինելու, քանի որ հակառակ կողմում վարչապետի որդին է, Հովհաննես Ղազարյանը պատասխանեց. «Ես արտաշատցի եմ. չգիտեմ` բարդ է, թե թեթև կտեսնենք, ժամանակը ցույց կտա»:

Նշենք, որ իր թեկնածություն առաջադրելու մտադրություններ ուներ նաև Արտաշատի գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Գագիկ Մուրադյանը: Սակայն նա այդպես էլ չառաջադրվեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031