Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյանը՝ հանրաքվեի մասին. «Միջին գյուղերը ներքին դժկամություն ունեն» (Տեսանյութ)

Մայիս 20,2015 12:31

«Այս հանրաքվեն պարտադրանքի ուժ չունի. այն ընդամենը խորհրդակցական նպատակով է իրականացվել, եւ եթե որեւէ բան իրականացվի, պետք է արվի ԱԺ-ում մանրամասն քննարկումից հետո»,- մայիսի 20-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Մայիսի 17-ին համայնքների խոշորացման հանրաքվե էր անցկացվել Հայաստանի երեք մարզերում՝ Սյունիքում, Լոռիում եւ Տավուշում:

Անդրադառնալով հանրաքվեի արդյունքներին՝ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ պատկերը հուշում է, որ միջին գյուղերը ներքին դժկամություն ունեն եւ կողմնակից չեն խոշորացմանը, իսկ փոքր գյուղերը ընդհակառակը՝ կողմնակից են:

Ըստ նրա` Սյունիքի մարզում պատկերը հետաքրքիր է. «Այստեղ համայնքի կենտրոնը պետք է լինի Շինուհայրը, որովհետեւ ամենամեծն է: Իսկ պատմական Տաթեւ գյուղը, որը մեր ժողովրդի կյանքում մեծ հոգեւոր, մշակութային եւ կրթական նշանակություն է ունեցել, պահպանելու է իր անունը, կոչվելու է Տաթեւ համայնք, բայց համայնքի կենտրոնը լինելու է Շինուհայրը: Այս գաղափարը տաթեւցիներին համոզել է, եւ նրանք կողմնակից են, իսկ քանի որ Շինուհայրն է կենտրոնը լինելու, իրենք համակերպվել են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Aravot.am-ի հարցին, թե իր կարծիքով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործոնը չի ազդե՞լ հանրաքվեի արդյունքների վրա, նա պատասխանեց. «Ինչպես մյուս տեղերում փոքր գյուղերը համաձայնություն են տվել: Ուրիշ բան է, որ որոշ մարդիկ ցանկանում են դա կապել Սուրիկ Խաչատրյանի հետ, ես այս դեպքում բացատրում եմ այնպես, ինչպես բացատրեցի: Հոգեբանական վերլուծության կարիք կա. Գյուղացին սիրում է, որ իր գյուղի անունը հնչի: Տաթեւ գյուղն իմացավ, որ իր անունը մնալու է այդ ամբողջ գյուղերի համակարգի վրա, իսկ Շինուհայրը՝ որպես խոշոր գյուղ, իմացավ, որ դառնալու է համայնքի կենտրոն, այսինքն՝ երկուսն էլ համաձայն են, իսկ մնացածը փոքր համայնքներ են, որոնք համակերպվել են. Կյանքը ցույց է տվել, որ իրենց համար ինքնուրույն գործելը շատ դժվար է»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ մարզպետի գործոնը չկա՞, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այստեղ մարդիկ մեկը մյուսի հետ կապում են, իրականության հետ կապ չունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031