Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի պատվիրակության անդամներ. ՀՀ-ում գինեգործության ոլորտն ունի զարգացման լայն հեռանկարներ

Մայիս 20,2015 12:08

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի գինեգործության ոլորտի ներկայացուցիչներին` Հայաստանում խաղողագործության և գինեգործության ներկա վիճակի քննարկման և այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր հեռանկարները նախանշելու նպատակով:

«Ֆրանսիան ունի հարուստ փորձ խաղողագործության և գինեգործության ոլորտներում, և այս ուղղությամբ մենք ակնկալում ենք ֆրանսիացի մասնագետների հետ արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ այս ոլորտների զարգացումն ավելի է կարևորվում` հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Այս կապակցությամբ Սերգո Կարապետյանն ընդգծել է Հայաստանում հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` վերամշակված արտադրանքը հետագայում ԵՏՄ երկրներ արտահանելու և այնտեղ իրացնելու հեռանկարով:

Նշելով, որ միջազգային, այդ թվում` ռուսաստանյան շուկայում մեծ պահանջարկ ունի նաև հայկական կաթնամթերքը, նախարարը կարևորել է համագործակցության զարգացումը պանրագործության ոլորտում:

Տեղեկացնելով, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում ստեղծվելու է տեղական սորտերի վերականգնման և պահպանման այգի, նախարարը հույս է հայտնել, որ այս կարևոր նախաձեռնությունը ևս կհետաքրքրի ֆրանսիացի մասնագետներին:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշել են, որ այցի ընթացքում ծանոթանալով հայ գինեգործության ավանդույթներին, համոզվել են`ՀՀ-ում այս ոլորտն ունի զարգացման լայն հեռանկարներ: Որպես խաղողագործության և գինեգործության բնագավառներում փոխգործակցության ընդհանուր եզրեր` ֆրանսիացի փորձագետները մատնանշել են, մասնավորապես, ֆրանսիական ընկերությունների հետ համատեղ փորձնական ծրագրերի իրականացման, հայկական խաղողի տեսականու դասակարգման նպատակով տեխնիկական կենտրոնի ստեղծման, ինչպես նաև Հայաստանի ներդրումային և արտահանման ներուժի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման հնարավորությունը:

Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ Հայաստանում կատարված դիտարկումների արդյունքներն առաջիկայում կամփոփվեն մեկ փաստաթղթի մեջ և կներկայացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:

Ֆրանսիացի պատվիրակները նաև վստահեցրել են, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները կփոխանցեն իրենց երկրի շահագրգիռ կողմերին` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները հայ-ֆրանսիական գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031