Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր նպատակը բնակչության առողջության ապահովումն է

Մայիս 20,2015 15:30

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացնում է, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում առողջապահության նախարարության գերակա խնդիրը բնակչությանն առողջ պահելն է, իսկ հիվանդության առկայության դեպքում՝ դրա ժամանակին եւ արդյունավետ բուժումը։ Այդ ամենն իրականացնելու համար առավել բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելու նպատակով 2014-ին փոփոխություններ են իրականացվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» մայր օրենքի նախագծում։ Մշակման փուլում է «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, իսկ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի լրամշակված եւ հստակեցված տարբերակի եւ հարակից մի շարք այլ օրենքների նախագծերն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը: Բնակչությանն առողջ պահելու նպատակով ծրագրեր են իրականացվում առողջության առաջնային օղակում։ 2015թ. հունվարից սոցիալական փաթեթի նոր բաղադրիչը միտված է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։ Միայն առաջին եռամսյակում այդ հնարավորությունից օգտվել է շուրջ 6500 շահառու: ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականից սոցփաթեթի 90 հազար շահառուները պետք է ամեն տարի անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, ինչը պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթի մյուս ծառայություններից օգտվելու համար: Միաժամանակ առաջարկվող ծառայությունների ցանկում ավելացել են արտահիվանդանոցային պայմաններում կատարվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Այս ծրագիրը նպատակ ունի փոխելու մարդկանց վարքագիծը, որպեսզի մեզանում եւս կանխարգելիչ նպատակով բժշկին դիմելու մշակույթ ձեւավորվի։ «Առավոտի» հետ զրույցում Վ. Պողոսյանը հավելեց, որ հանրային առողջությանն է միտված նաեւ 2015թ. հունվարից մեկնարկած՝ «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի սկրինինգային մասը, որն ուղղված է արյան գերճնշման, շաքարային դիաբետի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ ախտորոշմանը: 2015թ. հունվարից մինչ օրս սկրինինգային ծրագրով իրականացվել են շուրջ 7 հազար 150 ՊԱՊ թեստի եւ 80.000 զարկերակային գերճնշման հետազոտություններ, իսկ շուրջ 56.000 քաղաքացիների մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը:
Նպատակային ծրագրերից Վահան Պողոսյանն առանձնացնում է «Սրտի անհետաձգելի վիրահատության» նոր՝ կյանք փրկող ծրագիրը (ոչ դեղապատ ստենտի տեղադրում)։ Մայիսի 18-ի դրությամբ այս ծրագրով բուժօգնություն է ստացել 589 քաղաքացի, որից 550-ը ստենտավորվել է, իսկ մյուսների կորոնարոանգիոգրաֆիայի արդյունքներով ստենտավորման կլինիկական անհրաժեշտություն չի եղել։ Բժշկական օգնության եւ սպասարկման որակի, ինչպես նաեւ ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով շարունակվում են ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության մշտադիտարկումները:

Մեր զրուցակիցը շեշտում է, որ նախարարությունը մշտական վերահսկողություն է իրականացնում ինչպես բժշկական ծառայությունների որակի, այնպես էլ դեղերի ապահովման նկատմամբ։ Շաքարային դիաբետով հիվանդներն արդեն տեւական ժամանակ է՝ պետության կողմից ապահովվում են դանիական արտադրության բարձր որակի ինսուլինով՝ շնորհիվ այն բանի, որ 2013թ. վերջին նախարարությունը 5 տարվա պայմանագիր է կնքել «Նովո-Նորդիսկ Ա/Ս» դեղարտադրող կազմակերպության հետ։ Նույն կերպ ՀՀ կառավարության 2015 թ.-ի հունվարի 30-ի թիվ 78-Ն որոշմամբ նախատեսում է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության «Դիաբետոն ՄՌ» 60 մգ դեղի պատշաճ մակարդակով ապահովում անմիջապես արտադրող «Սերվիե» ընկերությունից։
Մանկական մահացության ցուցանիշի աննախադեպ ցածր մակարդակի ապահովումը Վ. Պողոսյանը գնահատում է որպես իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունք։ 2014թ. այն հասցվել է 8,7 պրոմիլլեի (1000 կենդանածնի հաշվարկով), ինչը համապատասխանում է մանկական ցածր մակարդակ ունեցող երկրների ցուցանիշին: «Մանկական մահացության նվազեցման հարցում կարեւոր դեր է ունեցել նաեւ պատվաստումների ընդգրկվածության բարձր ցուցանիշը»,- նշում է փոխնախարարը: Ըստ նրա՝ մայրական մահացության բոլոր դեպքերը հանձնաժողովային վերլուծությունների են ենթարկվում։ Մայրական մահացության ցուցանիշը հաշվարկվում է 3 տարվա կտրվածքով։ 2014թ. ինդեքսը կազմել է 18,4՝ 100 000 կենդանածնության հաշվով (բացարձակ թվով` 9 դեպք):

Անդրադառնալով մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող մյուս ծրագրերին՝ Վ. Պողոսյանը խոսում է նաեւ հիվանդանոցաշինության մասին։ Վերջին 1 տարվա ընթացքում շահագործման է հանձնվել ՀՀ Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոնը, Նավուր, Բագրատաշեն, Քաղցրաշեն, Ակնալիճ եւ Լեռնապատ համայնքներում կառուցվել են ամբուլատորիաների նոր շենքեր, իսկ Բերդավանի ամբուլատորիան հիմնանորոգվել է: Ավարտվել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրու ախտաբանաանատոմիական լաբորատորիայի կառուցման, Արմավիրի մարզի Մեծամորի ԲԿ-ի ամբուլատոր-պոլիկլինիկական մասի վերակառուցման շինարարական աշխատանքները: Բժշկական բոլոր այս հաստատությունները հագեցվել են բժշկական կահույքով եւ սարքավորումներով: 2014թ.-ի տնտեսված միջոցների հաշվին կկառուցվի եւս 5 համայնքային ամբուլատորիա: Շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման եւ Ճամբարակի առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Ավարտին են մոտենում Կապանի եւ Բերդի բժշկական կենտրոնների արդիականացման, ինչպես նաեւ Ոսկեվանի ամբուլատորիայի կառուցման աշխատանքները: ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքում 2016թ.-ին կունենանք տարածաշրջանում եզակի՝ ցողունային բջիջների լաբորատորիա եւ բարձրդեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք՝ վերակենդանացման ծառայությամբ:
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքում տեղակայված Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում տեղադրվել է ցիկլոտրոնային արագացուցիչը։ ՈւՀԿ-ի ստեղծման երկարաժամկետ ծրագրի առաջին փուլում կշահագործվի ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնը:

Նախարարի տեղակալը նաեւ վստահեցրեց, որ Ցեղասպանության ականատես-վերապրածների առողջությանը վերաբերող հարցերը մշտապես ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության ներքո են: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բժշկական օգնություն, դեղեր եւ բժշկական պարագաներ է տրամադրել 28 ականատես-վերապրածի:

2014 թվականին ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 11 հազար 208 հեռախոսազանգ։ Նախորդ տարվա համեմատությամբ այն աճել է մոտ 38%-ով: Պարոն Պողոսյանի կարծիքով՝ սա խոսում է առողջապահության նախարարություն դիմելու եւ համապատասխան լուծում ստանալու քաղաքացիների վստահության մասին:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ առաջին անգամ ՀՀ պետական բյուջեով միջոցներ են հատկացվել՝ ՀՀ կառավարությամբ հաստատված ծրագրով արտասահմանյան առաջատար կլինիկաներում մեր մասնագետների վերապատրաստումները կազմակերպելու եւ այդ կլինիկաների առաջավոր փորձը Հայաստանում ներդնելու համար։ Թեկնածուների ընտրությունը կատարելիս շեշտը դրվում է գլխավորապես մարզային բժշկական կազմակերպություններում աշխատող երիտասարդ բժիշկների վրա։
Միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով Հայաստանում ներդրվելու է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը, ինչպես նաեւ օրենսդրորեն ամրագրվելու են առողջապահական համակարգի զարգացման համար անհրաժեշտ մի շարք եզրույթներ եւ ձեւակերպումներ։

Աշխատանքներ են իրականացվում նաեւ առողջապահական կազմակերպությունների տնօրենների եւ նրանց փոխարինող անձանց հավաստագրման մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ։ Մասնավորապես, պատրաստվում են ՀՀ կառավարության 2011թ. թիվ 992 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է պետական առողջապահական կազմակերպությունների տնօրենների պարտադիր հավաստագրում՝ համապատասխան վերապատրաստում եւ գիտելիքների ստուգում իրականացնելուց հետո։ Հետագայում այս դրույթը օրենսդրական փոփոխությունների միջոցով կներդրվի նաեւ համայնքային ենթակայության եւ մասնավոր բժշկական կազմակերպություններում։ Բոլոր այս միջոցառումները միտված են բարելավելու եւ որակական նոր աստիճանի բարձրացնելու բժշկական կադրերի եւ ղեկավար անձնակազմի մասնագիտական գիտելիքները եւ հմտությունները, որն ուղղակիորեն կհանգեցնի առողջապահության համակարգում բուժօգնության որակի զգալի բարձրացման։

«Մենք փորձում ենք այնպիսի քաղաքականություն եւ չափորոշիչներ մշակել, որոնք հիվանդների համար կապահովեն պատշաճ որակի, մատչելի եւ հասանելի բուժօգնություն, ինչպես նաեւ կնպաստեն բնակչության առողջության պահպանմանը, իսկ բուժաշխատողների համար կստեղծեն արժանավայել ու արդի բժշկագիտությանը համահունչ աշխատանքային միջավայր»,- ասում է Վահան Պողոսյանը։

Լ. Բ. 

«Առավոտ» օրաթերթ
19.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031