Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հանդիսատեսը ֆիլմ դիտել չգիտի»

Մայիս 20,2015 14:30

Ռուբեն Քոչարը՝ իր հաղթանակած
«Իմ անունը Վիոլա է» ֆիլմի եւ կինոյի մասին

Լոս Անջելեսում անցկացվող ամենամյա հեղինակավոր American Film Festival-ում կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի «Իմ անունը Վիոլա է» լայնամետրաժ ֆիլմը 2014թ. ոչ միայն հաղթող ճանաչվեց «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում, այլեւ փառատոնը բացվեց հենց այս ֆիլմով: Վերջինիս հիմնական ֆինանսավորումն ամերիկյան կազմակերպությունների կողմից է, դերասանական կազմն էլ ընտրված է հայ ու արտասահմանցի արվեստագետներից: Այս ֆիլմը 2013թ. շուրջ 2 ամիս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելուց առաջ նույնիսկ որակվեց իբրեւ սկանդալային, ավելին՝ որոշ տեղական հ/կ-ներ հանդես եկան հայտարարություններով, թե այն լեսբուհիների մասին է եւ պետք է անհապաղ արգելել ցուցադրումը: «Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Քոչարն ասաց. «Գուցե նման կարծիք ձեւավորելու գործում դեր էր խաղացել ֆիլմի 3 րոպեանոց տեսահոլովակը, որտեղ խոսք չկա, միայն երաժշտություն է եւ երկու կին ընդամենը պառկած են անկողնում: Կարծում եմ՝ երկու ժամ տեւողությամբ նկարի մասին ճիշտ չէ կարծիք հայտնել ընդամենը գովազդային տեսահոլովակ դիտելուց հետո…»: Կինոռեժիսորը չի ընկճվում, հակառակը՝ հայտնեց, որ ֆիլմը գնել է ֆրանսիական մի կազմակերպություն ու տեղադրել ինտերնետում՝ վճարովի հիմունքներով: Հիմա էլ ռուսներն են հետաքրքրված: Ֆիլմը, ինչպես հեղինակն է ասում՝ հոգեբանական դրամա է, որը պատմում է կնոջ մասին, որը պայքարում է իր իրավունքների եւ ազատության համար:

Viola

Այնուամենայնիվ, ինչո՞ւ ֆիլմը, փաստորեն, չընդունվեց մեզանում: Մեր զրուցակցի պատասխանը պարզ էր ու հասկանալի. «Ես չեմ մեղադրում ոչ մեր կանանց, ոչ էլ տղամարդկանց: Ֆիլմի առանցքներից մեկն էլ նույնիսկ վերաբերում է Հայոց եղեռնին: Դա այն է, ինչը կոչվում է կոպենհագենյան սինդրոմ: 6-7 տարի առաջ Կոպենհագենում առեւանգում են մի մեծահարուստի աղջկա ու փրկագին պահանջում: Մինչ հայրը տեղ կհասցներ գումարը, բռնաբարում են աղջկան: Արդյունքում՝ աղջիկը չի վերադառնում տուն, այլ սիրահարվում է իրեն բռնաբարողին: Ի դեպ, կոպենհագենյան սինդրոմն այսօր դատական պրոցեսների մեջ ընդունված է: Կարճ ասած՝ երբ կնոջը բռնաբարում են, նա հետո սկսում է համակրանք տածել այդ տղամարդու հանդեպ: Ի սկզբանե նման դեպքում խոսում է վախի գործոնը: «Իմ անունը Վիոլա է» ֆիլմում կան պրոբլեմներ, որոնք հենց մեր ցեղասպանությանն են վերաբերում: Այո, բռնության մեջ հայտնված կինը իր գործողություններով ստիպված կարող է անել սխալ քայլեր եւս, այնպես, ինչպես ցեղասպանության ժամանակ թուրքերը կնության առան հայ աղջիկների, վերջիններս էլ վախից ի՞նչ պետք է անեին…»: Քոչարի խոսքերով՝ եթե «Իմ անունը Վիոլա է» ֆիլմին մեր ժողովուրդը չդիմացավ, պատճառաբանելով առկա բաց տեսարանները, դրսում ինձ հակառակն էին հորդորում՝ ինչո՞ւ, այսպես կոչված, բաց տեսարանները չեմ ձգել: Հավելեց նաեւ, թե իրեն ցավ է պատճառում, որ 21-րդ դարի մեր հանդիսատեսը, իր խոսքերով՝ ֆիլմ դիտել չգիտի:

Ռուբեն Քոչարին հիշեցրինք, որ ինքը 27 տարեկանում հրավիրվել է Խորհրդային Միության կինոգործիչների միություն ու ստացել անդամատոմս՝ հայկական ֆիլմերում նորարարության համար: Հարցին, թե այդ նորարարությունը երաժշտական, հիմնականում բալետայի՞ն ֆիլմերն էին, եթե այո, ինչո՞ւ վերջին շրջանում չի անդրադառնում այդ ժանրին, Ռուբեն Քոչարը պատասխանեց. «Գործունեությանս սկզբից՝ 1970-ականների կեսերից, անդրադարձել եմ վավերագրական եւ երաժշտական լիամետրաժ ֆիլմերին, էկրանավորելով Արմեն Սմբատյանի «Լիլիթ»-ը, Չիկ Կորեայի «Հեյ, ո՞վ կա այդտեղ»-ը, Մալերի «Հուշեր»-ը, անվանի ջութակահար Զարեհ Սահակյանցի ղեկավարած «Երեւան» կվարտետին նվիրված նկարը եւ այլն, որոնք 1980-ականներին Մինսկում, Լատվիայում արժանացան գլխավոր մրցանակների: Սա էր ինձ ԽՍՀՄ կինոգործիչների միություն հրավիրելու առիթը»: Մեր զրուցակիցը հավելեց, որ 2000-ից նոր էտապ սկսվեց իր մոտ՝ նկարահանեց լիամետրաժ «Հերոստրատ», «Արահետ», «Մետամորֆոզներ» եւ վերջինը՝ «Իմ անունը Վիոլա է» ֆիլմերը: Ընդ որում, «Հերոստրատը» եւ «Արահետը» արժանացել են Գրան պրիների՝ մեքսիկական եւ բրազիլական կինոփառատոներում: Հարցին՝ իսկ ինչո՞ւ է դադարել երաժշտական ֆիլմ նկարելուց, Ռուբեն Քոչարը հայտնեց, որ սկսել է ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանի մասին պատմող վավերագրական ֆիլմի աշխատանքները եւ մեծ ցանկություն ունի Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով «Երկու արեգակ» միջազգային նախագիծը՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի պրեմիերան նախատեսված է ընթացիկ ամսվա վերջում, վերածել լիամետրաժ ֆիլմի:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031