Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս շարժվեն առաջ Հայաստանն ու Սփյուռքը

Մայիս 20,2015 15:00

Օսմանյան կայսրությունում, ինչպես նաեւ քեմալական Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն այլեւս ետեւում է: Ի՞նչ տվեց այն հայերին եւ միջազգային հանրությանը: Հայաստանն՝ իբրեւ պետություն, դրսեւորեց իր վերաբերմունքը ողջ հայության համար անկյունաքարային հարցի առնչությամբ՝ ո՞վ ենք մենք, ինչպե՞ս ենք տեսնում մեզ 20-րդ դարի պատմության լույսի ներքո, ինչպիսի՞ն է մեր աշխարհընկալման միտքը, ըստ այդմ էլ՝ որքա՞ն հասուն է մեր ընկալումն ու գնահատականը 1915-1923 թթ. իրադարձություններին:

Այս ամենին հետեւում էր ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ Թուրքիայի իշխանությունները: Վերջինս ոչ միայն ընդունել է Ցեղասպանության ժխտման կոշտ ու բազմաշերտ քաղաքականություն, այլեւ ժխտման համար գործի է դրել իր ողջ զինանոցը՝ պատմական կեղծարարությունը, քաղաքական շանտաժը, միջպետական զանազան կապրիզները, տնտեսական ճնշումը, որոշ դեպքերում՝ սպառնալիքը, կրոնական գործոնի թեժացումը, քաղաքական գործիչներին, միջազգային կազմակերպություններին, տարբեր համալսարանների պրոֆեսորներին կաշառելը եւ այլն: Նման փորձ ունի թե՛ անցյալ, թե՛ ներկա Թուրքիան: Ինչպես ասում են՝ ինչ կարողանում են, այն էլ անում են, պարզապես ժամանակներն են այլ:

Նման համակարգված եւ տոտալ ՍՈՒՏԸ բնորոշ էր բարբարոսական ու գաղութատիրական դարերին, ինչից մարդկությունը գիտակցաբար հրաժարվեց՝ հիմք ընդունելով ժողովուրդների համակեցության ժողովրդավարական սկզբունքները: Մարդկությունը հետեւողականորեն հրաժարվում է ժողովուրդների ստրկացման, պատմության խեղաթյուրման բարբարոսական մեթոդներից: Եվ այդ ժողովրդավարական ճանապարհն ընդունում են ազգերը, երկրները, քաղաքները, իրավապաշտպան, կրոնական, հումանիտար կազմակերպությունները, քաղաքական գործիչները, խորհրդարանները՝ աշխարհի բոլոր ծագերում: Նրանք հասկանում ու դատապարտում են 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի հանդեպ կատարվածը: Չէ՞ որ հենց ցեղասպանությունը չճանաչելը պատճառ դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական մետաստազներին՝ հրեաների, սլավոնների ու գնչուների ցեղասպանությանը: Եվ դա տեղի ունեցավ ցեղասպանությունից 20 տարի անց, լուսավորյալ Եվրոպայի կենտրոնում: Այն Եվրոպան չլսեց Հիտլերի՝ այսօր արդեն հաճախ մեջբերվող խոսքերը. «…Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջնման մասին»:

Մենք մտանք Հայոց ցեղասպանության սկզբնահաշվարկից 101-րդ տարին… Ի՞նչ արդյունքներ ենք գրանցել: Ամենակարեւոր արդյունքը, որը մենք այսօր պետք է իմաստավորենք ու գիտակցենք, հետեւյալն է՝ որքանո՞վ է մեր ազգի քաղաքական գնահատականը 2015թ. ապրիլի 2-րդ կեսին ու մայիսի 1-ին կեսին տեղի ունեցած իրադարձություններին ինտելեկտուալ եւ հասուն: Վատիկանը ողջ աշխարհի առաջ մեր հոգեւոր ինքնագիտակցության համար կարեւորագույն բացահայտում արեց: Այն է՝ հայ ժողովրդի մեծագույն մտածողները նաեւ կաթոլիկ աշխարհի հոգեւոր ձեռքբերումն են: Այսպես՝ 1000 տարի անց Հայ առաքելական եկեղեցու հանճարեղ պոետը դարձավ Տիեզերական եկեղեցու դոկտոր, ուսուցչապետ: Այսպիսով, Վատիկանը ոչ միայն մեծապես գնահատեց Նարեկացուն, այլեւ ընդգծեց ժողովուրդների ու եկեղեցիների հոգեւոր կապը: Նարեկացին, որ ծնվել էր Վասպուրականում (Արեւմտյան Հայաստան, այժմ՝ Թուրքիա) եւ գրեթե ողջ կյանքն անց էր կացրել Նարեկի վանքում, որը քիչ է հեռու Վանա լճից (Արեւմտյան Հայաստան, այժմ՝ Թուրքիա) դարձավ հայկական աշխարհի եւ այլ ազգերի ու մշակույթների միջեւ կամուրջ: Չէ՞ որ Ցեղասպանության ընթացքում մենք կորցրել ենք ոչ միայն ավելի քան 1,5 միլիոն հայ, այլեւ արեւմտահայ մշակույթն ու ազգային պատմության կարեւոր հատված. կորցրել ենք ոչ միայն հրաշքով պահպանված ավերակների նախատիպերը գետնի երեսին, այլեւ այն, ինչ գետնի տակ է:

Այսինքն՝ Հայաստանի պատմությունն ամբողջական ու օբյեկտիվ դեռեւս պետք է գրվի: Եվ դա էր ասված Վատիկանում եւ մեր կողմից էլ ընկալվել է, իբրեւ հայ ժողովրդի մշակույթի ու պատմության հանդեպ հարգանքի խոր արտահայտություն: Եվ պատահական չէ, որ նախ՝ ա՛յս հարցն առաջինը դրվեց պատարագի՝ եկեղեցիների այդ զարմանալի հոգեւոր միավորման արարողության ժամանակ: Երկրորդ հարցը՝ Վատիկանի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունումը, արդեն կասկած չէր հարուցում: Վատիկանը՝ մինչ պատմական այդ դեպքի վերլուծությունը, հայտարարեց, որ բացել է իր արխիվները, հետեւաբար՝ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին գիտեն փաստերով, ունեն սեփական, անվիճելի պատմական ապացույցներ՝ 1915-1923թթ. թուրքական իշխանությունների արյունոտ վկայությունները: Վատիկանից հետո Եվրախորհրդարանն անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը՝ Թուրքիային կոչ անելով ուշքի գալ: Հնարավոր է՝ Վատիկանի տպավորիչ ակցիան անուղղակիորեն խթանեց Եվրախորհրդարանին ընդունել «Եվրամիությունում ապրիլի 24-ը հայտարարել հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին» բանաձեւը: Արձագանքեցին Գերմանիան, Ավստրիան եւ Լյուքսեմբուրգը: Եվ դա չափազանց կարեւոր է: Եվ այն, որ Գերմանիան դեռ պետք է անցնի ճանաչման ողջ ճանապարհը, մեր խնդիրն ավելի է արժեւորում: Գերմանիան եւ Ավստրիան չեն բավարարվել միայն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, այլ ընկալում են կատարվածի հանդեպ իրենց երկրների պատասխանատվության ողջ մասշտաբը: Կարեւոր է նաեւ եվրոպական երկրներում իրավական պայքարը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման առումով: Ամեն ինչ խոսում է այն հանգամանքի օգտին, որ աշխարհը մեզնով հետաքրքրված է, մենք հետաքրքիր ենք աշխարհին եւ ունենք զգալի ուժ ու հիմնավորում՝ ներգրավել միջազգային գործընթացների մեջ՝ որպես նորագույն պատմության սուբյեկտ: Հայ առաքելական եկեղեցին բոլոր հայերի հոգեւոր կենտրոն Էջմիածնում, այլ եկեղեցիների հայրերի ներկայությամբ, սրբադասեց Ցեղասպանության անմեղ նահատակներին: Այս առանցքային իրադարձությունները որոշակիորեն ինքնավստահություն հաղորդեցին հայերին: Այդպես էր նաեւ ապրիլի 24-ի անձրեւոտ օրը, երբ Ցեղասպանության զոհերի հուշարձանին իրենց հարգանքը մատուցեցին Կիպրոսի, Ռուսաստանի, Սերբիայի եւ Ֆրանսիայի նախագահները, տարբեր երկրների կառավարական, հասարակական պատվիրակությունները: Չափի մեծագույն զգացումով անցավ այդ զուսպ ու տխուր արարողությունը Ծիծեռնակաբերդի բարձունքին: Այդպիսով՝ Հայաստանը նաեւ իր ծառայություններն առաջարկեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու նաեւ Մինսկի խմբի մշտական անդամ երկու երկրների: Բոլոր այս եւ գալիք՝ միջոցառումներն իրոք բարձրացրեցին ժողովրդի ոգին, ամրապնդեցին բավականին խարխուլ միասնականությունը ազգային ողբերգության շուրջ, որն այլեւս ազգային գաղափար դառնալու միտում ունի: Ժողովուրդը (նաեւ իշխանությունը) հավատաց, որ ինքը միայնակ չէ այս աշխարհում, որ աշխարհում արդարություն կա, եւ հայի կյանքը բարձր գին ունի, ինչպես հարիր է մեծ ու հին պատմություն ու մշակույթ ունեցող ազգին: Բայց առաջանում են կարեւոր հարցեր՝ ինչպե՞ս համախմբվել, հաղթահարել ներքին դեֆորմացիաները: Որքանո՞վ ենք արդար ներազգային կյանքում, այսօրվա Հայաստանում:

Եվ ո՞վ է այն միջին վիճակագրական հայը՝ հայության կրողը, եւ ունա՞կ է նա միավորվել: Եթե այո, ի՞նչ պայմաններում: Ազգի գրեթե 85 տոկոսը մարդիկ են, որոնք հենվում են միմիայն սեփական ուժերի վրա: Հայերը բաժանված են արդեն շատ դարեր: Ինչպե՞ս միավորվել: Հաճախ մեջբերում ենք բոլորիս Չարենցյան հայտնի կարգախոսը, որը ցույց է տալիս, որ միասնությունը անհասանելի նպատակ է…Սակայն բոլոր տեսակներից հայի հենց այդ ինքն իր վրա հույս դնող, ուժեղ տեսակն է հարմարվել ու գոյատեւել մեր ողբերգական պատմության ողջ ընթացքում: Մեր պատմությունն այդ տեսակին սովորեցրել է ընդհանուր գործին նայել մեծ կասկածամտությամբ, նա մշտապես ընդդիմախոս է, նրան ընդհանուր գործի մեջ ներգրավելու համար անհրաժեշտ են հետեւյալ պայմանները՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ եւ ԴՐՎԱԾ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ: Այդ տեսակն ինքնուրույն զարգանալու ունակ չէ, բայց, միեւնույն ժամանակ, նա ազգը պահպանում է ոչնչացումից…Հետեւաբար, անհրաժեշտ է ԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՄԱՆ ՄԻՏՔԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ, ինչը նշանակում է՝ պետք է հեռանանք գավառամտությունից եւ ձգտենք արժանի, լուսավորյալ մարդկանց կողմ: Ազգը միավորելու համար անհրաժեշտ է ներքին էներգիային իրական նպատակին հասնելու հնարավորություն տալ, եւ այդ ժամանակ ազգը կտա իր ողջ սերը: Մի՛ փորձեք հիմարացնել նրան. ազգը խելացի է ցանկացած իշխանությունից՝ թե՛ սեփական, թե՛ այլ… Անհրաժեշտ է օբյեկտիվորեն գնահատել մարդուն՝ հիմարին հիմար ասել, խելացիին՝ խելացի: Մենք մարդկանց արժանիքների գնահատման որակը գլխիվայր շուռ ենք տվել: Օրինակ՝ համեստ մարդը մեզ մոտ գնահատվում է իբրեւ խեղճ, անճարակ:

Այն դեպքում, երբ արժանապատիվ մյուս ազգերի մոտ համեստ մարդը գնահատվում է իբրեւ ուժեղ, կարգին մարդ: Մենք հպարտանում ենք մեր խելքով, իսկ ազգային իշխանությունը ձեւավորում ենք անկուշտ, ագահ, թույլ ինտելեկտով ու անհոգի մարդկանցով: Ցեղասպանություն վերապրած հայերը պետք է կառուցեն սոցիալապես պաշտպանված ժողովրդավարկան պետություն: Եվ ոչ թե թղթի վրա, այլ իրականում: Մենք կարիք ունենք շտկելու ազգի ու պետության ներսում հոգեբանական խեղված ֆոնը: Այո, մենք ազգովի պետք է դառնանք ուրիշ, վերանայենք մարդկանց գնահատելու ու արժեւորելու բաղադրիչները: Պետք է հասկանանք, որ ներկայիս քաղաքական կյանքը կարող է նպաստել մեր խնդիրների լուծմանը, բայցեւ կարող է աշխատել մեր դեմ, եւ մենք պետք է պատրաստ լինենք այդ մարտահրավերներին: Շատ անգամ ենք բաց թողել հնարավորությունները, երբ միջազգային իրավիճակը հօգուտ մեզ էր: Օրինակ՝ Սեւրի պայմանագիրը: Մենք շատ բան չէինք հասկանում թե՛ այն իրականության ժամանակ, թե՛ հիմա: ՄԵՐ ԱԶԳի ՀԻՄՆԱԿԱՆ ՍԽԱԼԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՏԵՍՆԵԼՆ Է: Հաճախ լավ չենք պատկերացնում ու փորձում ենք մեզ համապատասխանեցնել իրականությունը, ու այդպես՝ մեր պատմության բոլոր շրջաններում: Բայց դրանից ոչ թե դաս ենք քաղում, այլ մեր մտքի թուլությունը փորձում արդարացնել նման արտահայտություններով՝ «մեզ խաբեցին», «մեզ հետ ստորաբար վարվեցին», «մենք նրանց արդարորեն ծառայեցինք, իսկ նրանք անամոթաբար մեզ լքեցին» եւ այլն: Ահա պարզ օրինակ՝ 1917թ. հեղափոխության ժամանակ մենք ամենակրթված, ազդեցիկ ու հարուստ ազգն էինք Անդրկովկասում: Ավելի կազմակերպված էինք (խոշոր կուսակցություններ, բարեգործական կազմակերպություններ եւ այլն), քան մեր հակառակորդները:

Սակայն տեսեք՝ ինչ արեցինք. հենց այնպես հանձնեցինք Կարսը, Անդրֆեդերացիայի կառավարությունում ունեինք ընդամենը նախարարական երկրորդական պորտֆելներ: Վրաստանը ցանկացավ բռնազավթել Լոռիի մի մասը, սակայն հակահարված ստացավ: Սակայն վրացիները կարողացան համաձայնության գալ անգլիացիների հետ, որպեսզի մենք Թիֆլիս չմտնենք, բացի դա՝ իրենցով արեցին Ջավախքը: Նույն ընթացքում հայկական Ախալցխան պաշտպանեց իր ազատությունը՝ դիմադրելով թուրքական կանոնավոր բանակին: Իսկ որտե՞ղ էր այն ժամանակ Վրաստանը: Ողջ 19-րդ դարում ռուսական գահին մոտ ազդեցիկ հայերը Պետերբուրգում արեցին ամեն ինչ, որ Ջավախքը մտնի Թիֆլիսի գուբերնիա՝ իբրեւ Անդրկովկասի տնտեսապես ավելի ապահով բաղադրիչի: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այն մի օր կդառնա Վրաստան: Նույն կարճատեսությունը ժամանակին դրսեւորեց նաեւ Ա. Միկոյանը՝ Արցախը կուշտ Ադրբեջանի կազմում ամրագրելով: Մենք վատ գիտենք մեր հարեւաններին եւ շատ հաճախ նրանց զիջում ենք մեր հաշվարկներով: Սա պետք է հիշենք եւ փոխվենք:

Փորձենք հասկանալ ու անաչառ վերլուծել իրականությունը, մեր հնարավորություններն ու ձախողումները, լինել արդար յուրաքանչյուր հային գնահատելիս՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Մեր պատմության ընթացքում հարցերի ճիշտ լուծումները եղել են ազգի ներսում, իսկ ճակատագրական որոշումներ կայացնողները դա ոչ միայն չգիտեին կամ մերժում էին, այլ հիմարություններ էին անում: Գլոբալ ֆորումը հիանալի հնարավորություն էր մեզ համար դրսեւորվել ինչպե՛ս մեր ազնիվ պայքարում, այնպես էլ Ցեղասպանության թեմայում՝ որպես իրավաբանական լիարժեք բաղադրիչ հումանիստական արժեքների համակարգում եւ միջազգային քրեական իրավունքում: Հասարակությունը հավատաց Հայաստանի ազգային-պետական համակարգին: Սա իսկապե՛ս մեծ հնարավորություն է: Ըստ իս՝ այսպիսին են մեր իրականությունն ու խնդիրները: Հիմա՝ ո՞րն է մեր ճանապարհը: Օսմանյան կայսրության ապամոնտաժումից, ապագաղութացումից օգտվեցին կայսրության գրեթե բոլոր ժողովուրդները: Մենք այդ հնարավորությունից չօգտվեցինք: Առջեւում ինտելեկտուալ զարգացման հսկայական ճակատ է: Եթե ժամանակակից Թուրքիան այսուհետ էլ իրեն դրսեւորի այսպես, մենք պետք է ունենանք գործողությունների մշակված ծրագիր թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Դա թույլ կտա իրական երկխոսություն վարել թե՛ աշխարհի, թե՛ թուրք մտավորականության, թե՛ թուրք ժողովրդի առողջ հատվածի հետ, որտեղից էլ դուրս են գալու վաղվա թուրքական իշխանության առաջնորդները: Հենց մտավորականությունը, հատկապես դրա քաղաքական թեւը, պետք է դառնան մեր դաշնակիցը, պետք է կարողանանք մտնել միջազգային ինտելեկտուալ ասպարեզ՝ չիջեցնելով մեր այսօրվա հաջողությունների սանդղակը, որպեսզի հաջողությունները չդառնան պատահականություններ: Պետք է հիշենք՝ չկան անհաղթահարելի արգելքներ: Ամեն ինչ մեր ձեռքերում է:

ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031