Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի պատանեկան հավաքականը աջակցության կարիք ունի

Մայիս 20,2015 14:00

«Ինչ, որտեղ, երբ» խաղի մեր թիմը պարտքով է մեկնել Բելառուս

«Ինտելեկտուալ խաղերի երեւանյան ակումբ» հ/կ-ի նախագահ Եվա Մախմուրյանը (լուսանկարում) «Ինչ, որտեղ, երբ» խաղի թիմերը մարզելու հարուստ փորձ ունի: Նա մարզում է հատկապես «Ինչ, որտեղ, երբ» խաղի դպրոցական թիմերը: «Առավոտի» հետ զրույցում Եվան նշեց, որ ամեն տարի Բելառուսում՝ Գոմել քաղաքում կայանում է Եվրոպայի պատանեկան առաջնություն, այս տարի «Հայաստանի պատանեկան հավաքական» անունը կրթող թիմը եւ մեկ այլ թիմ իրավունք են ստացել ներկայացնել մեր երկիրը: Ակումբի նախագահը հայտնեց, որ ամեն անգամ իրենք իտելեկտուալ մրցույթում ներկայանալու համար ստիպված են լինում տարբեր անձանցից ու կառույցներից գումար հայթայթել, ու դա ոչ միշտ է հաջողվում: Եվա Մախմուրյանը հավելեց, որ այս տարի էլ պարտքով են մեկնում, ընդ որում՝ խմբից ընդամենը 4 հոգի կարող է մեկնել՝ տարբեր պատճառներով՝ գումարած ֆինանսականը: Իրենց անհատներ են աջակցել, նախորդ տարիներին ՀՀ կրթության նախարարությունն էլ է օգնել, այս տարի հնարավոր չի եղել:
Եվա Մախմուրյանը սիրով է խոսում այն երեխաների մասին, որոնց մարզում է. «Շատ լավ երեխաներ են՝ 14-18 տարեկան: Ես պարապում եմ տարբեր տարիքի երեխաների հետ՝ սկսած 12 տարեկանից»:

Eva_Maxmuryan-2

«Ինտելեկտուալ խաղերի երեւանյան ակումբ» հ/կ-ի նախագահի հավաստմամբ, արդեն քանի տարի է՝ Հայաստանի թիմերը մասնակցում են դրսի առաջնությանը, մի քանի տարի ինքն է երեխաներին ուղեկցել: Եվա Մախմուրյանի գնահատմամբ, հայկական թիմերի մակարդակը բավականին բարձր է, բայց դեռ չեն կարող համեմատվել ռուսական, ուկրաինական եւ բելառուսական թիմերի հետ, որովհետեւ նրանք շատ ավելի մարզված են: Չնայած, մեր զրուցակցի խոսքով, վերջին տարիներին մեր թիմերը ավելի են կատարելագործվել, լեզվական խնդիրներ էլ չունեն, քանի որ խաղի լեզուն ռուսերեն է, եւ երեւանյան ակումբում էլ խաղերը ռուսերեն են անցկացվում, որպեսզի երեխաները կարողանան միջազգային հարթակում պատշաճ ներկայանալ: «Ինչ, որտեղ, երբ» խաղին մասնակցությունը, ըստ մեր զրուցակցի, ուղղակի կոփում է երեխաներին, նրանք զարգանում են, նոր փորձ ձեռք բերում, իսկ այլ երկրների մասնակիցների հետ շփումը ազդակ է էլ ավելի առաջ գնալու: Ինչ վերաբերում է «Հայաստանի պատանեկան հավաքական» անունը կրող թիմին, այն ներկայիս կազմով հանդես է գալիս մեկ տարի: Եվայի պատմելով, թիմի միակ աղջիկը հայտնվել է այդ խմբում սիրո շնորհիվ. մինչ այդ նա այլ թիմում էր խաղում, եւ թիմի ավագի որոշմամբ է տեղափոխվել: «Բայց մեծ հաշվով ոչ մեկի սիրտն էլ չի «կոտրվել», քանի որ այդ տարիքում սերը տեւում է երկու շաբաթ, ամենաշատը մեկ ամիս»,- ժպտալով ասում է «Ինտելեկտուալ խաղերի երեւանյան ակումբ» հ/կ-ի նախագահ Եվա Մախմուրյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031