Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Ղազարյան. «Մարզերում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հանդեպ վերաբերմունքն ենք փոխում»

Մայիս 20,2015 13:30

Մայիսի 3-ին լրացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ առիթով «Առավոտը» օրերս կայացած նախարարություն-ՀԱՕԿ բասկետբոլային հանդիպումից հետո զրուցեց նրա հետ:

– Պարոն նախարար: Դուք սպորտում նոր մարդ չեք: Բայց նախարարի պաշտոնն ստանձնելով՝ այս մեկ տարում ի՞նչ խնդիրների հանդիպեցիք, որոնց ծանոթ չէիք:

– Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այդ երկու ոլորտներում քաղաքականություն մշակող եւ իրականացնող պետական կառույցն է: Հետեւաբար, այս գերատեսչությունը ղեկավարող պաշտոնյան պարտավոր է քաջատեղյակ լինել խնդիրներին: Այդ նպատակով նախարարի պաշտոնն ստանձնելու արդեն հաջորդ շաբաթվանից անձամբ եմ այցելում մարզեր, քաղաքներ ու գյուղեր, լինում եմ մարզաբազաներում, մարզադպրոցներում եւ հանրակրթական դպրոցներում, ծանոթանում տեղերում կատարվող աշխատանքներին, լսում մասնագետներին մտահոգող հարցերը եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ հանդիպումներ կազմակերպելով՝ փորձում եմ արդյունավետ լուծումներ տալ դրանց:

– Որքան տեղյակ եմ, արդեն եղել եք հանրապետության բոլոր մարզերում, որոշ տեղեր էլ՝ մի քանի անգամ եք հասցրել լինել: Ի՞նչ կասեք:

– Իմ համոզմամբ, մասսայական սպորտն ու մարզական բարձր վարպետությունը անմիջականորեն կապված են նախադպրոցական հաստատություններում մանուկների շարժողական որակները զարգացնելու եւ հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման մակարդակի հետ: Իսկ վիճակն այնտեղ ընդհանուր առմամբ շատ վատ է, հատկապես՝ մարզային քաղաքներում եւ գյուղերում: Անմխիթար է նաեւ մարզակառույցների մեծ մասի վիճակը, որից շատ բան է կախված: Սակայն այստեղ խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան վատ կամ կիսաբարվոք պայմանների առկայությունն է, որքան գործի հանդեպ մասնագետների պատասխանատու վերաբերմունքն ու մոտեցումները: Հիմա այդ վերաբերմունքն ենք փոխում:

– Ձեր թվարկած խնդիրները վերացնելը մեկ կամ երկու տարվա գործ չէ:

– Նայած ինչը: Մարզեր իմ այցելությունները պարտադիր ավարտվում են մարզպետի, քաղաքապետի, գյուղապետերի հետ հանդիպումով, որին պարտադիր ներկա են լինում թե մարզիչ-մասնագետները, թե ուսուցիչներն ու դաստիարակները: Այդ հանդիպումների ընթացքում բարձրացվում են առկա հարցերը, որոնց մի մասը հենց տեղում քննարկվում եւ համապատասխան լուծում է ստանում:

– Իսկ կա՞ն նոր ծրագրեր, որոնք կյանքի են կոչվել ձեր պաշտոնավարման օրոք:

– Կան ու քիչ չեն: Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ազգաբնակչության բոլոր տարիքային խմբերին առողջ ապրելակերպին եւ սպորտին հաղորդակից դարձնելու նպատակով Երեւանի Ազատության հրապարակում եւ կենտրոնական փողոցներում հատկապես օլիմպիական մարզաձեւերի ցուցադրական ելույթներ են կազմակերպվում, որոնց ընթացքում թե երեխաները, թե ծնողները ծանոթանում են դրանց էությանը, տեղեկանում են նրբություններին, խորհրդակցում մարզիչների հետ, որպեսզի կողմնորոշվեն, թե ինչ մարզաձեւ ընտրել մարզվելու համար: Նախատեսում ենք ցուցադրական ելույթների ընդգրկման շրջանակներն ընդլայնել՝ ներառելով ինչպես մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները, այնպես էլ մարզկենտրոնները եւ հեռավոր ու սահմանամերձ գյուղերը: Առողջ ապրելակերպը քարոզելու լավագույն եւ ամենաարդյունավետ միջոցներից մեկն էլ անձնական օրինակն է: Դրա համար պարբերաբար մրցումներ ենք անցկացնում նաեւ նախարարության աշխատակիցների մասնակցությամբ, ինչը, դատելով արձագանքներից, լավ արձագանք է գտնում: Չեմ բացառում, որ ապագայում ներգրավվեն նաեւ մյուս գերատեսչությունները: Բայց եկեք այսօր այսքանով սահմանափակվենք: Այս եւ մնացած մյուս ծրագրերի մասին ավելի հանգամանալից կխոսեմ իմ պաշտոնավարման մեկ տարվա առիթով մոտ օրերս հրավիրվելիք մամուլի ասուլիսում, կպատասխանեմ լրատվամիջոցներին հետաքրքրող բոլոր հարցերին: Ասուլիսի մասին ԶԼՄ-ներին նախապես տեղյակ կպահենք:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031