Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրոն

Մայիս 20,2015 13:00

-Սուրո՛, լեզուդ հանի…
-Հանի լեզուդ` տեսնենք…
-Սու-րո, Սու-րո, Սու-րո…
Սուրոն մայթեզրին բսնած սնկի պես քաշում էր գլուխն ուսերի մեջ ու դուրս գցում լեզուն… Խայտաբղետ, պուտ-պուտ տղեկների պարսի մեջ Սուրոն կանգնում էր մենակ` իր լեզվի հետ` ճաքճքած, բորբոքված, փսլնքոտ, ժպիտի մեջ ծորացող… Չարաճճի տղեկների աչքերը պսպղում էին նրա դեմքին, փայլատակում հրճվանքով, իսկ Սուրոն ճոճանակի նման նորից հանում էր լեզուն, ձգում ողջ երկայնքով ու կրկին ետ տանում…
Ո՞վ էր Սուրոն, քանի՞ տարեկան էր, որտե՞ղ էր բնակվում… Ինձ հայտնի չէր: Ես տեսնում էի նրան գրեթե ամեն օր` դպրոց, պիոներպալատ, տատի տուն, խանութ` համարյա բոլոր ճանապարհներին: Թվում էր` նա օդի ծվեն է, որին քամին քշում է պատահած ուղղությամբ: Նրա փխրուն կերպարանքը մի ակնթարթ կանգ էր առնում հեռվում, ապա կորչում զվարճասերների ժխորի մեջ… Հարցեր, հարցեր, հարցեր, որոնք հետո ինձ բռնում էին անսպասելի` օրվա տարբեր ժամերին. ո՞վ է նա, ինչո՞վ է ապրում, ինչո՞ւ է այդպիսին… Սուրոն բարձրահասակ չէր, փափուկ-գիրուկ մարմնով: Քայլքն արտասովոր էր` գլորասահ, մեծ լմփոշ վերնաշապիկը առագաստի պես քամուն պարզած: Գլուխը կլոր, գունատ թշերով, սակավ, ետ սանրած մազերով, աչքերի տեղ` երկու կեռ, որոնք ժպտալիս էլ ավելի էին գոգավորվում ու փոս ընկնում թշերի մեջ: Հիմա էլ, ինչպես առաջ, դժվարանում եմ հստակ մտաբերել նրա դիմագծերը. դրանք եւ շատ պարզ էին, եւ միաժամանակ շատ փշրուն, արեւի շողերի նման անբռնելի…Պարի մեր խմբի ու դպրոցահասակ այլ երեխաների համար ամռանը Կիրովականի Երկաթուղայինների այգում բակային ճամբար էին կազմակերպել: Առավոտվա մեր պարտադիր պիոներական տողաններին ավագների շարքում միշտ կանգնած էր լինում նաեւ Սուրոն: Կարմիր վզկապը ուսերին փռած` հպարտորեն ձգվում էր նա բոլորից վեհ ու պարտաճանաչ: Երբեմն Սուրոյին էր հասնում դրոշը բարձրացնելու պատիվը. զսպված ծիծաղների միջով նա անցնում էր դեպի բեմահարթակ, լուրջ ու խրոխտ ձգում պարանը ու դրոշի հետ հայացքով բարձրանո՛ւմ, բարձրանո՛ւմ…

Տողանից հետո Սուրոն նորից ճոճանակի պես հանում ու կախ էր գցում լեզուն` իրեն շրջապատած տղեկների համար` ասես հարմարված, թե դա իր կյանքի պարտականություններից մեկն է… Շուրջկալներից մեկի ժամանակ ես լսեցի, որ Սուրոն «Դաուն» է: Անհասկանալի, անբացատրելի նոր անուն` իմ ու Սուրոյի համար…
-Արա՛, Սուրոն գիտե՞ս՝ երեսուներկու տարեկան ա…,- ասում էր մեկը: Տղեկները բերանները բացած` նայում էին Սուրոյին` չհավատալով լսածներին:
-Հա, հա, հաստատ, մեր հարեւանից եմ իմացել… Հլա նայի՛ր` ինչ տեսակ ա լեզուն, ինչքան գծեր կան վրան… Արա՛…

-Սուրո՛, լեզուդ հանի…
-Հանի լեզուդ` տեսնենք…
Այդ օրը Սուրոն ճամբարի ճաշարանում հայտնվեց մեր սեղանի շուրջ… Նրա ժպիտը արեւի պես օղակել էր սեղանը, ափսեները, նա ժպտում էր՝ սիրահոժար, բոլորիս: Եթե ասեինք` հանիր լեզուդ, Սուրոն նույն ժպիտով կցուցադրեր իր ունեցվածքը, բայց նրան ոչինչ ասող չեղավ… Օդը պակաս էր, Սուրոյի փխրուն կերպարանքը սեղանի դիմաց կշտանում էր, ես` մեծանում… Այդ օրը ես ոչինչ չկերա… Հանգստի ժամին տեսա այգու կարուսելների միջից խնդացող նրա զույգ կեռիկները: Սուրոն երջանիկ էր, աշխարհի բոլոր կարուսելներն իրենն էին: Նավակի մեջ նստած` նա ճոճվում էր իր լեզվի շարժումների պես վստահ` տղեկների հռհռոցից ուրախացած…

Երեկոյան տողանից հետո ճամբարը դատարկվել էր: Այգում արդեն լռել էին կարուսելները: Բոլորը տուն էին շտապում: Սուրոն ծածուկ մի անկյունում թիկն էր տվել: Ծառի ճյուղերի արանքից ընկած լույսը մի պահ լուսավորեց դեմքը, ու նկատեցի, որ կեռիկներից արցունքներ են գլորվում… Սուրոն փշրվում էր այգու մենավոր նստարանի վրա` կաթ-կաթ ընկնելով մեծ լմփոշ վերնաշապիկի գրպանների մեջ…Երկրաշարժից հետո այլեւս երբեք չտեսա Սուրոյին… Ասես լուծվել էր տնակների գորշության մեջ… Դատարկ են հիմա փողոցները Սուրոյի արեւային լույսից… Ասես ոչ թե Սուրոն է պակասել, այլ նրա արեւային տեսակը` փոքրիկ քաղաքից: Գուցե էլի ծնվում են նրա նմաններ՝ կեռ փոսիկավոր աչուկներով, բայց այլեւս փողոցներ դուրս չեն գալիս… Այլ իրենց տներում նստած` մենակ ու մենավոր հեկեկում են…

ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարում` Լուսանկարն ընկերական արխիվից տրամադրել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի բժիշկ Արթուր Սիմոնյանը

 

«Առավոտ» օրաթերթ
19.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Անուշ ջան,կարդացի նյութը ու հիմա մտածում եմ,որ եթե Սուրոն այսօր ապրեր ու այսօրվա հերոս լիներ,նրա աչքերից երբեք արցունքներ չէին թափվի,և տղանենր էլ չէին ծիծաղի վրան,որովհետև այսօր դաունի համախտանիշով երեխաները հանգիստ հաճախում են դպրոց,սովորում իրենց հասակակիցների հետ միասին և վայելում ընկերների ուշադրությունն ու սերը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031