ՀՀ կառավարության պաշտոնյաներից մեկը, ՀՀ գրողների միության նախագահության կողմից երկրի վարչապետին հղված գրության առնչությամբ, երբ զանգահարեց ինձ եւ իր պատրաստակամությունը հայտնեց խնդրի կարգավորման հարցում, ես լրջորեն տրամադրվեցի՝ արդար, հուսադրող ընթացքին։ Ցավոք, փորձություններով լի մեր ժամանակներում, շատերը կորցրել են ազնվական մարդու կերպարը՝ սեփական խոսքի անարժեքությամբ այն ամրագրելով։
Պարոն վարչապետը հարկ չհամարեց գոնե թռուցկորեն հետաքրքրվել՝ ՀՀ գրողների միությունից իրեն հղված գրության ճակատագրով, որի հետեւում մարդ է կանգնած՝ խարդավանքներին ակամա զոհ դարձած բանաստեղծ, որի ստեղծագործություններն արժեւորվել են նաեւ պետական մակարդակով։
Կարծում էի՝ ցեղասպանության տարելիցը նշելուց հետո, վերջապես կանդրադառնան իմ խնդրի արդար լուծմանը. միամտություն… շատերի համար Սիամանթոյի եւ Վարուժանի ջարդված գլուխներն ընդամենը էկզոտիկ դրվագ են՝ համապատկերում, եւ այսօր էլ՝ ոմանք մի ձեռքով ծաղիկներ խոնարհելով՝ լուսավոր տաղանդների հիշատակն են փորձում հարգել, մյուսով՝ նրանց գլուխներն են փնտրում, որ ջարդեն…
Քծնանքի եւ շողոքորթության ժանրում արվեստագետների հայտնի խմբուլիկը թող մոլորության չմատնի, դա իմ ոճը չէ. Հայաստանն էլ ունի մարդկային արժանապատվությունն ամեն ինչից վեր դասող ստեղծագործողներ, որոնք չեն կարող նյութեղեն պաշարների քանակը համադրելով իրենց անվանարկված գոյությանը՝ գոհությամբ ապրել։
Կարդացեք նաև
Որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, Ձեզ պատիվ պիտի համարեիք՝ նույն երկրի ներկայանալի ստեղծագործողներից մեկին սատարելը, ինչը նաեւ ի պաշտոնե էր պարտավորեցնում։
Ինչեւէ։ Եթե այս հղումն էլ ազդակ չդառնա՝ Ձեր ուշադրությունը նշված խնդրի շուրջ հրավիրելուն՝ արժանապատվորեն կշարունակեմ պայքարս իմ դեմ ծառացած խարդավանքների ու սրիկայությունների դեմ՝ ինչը պահանջում է հայ բանաստեղծի իմ նկարագիրը։
Պարոն վարչապետ, մի լվացեք Ձեր ձեռքերը Պիղատոսի պես…
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հայաստանի գրողների միության անդամ
«Առավոտ» օրաթերթ
19.05.2015
Չհասկացանք՝ ինչ է եղել: