Կնոջ հագուստը պետք է համապատասխանի տարիքին եւ խառնվածքին: Ուստի իմանալով ձեր կազմվածքի առավելություններն ու թերությունները՝ ընտրեք ձեզ համապատասխան հագուստ: Համեստ, երազկոտ աղջկան ավելի հարմար է ռոմանտիկ ոճի հագուստ` զարդարված ժանյակներով եւ բոլորածալերով: Աշխույժ, կտրուկ շարժումներ, լայն քայլվածք ունեցող աղջկան խորհուրդ է տրվում հագնել սպորտային ոճի հագուստ: Տարեց կնոջը չի սազում կարճ փեշով կիսաշրջազգեստը կամ մեջքին կապած հաստ գոտին:
Վառ նախշերով հագուստը քողարկում է մարմնի թերությունները, օրինակ՝ չափից լայն կոնքը կամ մեջքի կորությունը:
Բարձրահասակ կանանց խորհուրդ չի տրվում կրել փոքր, իսկ ցածրահասակներին, ընդհակառակը` մեծ պայուսակ:
Գեր կանայք, ինչպես եւ տղամարդիկ, ուղղահայաց գծեր ունեցող հագուստով ավելի բարեկազմ են երեւում: Գերերին խորհուրդ է տրվում նաեւ մուգ գույներ եւ գիրությունը քողարկող հագուստներ, իսկ նախշերով կտորները նրանց համար չեն:
Նիհար կանանց ավելի հարմար են լայն, ճոխ շրջազգեստները: Գունատ մաշկ ունեցողներին ցանկալի չէ կրել սպիտակ, երկնագույն կամ բաց երանգի հագուստ, իսկ վարդագույն մաշկ ունեցողներին խորհուրդ չի տրվում ալ կարմիր ու բալի գույնը:
Սեւ զգեստն ու շարֆն արտահայտիչ են դարձնում դեմքի կնճիռները, իսկ սպիտակ օձիքներն` ընդհակառակը, բացում են մաշկի գույնը, այն դարձնելով հարթ եւ կնոջն առողջ տեսք հաղորդում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
19.05.2015