«Շատ լավ ճանաչելով ե՛ւ Սերժ Սարգսյանին ե՛ւ Գագիկ Ծառուկյանին՝ բացառում եմ, որ նման բան հնարավոր է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով լուրերին, թե իշխանությունները Ծառուկյանի մտերիմներին առեւանգելով ստիպեցին հեռանալ քաղաքականությունից:
Նրա խոսքով, ինքը փետրվարի 12-20 ու մինչեւ մարտի հինգը ամեն օր եղել է Գագիկ Ծառուկյանի կողքին.«Եթե նման բան լիներ, չեմ կարծում, որ որեւէ ակնարկ չաներ, նա հստակ կասեր ինձ: Ճիշտ է՝ իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները օրենքի դաշտից դուրս էին, բայց այդ խնդիրների մասին բացառապես իրենք ասեն, թե որն է իրականությունը: Բայց ես չեմ հավատում ասեկոսեներին, ինչ-որ մեկը ինչ-որ մեկի ասածի հիման վրա եզրակացություն է անում, ես նման լուրերին չեմ հավատում… Բացի դա Գագիկ Ծառուկյանը հեռացել է ակտիվ քաղաքականությունից այս շրջանում՝ ինչ կանի հետագայում, ինքը գիտի: Ենթադրել, որ ընդհանրապես հեռացել է, ճիշտ չէ, քանի որ քաղաքականության մեջ շատ բաներ ասվում են, հետ արվում մեկ ուրիշ բան՝ կախված իրավիճակից: Այնպես որ, ամեն ինչ սպասելի է, ու պետք չէ ժամանակից շուտ մեկին ինչ-որ տեղից ընդհանրապես մեկուսացնել, կյանքը ցույց կտա»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա սանիկի՝ Տիգրան Ուրիխանյանի նոր կուսակցությամբ, պարոն Իսագուլյանն ասաց. «Հայաստանում տեսանք, որ քավոր սանիկ, խնամի հարաբերությունները երբեմն ինչ արտահայտության ձեւեր են գտնում՝ հաշվի առնելով պարոն Ծառուկյանի հետ կապված միջադեպերը: Խնամի, քավոր- սանիկ հարաբերությունները քաղաքականությունից դուրս են: Այստեղ քավոր սանիկությունը կապ չունի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ