Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր ազգը շատ ֆանտազյոր է, բայց ֆանտաստիկ գրողներ չունի». Վահան Թումասյանը՝ բուհերը Գյումրի տեղափոխելու մասին

Մայիս 19,2015 21:07

Գյումրու սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը հասարակական սեկտորի այն եզակի ներկայացուցիչն է, որին օրերս հրավիրել էին քաղաքաշինության նախարարի՝ Գյումրու զարգացմանը նվիրված կոլեգայի նիստին: Նիստին մասնակցել են քաղաքաշինության նախարարն ու նրա տեղակալները, վարչության պետերը, ճարտարապետներ, Գյումրու քաղաքապետը, Շիրակի մարզպետարանի վարչության պետեր, Աժ պատգամավորներ ու ներկայացուցիչներ հանրային խորհրդից:

Ինչպես հայտնի է, զեկուցող, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն առաջարկել էր մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բուհերը, մասնավորապես, ֆիզկուլտուրայի ու գյուղատնտեսության ինստիտուտները տեղափոխել Գյումրի: Սրանով կբեռնաթափեն մայրաքաղաքը ու կնպաստեն Գյումրու երիտասարդացմանը: Ճարտարապետը, ըստ Վահան Թումասյանի, փոխշահավետ առաջարկ է փորձել անել՝ 10 հազար ուսանողի բերելով Գյումրի:

Սակայն Վահան Թումասյանի բնութագրմամբ, սա իրատեսական չէ, ֆանտազիայի ժանրից է: «Ես կողմ եմ իրատեսական ու արագ կյանքի կոչվող ծրագրերին, Գյումրու սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ նման երկարատեւ ծրագրեր, ինչպիսին օրինակ՝ տեխնոպարկն էր, որը փայլուն գաղափար էր, չգիտեմ ինչ էր… միակ արդյունքը եղավ այն, որ ճարտարապետական արժեք ներկայացնող շենքը փրկվեց… Ես ինքս չեմ հավատում, որ հնարավոր լինի բուհեր տեղափոխել, այստեղ հսկայական շահեր կան եւ չեմ կարծում, թե այդ գաղափարը իրագործվի: Սա ֆանտաստիկայի ոլորտից է, հետաքրքիրն այն է, որ մեր ազգը շատ ֆանտազյոր ազգ է, բայց ֆանտաստիկ գրողներ չունի: Ես միշտ զարմացել եմ, թե էդքան ֆանտաստիկ ոլորտից ծրագրեր, գաղափարներ, խոսքեր, բայց մենք ինչի՞ չունենք ֆանտաստիկ լավ գրողներ»:

Ըստ Վահան Թումասյանի, օր առաջ պիտի փրկել Գյումրին, օրհասական հարցեր են կուտակված աղետի գոտում. ուստիեւ «Շիրակ կենտրոնը»  առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Գյումրու զարգացման վերաբերյալ: Ըստ նրա, այն 3000 անօթեւան ընտանիքների, որոնց նկատմամբ պարտավորություն չի վերցնում կառավարությունը բնակարանով ապահովելու, բնակարանի ճակատագրի հարցն անհապաղ լուծվի: Մարդկանց կամ պետք է ասել, որ պետությունը որեւէ ծրագիր կամ ցանկություն չունի, ու այդ դեպքում Գյումրին այլընտրանքային միջոցներ որոնի, օրինակ՝ դիմի աշխարհին, Համահայկական հիմնադրամին, կամ այն տարածքները, որոնք այդ մարդիկ զբաղեցնում են, անվճար օտարվի նրանց այն հույսով, որ երբեւէ կկառուցեն բնակարան: Ի դեպ, Գյումրու քաղաքապետը համաձայն է վերջին գաղափարին: Ըստ Վահան Թումասյանի, իր ներկայացրածը սոցիալական ծրագրերի փաթեթ է, որը միակողմանի չէ, եւ իր մեջ հաջորդաբար պարունակում է նաեւ գյումրեցիների համար աշխատատեղ ստեղծելու հարցը: Եթե օրինակ՝ բնակարանաշինություն է սկսվում, կընդգրկվեն տեղի շինարարները, սա որոշ չափով աշխատատեղի խնդիր է լուծում:

Վահան Թումասյանի տեղեկացմամբ, հաջորդ կոլեգիայի նիստը կհրավիրեն Գյումրիում, որպեսզի քննարկումը ավելի շոշափելի ու արդյունավետ լինի: Մտադրված են նաեւ հանձնաժողովներ ստեղծել՝ հասկանալու, թե որոնք են Գյումրու զարգացման ուղիները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031