Ռուս գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր Զախար Պրիլեպինը մայիսի 19-ին հանդիպեց լրագրողների հետ:
Հարցին, թե Հայաստանի՝ Եվրամիության հետ փաստաթղթի ստորագրումը համատեղելի՞ է Եվրասիական տնտեսական միությունում ստանձնած պարտականությունների հետ, Զախար Պրիլեպինը պատասխանեց, որ այդ երկու ուղղությունները համատեղելի են, միայն պետք է միմյանց շահերը հաշվի առնել. «Ռուսաստանը եւս Եվրամիության հետ փաստաթղթեր կստորագրի: Մաքսային միության կազմում գտնվող երկրները բոլոր հիմքերն ունեն Աֆրիկայի, Չինաստանի, Անտարկտիդայի եւ Մարսի հետ միություններ կազմելու համար: Կարծում եմ՝ դա տրամաբանական է, գլխավորը՝ միմյանց հարգեն»:
Նա հավելեց, Ռուսաստանին եւ Հայաստանին պատմական կապեր են միավորում: Ըստ նրա՝ պատմության ընթացքում առաջացած այդ հարաբերությունները ավելին արժեն, քան մարդիկ կարծում են. «Պատմական, մշակութային համատեքստը հնարավոր չէ հաղթահարել ձեռքի շարժումով: Այսօր՝ Խորհրդային Միության փլուզումից քառորդ դար հետո, մենք հասկանում ենք, որ այդ եվրասիական համատեքստը գոյություն ունի եւ հնարավոր չէ այն չեղյալ հայտարարել ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով կամ հայտարարելով, որ մենք Եվրոպայի կամ Լատինական Ամերիկայի կամ Աֆրիկայի կամ Ասիայի պատմական մասն ենք կազմում: Մենք ընդհանուր չափազանց շատ բան ունենք, մենք երկար ժամանակ միմյանց բարիք ենք արել, ձեռք ենք սեղմել, գրկախառնվել ենք, համբուրվել ենք: Այդ ամենը պատահական չէ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ