Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը այսօր էլ պնդում է, որ նախօրեին Աբովյան քաղաքում Ծառուկյանի թիկնազորի անդամների մասնակցությամբ միջադեպ չի եղել:
Հիշեցնենք, որ նախօրեին 1in.am-ը հաղորդել էր, որ Աբովյանի շուկայի մի խումբ առեւտրականներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից վերջերս Աբովյանում բացված «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի: Եվ ակցիայի ժամանակ Ծառուկյանի թիկնազորը բռնություն է կիրառել առեւտրականների եւ ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ : Այսօր արդեն հեռուստաընկերության տնօրենը նոր մանրամասներ ներկայացրեց հեռուստաընկերության աշխատակիցների ու Ծառուկյանի թիկնազորի՝ երկու սափրագլուխ անդամների միջադեպի մասին:
«Երեկ ասել եմ այն, ինչի մասին տեղյակ եմ եւ այսօր էլ շարունակում եմ ասել նույնը: Որեւէ նման միջադեպի մասին տեղեկատվություն առեւտրականները ինձ չեն տրամադրել, թե Աբովյանի հեռուստաընկերության նկարահանող խումբն ում հետ ինչ խնդիր է ունեցել, չեմ կարող ասել ու ինչից են որոշել, որ այդ մարդիկ առնչություն ունեն Ծառուկյանի հետ: Դա արդեն ոստիկանության պարզելիք հանգամանքներն են, թող պարզեն՝ ինչ է եղել կամ չի եղել: Ավելացնելու բան չունեմ»,- Aravot.am-ին ասաց Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով, առեւտրականներն իրեն ասել են, որ իրենք իրենց կամքով կազմակերպել են իրենց տեղափոխումը ու գնացել են հանդիպել Ծառուկյանի հետ. «Ինչպես կարող էր միջադեպ լինել ու թվով մոտ երկու հարյուր մարդ ընդհանրապես չտեսնեին ու չնկատեին՝ ինչ է տեղի ունեցել: Եթե նկարահանող խումբ է գնացել հավաքը նկարահանելու, ապա գոնե մասնակիցները այդ միջադեպը կամ նկարահանումը տեսած կլինեին, չէին կարող չէ՞ ծառի տակից կամ ծառի վրայից նկարել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ