Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակում կայացած գործարար համաժողովում ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Մայիս 19,2015 19:33

Մայիսի 13-15-ը Թբիլիսիում կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Հակոբյանը, Հայաստանի Զարգացման Հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, Հայաստանի Զարգացման Հիմնադրամի ներդրումների տնօրեն Ավետիս Հովհաննիսյանը, Արարատ Բանկ ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Մայիսի 14–ին, ՎԶԵԲ Կառավարիչների ժողովի լիագումար նիստի ժամանակ, քննարկվել են բանկի առաջիկա 5 տարիների ռազմավարական ուղղությունները, որոնք ընդգրկվել են «2016-2020թթ. Ռազմավարական և Կապիտալ Բազա» փաստաթղթում:

Նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՎԶԵԲ կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել ելույթ-ուղերձով և հայտարարությամբ:

Իր խոսքում էկոնոմիկայի նախարարը նշել է, որ տարեկան ժողովը լավ հարթակ է մտքերի, փորձի փոխանակման առումով: Նա կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես կայուն էներգետիկայի, հանքարդյունաբերության, ՓՄՁ ոլորտներում: Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ Հայաստանի երկարաժամկետ տեսլականն է ապահովել բարձր չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալի հաստատուն զարգացում` ստեղծելով լավագույն պայմաններ գործարարության համար: Նա նաև հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի արդյունավետ համագործակցության խորացմանը` բացահայտելով համագործակցության նոր ուղղություններ:

ՎԶԵԲ տարեկան ժողովների շրջանակում ավանդաբար կազմակերպվում են գործարար համաժողովներ, որոնց ընթացքում նախապես դիմած և ՎԶԵԲ-ի կողմից ընտրված մի քանի երկրների հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իրենց երկրի ներդրումային գրավչությունները պոտենցիալ ներդրողներին:

Մայիսի 15-ին տեղի ունեցած գործարար համաժողովում հայկական պատվիրակությունն առաջին անգամ, «Հայաստան. նոր հնարավորություններ Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում» խորագրի ներքո, ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունը:

Հայաստանի ներդրումային միջավայրի ներկայացման ժամանակ իր ելույթում Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է այսպիսի հեղինակավոր հարթակում ներկայացված լինելը` շեշտելով, որ  տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը կարևոր խթան է դարձել Հայաստանի տնտեսական առաջընթացի  ապահովման համար: Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի և ՎԶԵԲ-ի համագործակցությունն անվանել է հաջողված և արդյունավետ, վկայակոչելով համատեղ աշխատանքի արդյունքում տարբեր ոլորտներում իրականացված ավելի քան 100 հաջողված  ծրագրերը:

Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է միջոցառման մասնակիցներին, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է «Բաց դռների քաղաքականություն»` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ինչը երաշխավորված է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով: Նա նաև խոսել է Հայաստանի կառավարության կողմից իրականացող գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակական բարեփոխումների մասին և հույս հայտնել, որ ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանում բիզնեսը զարգացնելու և կորպորատիվ կառավարման սկզբունքները ու  միջազգային լավագույն փորձը ներդնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, Հայաստանը կարող է գրավիչ ուղղություն լինել ներդրումների  և ներդրողների համար, – եզրափակել է իր խոսքը Հայաստանի էկոնոմիկայի նախարարը:

Կարեն Ճշմարիտյանի խոսքին հաջորդել է Հայաստանի ներդրումային միջավայրին նվիրված շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են գրավիչ լինել ներդրումների և ներդրողների համար:

* * *

ՎԶԵԲ տարեկան համաժողովի շրջանակում մայիսի 14-ին և 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը ունեցել են մի շարք հանդիպումներ:

Մասնավորապես Հոլանդական պատվիրակության ղեկավար Իռեն Յանսենի, հոլանդական խմբի տնօրեն Փոլ Վլաանդերենի և փոխտնօրեն Ռոնալդ Էլխյուզենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ-ի և Հայաստանի կառավարության համագործակցության հետագա հնարավորությունների, Հայաստանում իրականացվող ՎԶԵԲ-ի ծրագրերի ընթացքի, ՎԶԵԲ կառավարման համակարգում նախատեսվող փոփոխությունների և այդ համատեքստում Հայաստանի մասնակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության նոր հնարավորություններին:

Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի(E5P) տնօրեն Անդերս Լանդի և կառավարիչ Եվա Մանիկի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Վերականգնվող Էներգետիկայի հետ կապված ծրագրերը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է համագործակցությունը և պատրաստ է խորացնելու այն, հատկապես, որ տարբեր  բնագավառներում երկիրն ունի մեծ ներուժ: Անդերս Լանդը և Եվա Մանիկն իրենց հերթին նշել են, որ առաջիկայում նախատեսվում է այց Հայաստան, որի ընթացքում, համագործակցության ուղիները հստակեցնելու նպատակով, կլինեն հանդիպումներ տարբեր շահագրգիռ գերատեսչություններում:

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Ռազմավարության և գործառնությունների գծով տնօրեն Աննա Բջերդեի հետ հանդիպմանը քննարկվել է բանկի` Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները:

Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները:

Համագործակցության հնարավորություններն են քննարկվել նաև Քուվեյթի հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարներ Վալիդ Ալ-Բահարի և Յուսեֆ Ղազի Ալ-Բադերի, ինչպես նաև   Standarts and Poor`s կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031