Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունու

Մայիս 19,2015 18:55

Մայիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների  անդամները:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ուրախությամբ նշեց, որ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների  անդամների այցելությունները ՀՀ սփյուռքի նախարարություն ավանդական են դառնում: «Շնորհակալություն ձեր ծանր, հետևողական և պատասխանատու աշխատանքի համար: Հարյուրավոր ծրագրեր են իրականացվել հիմնադրամի օժանդակությամբ, որոնք, իրոք, տպավորիչ են: Ես շատ լավ ճանաչում եմ Սփյուռքը և հասկանում եմ այն դժվարությունները, որ ամեն օր հանդիպում եք հայրենիքի և Արցախի համար աշխատելիս», – հավելեց նա:

Նախարարը կարևորեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված իրադարձությունները, մանրամասն ներկայացնելով կազմակերպված միջոցառումները՝ նշեց, որ այդ միջոցառումները հայ ժողովրդի միասնականության շնորհիվ անցել են բարձր մակարդակով: Նա, մասնավորապես նշեց. «Այս տարին հայ ժողովրդի համար շատ կարևոր է, և մենք բոլորս, մեկ սիրտ, մեկ հոգի դարձած, աշխատում էինք Ցեղասպանության տարելիցի միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու համար: Բոլորի հայացքը Հայաստանին էր ուղղված, և բոլորն ակնկալում էին բարձր մակարդակ ունեցող միջոցառումներ: Բոլորիս մեջ խոսում էր հայի հպարտությունը, ցավն ու խոնարհումը Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: Հայ ժողովուրդը չի լռելու, շարունակելու է իր պայքարը: Թող Թուրքիան գումար չծախսի խաբելու և ժխտելու վրա, թող փոխհատուցի: Մենք խնդիրներ ունենք, որ կարող ենք ազգովի բարձրաձայնել»,- շեշտեց սփյուռքի նախարարը:

Նախարարը խոսեց նաև մշակութային եղեռնի՝ կորցրած եկեղեցիների, դպրոցների, արխիվների, հուշարձանների մասին: Մնացել է միայն հիշողությունը: Պետք է հիշել և պահանջել:

Տեսաշարով ներկայացվեցին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի   միջոցառումները,  մեկուկես միլիոն անմեղ զոհերի սրբադասման արարողությունը»:

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը արգենտինահայ բարերար, Մխիթարյան վարժարանի հոգաբարձուների մարմնի անդամ Կառլոս Փոթիկյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության «Լավագույն կրթօջախ» մրցույթում Մխիթարյան վարժարանի նվաճած՝ առաջին կարգի մրցանակը՝ կարևորելով վարժարանի ուսուցչակազմի ազգանվեր գործունեությունը:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց գերատեսչության գործունեությունը, մանրամասն խոսեց ծրագրերի մասին:

Ներկաները նախարարին հարցեր ուղղեցին Ցեղասպանության պահանջատիրության, հայկական համայնքներում երիտասարդ սերնդին հայ պահելու, հայոց լեզվի պահպանության խնդիրների շուրջ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների   անդամները շնորհակալություն հայտնեցին սփյուռքի նախարարին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը ակտիվ մասնակցելու, սփյուռքը համախմբելու և ոգևորելու համար:

Մայիսի 27-ին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքներին իրենց ակտիվ մասնակցությունը և մեծ ներդրումն են բերում նրա 25 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 22 երկրում: Տեղական մարմինները սերտորեն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև սփյուռքահայ ճանաչված բարերարների և գործիչների հետ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031