Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Թողեք, որ ընդդիմություն կոչված հաճույքը լինի իրական»

Մայիս 19,2015 18:35

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը

ԱԺ ամբիոնից ներկայացել եմ հայտարարությանս թեզիսները միայն, իսկ ամբողջական հայտարարությունը հետեւյալն է.

Քաղաքական խոպանչիների ժամանակը

Մտածում էի՝ խոսեմ, թե ոչ, մանավանդ, աստղագետ ընկերներս խորհուրդ են տվել էս ամիս քիչ խոսել, ասում են՝ քո խոսքը ծանր է, մարդկանց ուղիղ ես նետահարում, զարմանում եմ այս գնահատականի համար, բայց դե, ինքս ինձ չեմ կարող փոխել: Դե, ուրեմն, ասեմ հետեւյալը՝ սիրելի իմ գործընկերներ, ցավով հետեւելով ձեզնից շատերի գործունեությանը, համոզվում եմ, որ քաղաքական դաշտից ներս բարգավաճել եւ ակտիվացել է գործիչների մի տեսակ, որին ես որոշեցի անվանել քաղաքական խոպանչիներ, բացատրեմ՝ մեր շատ հայրենակիցներ մի կտոր ապրուստի համար մեկնում են օտար երկրներ՝ խոպան-հողեր, այսօր, նույնպես մեկնում են, ցավոք եւ ի ամոթ մեզ, մեկնում են, որովհետեւ չենք կարողանում նրանց ապահովել արժանապատիվ աշխատատեղերով: Այսօր քաղաքականության մեջ եւս մեր խոպանչի եղբայրներն ու քույրերը ակտիվացել են, ինչու իզուր մեկնեն հեռու, երբ հայրենի խորհրդարանի պատերի ներսում ավելի ապահով է,  քաղաքական խոպանչիությամբ զբաղվելու պարարտ հող կա, չհաշված փիառ նկարահանումները, լուսաբանողները եւ «պադագրեւ» անողները, ազատ եք, զբաղվեք ձեր խոպանչիությամբ, բայց ճիշտ կանեք՝ թարգեք էդ գործը, քանի որ դա խանգարում է մեր հասարակությանը, մարդիկ լսում են ձեզ, ոգեւորվում են, երբեմն հույս են կապում ձեզ հետ , բայց եւ արագ հիասթափվում են, քանի որ հասկանում են, դուք ոչ թե իրենց դարդն ու ցավն եք լացում, այլ՝ ձեր սեփական եւ որքան բարձր եք բղավում կամ որքան շնչակտուր ե ք հերկում ձեզ բաժին հասած խոպանը, այնքան վարձատրությունը մեծ է: Ըմբռնելով այս ամենի պերճանքն ու թշվառությունը ուզում եմ խնդրել, մի արեք բաներ, որոնք հրահանգում են անել մեր երկիրը խոպան դարձրածները,մի դարձեք չարության եւ վատի սերմնացաններ, մի այլասերեք հավատի այն վերջին փշրանքները, որոնք դեռ կան, թողեք մարդիկ ինքնուրույն կողմնորոշվեն եւ ապրեն իրենց հարազատ հողի վրա:

Թողեք, որ ընդդիմություն կոչված հաճույքը լինի իրական, մի աղավաղեք այն, իրար վրայից մի փորձեք պոկել ընդդիմադիրի վեղարը:

Սա՝ խոպանչիների մասով, իսկ տերեւների մասին առակները մեջբերելիս էլ ասեք ամբողջ տեքստը՝ ահավասիք.

-Կանաչ ծառի տերեւը, տերեւը,

Ծառի կանաչ տեւերը, տերեւը…

Սա իմ երբեւէ լսած ամենահանճարեղ տաֆտալոգիան է, այո, կան բազմագույն տերեւներ, բայց կա նաեւ տերեւաթափ, որը միշտ չէ, որ լինում է աշնանը, մի մոռացեք այս մասին եւ խոպան-հողերը հերկեք սեփական գութանով, թույնի փոխարեն, փորձեք քրտինք թափել, եթե դեռ ունեք, ձեզ մատուցված գործիքները ժանգոտել են այլեւս եւ հողի հերն անիծում ենք նորից ու նորից:

Հասկանում եմ, եթե իշխանության ներկայացուցիչ ես, լեզուդ պիտի կարճ լինի, քանի որ 13-րդ դարի եկեղեցին էլ է իշխանությունը քանդել, նորմալ է, բայց, այ սիրելի ընդդիմություն, մի քիչ գեղարվեստի մեջ կատարեք ձեր դերը, գյոզալ դերը էժանացնում եք….

Վերջում ամենակարեւորի մասին՝ այո, շատ վատ է եւ ամեն ինչ պիտի փորձենք անել, որ էներգիան չթանկանա, որ մեր ժողովրդի հաշվին հարստացածները պատժվեն, որ մարդկանց ծեծող, աչքը հանող եւ այլ սրիկայություններ անողները, անկախ նրանից ինչ ծառի պտուղ են, կանգնեն դատարանի առաջ: Շատ վատ է, այո եւ պիտի փորձենք անել այնպես, որ մարդիկ իրենց երկրից չգնան, որ հավատան իրենց վաղվա օրվան, իսկ խոպանը ի վերջո պիտի դարձնենք բերրի, քանի որ այս քաղաքական դաշտով հեռուն չենք կարող գնալ պիտի հողը պարարտացնենք , իսկ ամենագլխավորը՝ էդ հողը պարտավոր ենք սիրել, ուրիշը չունենք….

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031